Կարո՞ղ է Արհեստական բանականությունը (ԱԲ) փոխարինել ուսուցիչներին․ պատասխանն ավելի բազմաշերտ է, քան թվում է առաջին հայացքից։

Ուսուցիչներն ընդդեմ արհեստական բանականության թեմայով քննարկումները 2026 թվականին զգալիորեն աշխուժացել են, քանի որ ԱԲ-ն շարունակում է վերափոխել գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած բիզնեսից մինչև առողջապահություն, իսկ կրթական համակարգը կանգնած է կարևոր շրջադարձային փոփոխությունների առաջ։ Կարո՞ղ է ԱԲ-ն փոխարինել ուսուցիչներին։ Իսկ արդյո՞ք դա նպատակահարմար է։ Կուտակվող փորձը և հետազոտական տվյալները մատնանշում են հստակ ուղղություն․ կրթության ապագան մարդու և տեխնոլոգիայի միջև ընտրություն կատարելու մեջ չէ, այլ դրանց ուժեղ կողմերը միավորելու մեջ է, որպեսզի ձևավորվի առավել արդյունավետ և որակյալ ուսումնառության միջավայր ուսանողների համար։

Արհեստական բանականության (ԱԲ) աճը կրթության ոլորտում

Արհեստական բանականությունը կրթության մեջ այլևս ապագայի տեսլական չէ․ այն արդեն իրականություն է։ Կանխատեսվում է, որ մինչև 2034 թվականը համաշխարհային շուկայում կրթության ոլորտում ԱԲ կիրառման ծավալը 2024 թվականի 5.18 միլիարդ դոլարից կհասնի ապշեցուցիչ՝ 112.3 միլիարդ դոլարի։ Ուսուցման գործիքներից մինչև անհատականացված ուսուցման հարթակներ՝ ԱԲ ինտեգրումը փոխում է տեղեկատվության ընկալման, մշակման և ամրապնդման ձևը ուսանողների կողմից։

Այսօր ուսուցիչների շուրջ 60%-ն արդեն կիրառում է ԱԲ գործիքներ իրենց դասարաններում՝ ամենօրյա գործընթացներն ավտոմատացնելու համար, ինչպիսիք են բազմակի ընտրությամբ թեստերի գնահատումը, ուսանողների առաջընթացի վերահսկումը և վարժությունների գեներացումը։ Այստեղ ԱԲ դերը ավտոմատացումը չէ, այլ ընդլայնումը․ տեխնոլոգիան ուժեղացնում է ուսուցչի դերը, ոչ թե փոխարինում նրան։

Ո՞ր ոլորտներում է Արհեստական բանականությունն (ԱԲ) առավել արդյունավետ

Արհեստական բանականությունն առավել արդյունավետ է այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է մշակել մեծածավալ տվյալներ, ապահովել միատեսակ և շարունակական հետադարձ կապ լայն մասշտաբով, ինչպես նաև օպերատիվ կերպով հարմարեցնել ուսուցման ընթացքը փոփոխվող կարիքներին։ Ահա այն ուղղությունները, որտեղ ԱԲ-ի աջակցությամբ ուսուցումն իսկապես առանձնանում է․

Անհատականացված ուսուցման ուղիներ․ ԱԲ համակարգերը վերլուծում են ուսանողների առաջադիմության օրինաչափությունները, բացահայտում գիտելիքների բացերը և ավտոմատ կերպով կարգավորում նյութի բարդության մակարդակը։ Օրինակ՝ Squirrel AI ընկերությունն անհատականացված ուսուցման ուղիների շնորհիվ բարձրացրել է ուսանողների հարցերի ճիշտ պատասխանների ցուցանիշը 78%-ից մինչև 93%՝ ներկայումս սպասարկելով ավելի քան 24 միլիոն ուսանողի։

Ակնթարթային հետադարձ կապ․ Ի տարբերություն դասական կրթական միջավայրի, որտեղ ուսանողները կարող են օրեր սպասել գնահատված առաջադրանքներին, ԱԲ-ն տրամադրում է անմիջական արձագանք։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին տեղում ուղղել սխալները և ամրապնդել իրենց գիտելիքները։

Տվյալահենք վերլուծություն․ ԱԲ-ով աշխատող հարթակները, օրինակ՝ Carnegie Learning-ի MATHia-ն, վերլուծում են ոչ միայն այն, թե արդյոք ուսանողը ստացել է ճիշտ պատասխան, այլև՝ ինչպես է նա մտածել և հասել այդ լուծմանը։ Այսպիսի խորքային լայնածավալ վերլուծությունները ձեռքով հավաքագրելն ու իրականացնելը գրեթե անհնար կլիներ։

Մասշտաբայնություն․ ԱԲ վրա հիմնված անհատականացված ուսուցման գործիքները կարող են միաժամանակ սպասարկել հազարավոր ուսանողների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հարմարեցված ուսուցման ուղին։ Սա այնպիսի հնարավորություն է, որը որևէ ուսուցիչ ֆիզիկապես չի կարող ապահովել։

Ի՞նչ են կարող ուսուցիչներն անել, որն Արհեստական բանականությունը (ԱԲ) չի կարող

Չնայած Արհեստական բանականության տպավորիչ հնարավորություններին, ուսուցիչները դասարան են բերում մի արժեք, որն անհնար է փոխարինել․ հուզական ինտելեկտ, մենթորություն և ներշնչելու կարողություն։

Դասարանի «զգացումը»․ Ուսուցիչները կարողանում են կարդալ նուրբ սոցիալական ազդակները, որոնք մատնանշում են ուսանողի ներգրավվածությունը, շփոթվածությունը, հիասթափությունը կամ ոգևորությունը։ Նրանք կարողանում են անմիջապես փոխել իրենց մոտեցումը՝ հիմնվելով ոչ միայն տվյալների, այլ մարդկային ինտուիցիայի և համակրանքի վրա։

Համատեքստի ըմբռնում․ Ուսուցիչը հասկանում է, որ ուսանողի առաջադիմության անկումը կարող է պայմանավորված լինել անձնական կամ ընտանեկան հանգամանքներով, այլ ոչ թե գիտելիքների բացով։ ԱԲ-ն տեսնում է օրինաչափություններ, իսկ ուսուցիչները տեսնում են մարդկանց։

Մենթորություն և օրինակելի դեր․ Ուսուցիչները հանդիսանում են մենթորներ և օրինակելի կերպարներ՝ նպաստելով սոցիալ-հուզական զարգացմանը, քննադատական մտածողությանը և այն մտավոր հետաքրքրասիրությանը, որը որևէ ալգորիթմ չի կարող վերարտադրել։

Համագործակցության խթանում․ Խմբային քննարկումները, բանավեճերը, նախագծահենք ուսուցումը և համադասարանցիների հետ համագործակցությունն առավել արդյունավետ են հմուտ մանկավարժի ուղղորդմամբ։ Այս փոխազդեցությունները ձևավորում են հաղորդակցման հմտություններ, թիմային աշխատանք և ստեղծարար մտածողություն։

Երկուսի լավագույն համադրությունը․ ուսուցիչների և Արհեստական բանականության (ԱԲ) հավասարակշռված ինտեգրումը կրթության մեջ

2026 թվականի տվյալները ցույց են տալիս, որ ուսուցիչներ — ԱԲ համադրությունն ապահովում է ուսանողների առավել բարձր արդյունքներ։ AIPRM-ի զեկույցի համաձայն՝ ԱԲ-ով աշխատող ուսուցման համակարգեր կիրառող ուսանողների թեստային արդյունքներն աճել են 62%-ով։ Սակայն այս աճն առավել նշանակալի է եղել այն դեպքում, երբ ԱԲ կիրառումը զուգորդվել է ուսուցչի ակտիվ ներգրավվածությամբ։

Ահա թե ինչպիսին է ուսուցիչ–ԱԲ արդյունավետ համագործակցության մոդելը․

1. ԱԲ-ն ստանձնում է ծավալուն և ժամանակատար աշխատանքը
ԱԲ-ն աջակցում է դասապլանների մշակմանը, ուսումնական արդյունքների հստակ ձևակերպմանը, ուսումնական նյութերի և առաջադրանքների պատրաստմանը, ինչպես նաև տարբերակված գործունեությունների առաջարկմանը՝ կրճատելով ուսուցչի նախապատրաստական աշխատանքի ժամանակը 50–70%-ով և միաժամանակ ապահովելով բովանդակության որակն ու համակարգվածությունը։

2. Ուսուցիչները կենտրոնանում են ամենակարևորի վրա
Վարչական և տեխնիկական առաջադրանքների մի մասը փոխանցելով ԱԲ-ին՝ ուսուցիչներն ավելի շատ ժամանակ են ունենում իրենց հիմնական առաքելության համար՝ ուղղորդել ուսանողներին, վարել բովանդակալից քննարկումներ, ապահովել հուզական աջակցություն և զարգացնել քննադատական մտածողություն։ Ուսուցիչների 69%-ը նշում է, որ ԱԲ գործիքները բարելավել են իրենց դասավանդման մեթոդները, իսկ 55%-ը փաստում է, որ ստացել են ավելի շատ ժամանակ՝ ուսանողների հետ անմիջական աշխատելու համար։

3. ԱԲ-ն խորացնում է անհատականացումը
ԱԲ համակարգերը շարունակաբար վերլուծում են ուսանողների պատասխանները, բացահայտում գիտելիքների բացերը և համապատասխանաբար կարգավորում ուսումնական նյութի մակարդակն ու բարդությունը։ Միաժամանակ՝ ուսուցիչները տվյալների այս վերլուծությունը դիտարկում են յուրաքանչյուր սովորողի կրթական առաջընթացի, անհատական կարիքների և սոցիալական համատեքստի շրջանակում՝ ապահովելով նպատակային և անհատականացված աջակցություն։

