«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է տեխնոլոգիական հմտությունների զարգացման բազմաթիվ դասընթացներ, նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել տեխնոլոգիական կրթությունն ու խթանել ՏՏ ոլորտ նոր մասնագետների ներգրավումը Հայաստանում, հատկապես՝ մարզերում։

Նման նախաձեռնություններից է ՁԻՀ-ի կողմից Գյումրիում վերջերս կազմակերպված «Ծրագրավորման հիմունքներ» մեկամսյա դասընթացը։

Այս դասընթացի շրջանակում մասնակիցները նախ սովորել են HTML և CSS լեզուները Sololearn հարթակի միջոցով, որը թույլ է տալիս ինքնուրույն ուսումնասիրել ծրագրավորման լեզուներ։ Դասընթացի Sololearn-ով ուսուցման փուլը հաջողությամբ ավարտելուց և ավարտական վկայական ստանալուց հետո, մասնակիցներն ուսումնասիրել են JavaScript՝ Վազգեն Գալստյանի դասավանդմամբ և աշխատել մենթորների հետ։

Sololearn հարթակի միջոցով թեմայի նյութերն ինքնուրույն ուսումնասիրելով, դասընթացի մասնակիցները հնարավորություն են ստացել դառնալ ավելի ստեղծագործ և հետաքրքրասեր: Գևորգ Գևորգյանը, Գևորգ Մովսեսյանը, Գայանե Գևորգյանը, Սերգեյ Ալավերդյանը, Մարինե Իսրայելյանը և Գայանե Շախբեկյանը, ովքեր հաջողությամբ ավարտել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը, ներկայում ակտիվորեն ներգրավված են որպես դասընթացի մենթորներ։

Մենթորությունը նրանց թույլ է տվել ավելի խորությամբ սովորել ծրագրավորում,  վերանայել և ամրապնդել իրենց մասնագիտական գիտելիքները: Որպես նախկին մասնակիցներ իրենց ձեռք բերած փորձառության շնորհիվ նրանք առավել խորն են ընկալել տարբեր մարտահրավերներ։ Իսկ հետևողականորեն առաջադրանքների կատարման և մասնակիցներին անհատական աջակցություն ցուցաբերելու միջոցով՝ դյուրացրել նոր թեմաներ ընկալելու գործընթացը:

Դասընթացի մասնակիցներից Մանե Ղուդրատյանը նշել է. «Sololearn-ով սովորելը բավականին հեշտ էր, քանի որ նյութերը տրամադրվում էին հասկանալի ձևով։ Վազգեն Գալստյանի գլխավորությամբ բարդ թեմաներ ենք սովորել»։

Մեկ այլ մասնակից՝ Շողիկ Նազարեթյանը Sololearn-ի հարթակում սովորելը ևս բավականին արդյունավետ է համարում: Նրա խոսքով, հատկապես օգտակար է եղել մեկնաբանությունների բաժինը, քանի որ այն օգնել է իրեն հասկանալ բազմաթիվ նոր թեմաներ։

Ուսուցման գործընթացի մասին իրենց մտքերով կիսվել են ևս երեք մասնակիցներ։ «Նյութերը տրամադրվել են անգլերենով, ուստի սա լավ հնարավորություն էր նաև իմ լեզվական գիտելիքները բարելավելու համար»,- նշել է Պարույր Ղուդրատյանը։

Սամվել Ալեքսանյանի խոսքով, մենթորներն օգնել են դասընթացի մասնակիցներին հասկանալ և սովորել թեմաները, կիսվել են իրենց փորձով և ուղղորդել դեպի լրացուցիչ աղբյուրներ: Արտաշես Բոնդոյանը նշել է, որ դասընթացը շատ արդյունավետ էր, քանի որ մասնակիցները կարող էին ինքնուրույն ուսումնասիրել թեման, իսկ Sololearn-ի միջոցով սովորելը հեշտ էր թեման հասկանալի մատուցելու շնորհիվ։

Մենթոր Գայանե Շախբեկյանի խոսքով, մասնակիցները շատ մոտիվացված էին. «Նրանք քրտնաջան աշխատում էին և ակտիվ էին լսարանում: Յուրաքանչյուր դասի շրջանակում մենք քննարկումներ ենք ունեցել։ Սա արդյունավետ փորձ էր նաև ինձ համար, քանի որ ես վերանայեցի շատ թեմաներ և ավելի մանրամասն ուսումնասիրեցի դրանք»,- ընդգծել է նա:

«Ծրագրավորման հիմունքներ»-ի նման դասընթացները Հայաստանի մարզերում բնակվող երկտասարդներին հնարավորություն են տալիս ստանալ տեխնոլոգիական կրթություն և տիրապետել հմտությունների, որոնք շատ պահանջված են ժամանակակից աշխատաշուկայում: