Ուրախ ենք սկսել հրապարակումների նոր շարք, որի շրջանակում կներկայացնենք Ինժեներական քաղաքում  տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի բարձր արտադրողականության հաշվարկային հնարավորություններից օգտվող անհատների ու կազմակերպությունների հաջողության պատմությունները։ 

Շարքը մեկնարկում ենք հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Արամ Հակոբյանի մասին անդրադարձով, ով իր մարզումների ընթացքում կիրառում է «Ազնավուր» գերհամակարգչի հաշվարկային հնարավորությունները։ 

Արամ Հակոբյանը Pavlodar Open 2024-ի շախմատային մրցաշարի հաղթողն է, Եվրոպայի առաջնությունում գրանցել է +4 հաշիվ, Սենթ Լուիսի Մաստերսում զբաղեցրել 3-րդ տեղը, հաղթել Հայաստանի արագ շախմատի առաջնությունում՝ այս բոլոր մրցաշարերի ընթացքում  չգրանցելով պարտություն։ Գերհամակարգչի շնորհիվ՝ նա աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում 48 հորիզոնականով առաջ է անցել՝ հայտնվելով լավագույն 100-յակում։

«Երբ «Ազնավուր» գերհամակարգիչը ներառեցի իմ շախմատային նախապատրաստության մեջ, իմ արդյունքները հասան նոր մակարդակի։ Աշխարհի ամենաուժեղ շախմատային ծրագրային հարթակներից մեկին հասանելիություն ունենալով՝ ես կարողացա կատարելագործել իմ սկզբնախաղի պատրաստությունը, որը, կարելի է ասել, խաղի ամենակարևոր փուլն է։ Լավ մշակված մեկնարկը կարող է որոշել ողջ խաղի ընթացքը։ Վստահ եմ՝ «Ազնավուր» գերհամակարգչի հաշվարկային հզորության շնորհիվ իմ վերլուծությունն առավելագույնս ճշգրիտ է։ 

Իմ կարիերայում ևս մեկ կարևոր ձեռքբերում է Հայաստանի շախմատի ազգային հավաքականին միանալը, ինչը մեծ պատիվ է ինձ համար։ Համոզված եմ՝ «Ազնավուր»-ի շնորհիվ կարող եմ զգալի ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր թիմի հաղթանակներում։ Այս գերհամակարգչի հաշվարկային հզորությունը բացառիկ է, և աշխարհում շատ քչերն ունեն նման հնարավորություն՝ վճռորոշ մրցաշարերում հաջողության հասնելու համար»։ 

Արամը վստահ է, որ հետևողական աշխատանքի և ճիշտ գործիքների համադրմամբ առաջիկայում էլ ավելի մեծ հաղթանակներ են սպասվում։

Եթե Դուք ներկայացնում եք Հայաստանում գործող հետազոտական, կրթական, տեխնոլոգիական և այլ կազմակերպություն և Ձեր գործունեությունն առնչվում է բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ, ապա շտապե՛ք, բաց մի՛ թողեք «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ԱՆՎՃԱՐ օգտվելու հնարավորությունը։

✅ Գրանցվեք այստեղ, 📞 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝ [email protected].

Այս նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։