4. Ուսուցիչները ապահովում են ԱԲ-ի էթիկական և քննադատական կիրառումը
Ուսուցիչները առանցքային դեր ունեն ուսանողներին ուղղորդելու՝ ԱԲ գործիքները կիրառելու գիտակցված և քննադատական մոտեցմամբ։ Նրանք օգնում են սովորողներին հասկանալ և վերլուծել ԱԲ-ի կողմից գեներացված բովանդակությունը, տարբերակել վստահելի և ոչ վստահելի աղբյուրները, ինչպես նաև ձևավորել թվային և մեդիա գրագիտության այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթական և մասնագիտական ողջ ճանապարհի ընթացքում։

Մարտահրավերներ, որոնց պետք է արձագանքել

ԱԲ-ուսուցիչ արդյունավետ համագործակցության ուղին զերծ չէ դժվարություններից․

Քննադատական մտածողության հետ կապված մտահոգություններ․ Ուսուցիչների 70%-ը մտահոգված է, որ ԱԲ-ի լայն կիրառումը կարող է թուլացնել սովորողների քննադատական մտածողության և հետազոտական հմտությունները։ Սա ուսուցչի՝ որպես քննադատական մտածողության ձևավորման և ուղղորդման առանցքային դերակատարի նշանակությունն ավելի է ընդգծում։

Մարդկային կապի նվազում․ Ուսանողների կեսից ավելին նշում է, որ դասապրոցեսում ԱԲ-ի օգտագործումը երբեմն թուլացնում է իրենց և ուսուցչի միջև կապը։ Հավասարակշռված մոտեցման ընտրությունը այստեղ վճռորոշ է։

Պատրաստվածության բաց․ Ուսուցիչների և սովորողների կեսից պակասն է ստացել որևէ համակարգված վերապատրաստում կամ մեթոդական ուղղորդում իրենց կրթական հաստատությունների կողմից՝ կրթության մեջ ԱԲ-ի կիրառման վերաբերյալ ։ Մասնագիտական զարգացման ուղղությամբ ներդրումները կարևոր պայման են հաջող ինտեգրման համար։

Հավասարության և հասանելիության խնդիր․ Ոչ բոլոր դպրոցներն ու սովորողներն ունեն հավասար հասանելիություն ԱԲ-ով աշխատող գործիքներին, ինչը կարող է խորացնել կրթական անհավասարությունը։

 «Ուսուցիչն առաջնային դեր ունի» ԱԲ մոտեցումը

2026 թվականին կրթության ոլորտում ԱԲ-ի ամենահաջող ներդրումներն իրականացվում են «ուսուցիչն առաջնային դեր ունի» սկզբունքով։ Այս մոտեցումը ուսուցիչներին դիտարկում է որպես փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժ, իսկ Արհեստական բանականությունը՝ որպես նրանց ձեռքում գտնվող հզոր գործիք։

ԱԲ-ի կիրառմամբ լրացուցիչ ուսուցման և անհատական աջակցության լուծումները զարգանում են ոչ թե ուսուցիչներին փոխարինելով, այլ նրանց աշխատանքը լրացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով։ Դրանք առաջարկում են կարճ, նպատակային առաջադրանքներ և արագ հետադարձ կապ, որոնք նվազեցնում են ուսուցչի ծանրաբեռնվածությունը և սովորողին աջակցում հենց այն պահին, երբ նա դրա կարիքն ունի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորողների կրթական առաջընթացը առավելապես պայմանավորված է ուսուցման կազմակերպման որակով, կրթական առաջնորդությամբ և ուսուցչի մասնագիտական ներգրավվածությամբ, այլ ոչ թե դպրոցում ընտրված ԱԲ գործիքի տեսակով։

Եզրակացություն

«Ուսուցիչ, թե՞ Արհեստական բանականություն (ԱԲ)» քննարկումը ստեղծում է կեղծ հակադրություն։ Փաստերը խոսում են հստակ․ ո՛չ ուսուցիչը, ո՛չ էլ ԱԲ-ն առանձին չեն կարող ապահովել առավել արդյունավետ ուսումնառություն։ Իրական առաջընթացը հնարավոր է երկուսի մտածված և ռազմավարական համադրությամբ՝ ԱԲ-ի վերլուծական կարողությունն ու մասշտաբայնությունը համատեղելով մարդկային այն անփոխարինելի արժեքների հետ, ինչպիսիք են կարեկցանքը, մենթորությունը և ներշնչելու կարողությունը։

ԱԲ-ն արդեն էական դեր ունի կրթության մեջ։ Պետք է հասկանալ, թե որքան պատրաստ ենք մեր ուսուցիչներին հնարավորություն տալ լիարժեք օգտագործելու դրա ներուժը, որքան խոհեմ և պատասխանատու ենք այն ինտեգրում դասապրոցեսում, և որքան հետևողական ենք այն հարցում, որ յուրաքանչյուր սովորող օգտվի այս համադրության առավելություններից։

Ուսուցման ապագան մարդ + ԱԲ համադրությունն է։ Եվ այդ ապագան սկսվում է ուսուցչի հզորացումից։