Հաջողության պատմություն | Էրիկ Շահնազարյան. «Երբեք չհանձնվել, նպատակներին հասնելու համար հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ»
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» դասընթացների մասնակիցները մշտապես կերտում են հաջողության պատմություններ։ Այս անգամ ներկայացնում ենք Էրիկ Շահնազարյանի հաջողության պատմությունը։
21-ամյա Էրիկը սովորում է Ալավերդու պետական քոլեջի «Սպասարկում» բաժնի ավարտական կուրսում՝ զուգորդելով ուսումն աշխատանքի հետ։
Նա մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող«Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «Սպասարկման մշակույթ և արդյունավետ հաղորդակցում» թեմայով դասընթացին։ Դասընթացի նպատակն էր բարելավել սպասարկման ու հյուրընկալության ոլորտում աշխատողների կարողությունները, և մասնակիցներն ուսումնասիրում էին հաճախորդների հետ հաղորդակցության ռազմավարությունը, սկզբունքները և սպասարկման կարևորությունը։
Էրիկն աշխատում է Լոռու մարզում գտնվող Հաղպատ վանական համալիրի արևմտյան հատվածում տեղակայված Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրում՝ որպես զբոսավար և մատուցող։ ՎՏԿ-ում անցկացվող դասընթացների մասին տեղեկացել է գործատուից և մեծ սիրով որոշել է մասնակցել, վստահ էր՝ դասընթացին մասնակցության շնորհիվ ձեռք է բերելու նորանոր գիտելիքներ մասնագիտական ոլորտում։
«Սովորել ենք բիզնես ծրագրերի այնպիսի պլանավորում, որի շնորհիվ կատարված աշխատանքն ավելի եկամտաբեր կլինի։ Վստահ եմ՝ ստացածս գիտելիքներն ու հմտություններն ապագայում կօգնեն սեփական ծրագրերի իրականացման գործում»,- նշում է Էրիկը։
Դասընթացավարի մասին ասում է, որ վերջինս կարողանում էր տեղեկատվությունը մատուցել հետաքրքիր մեջբերումներով և օրինակներով, կարևորում և ամեն կերպ խրախուսում էր մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։
Դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն օգնում են ծրագրել և ստեղծել ապագա բիզնես-մոդել, հասկանալ քայլերի հերթականությունը, գնահատել և կարևորել արտադրանքի որակը և հաճախորդների հետ շփման կանոնները։
Դասընթացին մասնակցելուց հետո Էրիկի կուրսընկերներն ու դասախոսները խնդրել էին նրան մանրամասնել դասընթացի մասին և ներկայացնել՝ ինչ գիտելիքներ է ձեռք բերել։ Նա սիրով կիսվել էր ստացած փորձով ու հմտություններով՝ խրախուսելով ընկերներին ևս մասնակցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին։
Էրիկը մեծապես կարևորում է մարզերի զարգացումը և դասընթացին իր մասնակցելու շարժառիթներից մեկը համարում հենց դա։ Նշում է, որ մարզերի երիտասարդների մասնակցությամբ տարբեր ծրագրերի միջոցառումների կազմակերպումը պետք է դարձնել համակարգված։
«Հատկապես անհրաժեշտ է կարևորել սպասարկման ոլորտը, անել ամենը՝ մարզը ճիշտ ներկայացնելու համար, որտեղ երիտասարդները պետք է լինեն ակտիվ ու ունենան գիտելիքներ ու հմտություններ»,- ասում է նա։
Էրիկն առաջնային է համարում բիզնես մոդել մշակելուց առաջ նախ և առաջ հասկանալ տվյալ մարզում, համայնքում առկա խնդիրները, բնակիչների պահանջները, սպասելիքներն ու նախընտրությունները։ Այժմ Էրիկ Շահնազարյանը դասընթացից ստացած գիտելիքների ու հմտությունների մի մասը փորձում է օգտագործել իր փոքրիկ բիզնեսում, որի շրջանակում մարզ այցելով զբոսաշրջիկներին է առաջարկում ձեռագործ աշխատանքներ, դիմանկարներ, փայտե քանդակներ։ Նա մտադիր է իր բիզնեսն ընդլայնել և համոզված է՝ իր համառության և աշխատասիրության շնորհիվ նոր հաջողություններ է արձանագրելու։