Ծրագրավորում՝ որպես ապագայի ուղի․ վանաձորցի երիտասարդների փորձառությունը
«Ծրագրավորումը ինձ համար արվեստ է, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել իր ձեռագիրը», — ասում է Ռազմիկ Պետրոսյանը, ով այս տարի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցում է Yandex ծրագրավորման դպրոցին։ Նա այն բազմաթիվ դպրոցականներից է, ովքեր այս հարթակում ոչ միայն սովորում են ծրագրավորում, այլև գտնում են իրենց տեղը ծրագրավորման աշխարհում։
Դասընթացը իրականացվում է 2017 թվականից՝ Yandex-ի ծրագրավորման դպրոցի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ, և այս ընթացքում ունեցել է 414 մասնակից, որոնցից շատերն այսօր արդեն իրենց տեղն են գտել ՏՏ ոլորտում։
Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում անցկացվող Yandex ծրագրավորման դպրոցի նոր խմբի մասնակիցները խորությամբ ուսումնասիրում են Python լեզուն և պատրաստվում են ներկայացնել իրենց նախագծերը։
Yandex ծրագրավորման դպրոցը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար։ Այստեղ նրանք ոչ միայն սովորում են Python լեզու, այլև զարգացնում են տրամաբանական և ալգորիթմական մտածողություն, սովորում են մտածել ծրագրավորողի պես՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրեն։ Դասընթացն անցկացվում է հայերենով, իսկ ձեռք բերած հմտությունները օգտակար են ցանկացած ոլորտում՝ խնդիրների լուծման, վերլուծական մտածողության և նորարար մոտեցումների զարգացման համար։
Ռազմիկն առաջին անգամ դպրոցի մասին լսել է սոցիալական հարթակներից։ Մինչ այդ արդեն մասնակցել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց»-ին, սակայն հենց այս դասընթացում ծրագրավորման հնարավորությունները բացահայտվեցին ավելի խորությամբ։ «Դասընթացավար Լուսինե Կոծինյանի, Yandex-ի ծրագրավորման դպրոցի ու մեր թիմակիցների կողմից ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ սովորելը հաճելի է, իսկ խնդիրներ լուծելը՝ ոգևորող», — ասում է նա։
Դասընթացի մասնակիցներից է նաև Աստղիկ Հակոբյանը, նա նույնպես ծրագրավորման դպրոցում հայտնվել է իր կյանքում շրջադարձային պահի։ Մինչև դասերը սկսելը, Աստղիկը մտածում էր իրավաբան դառնալու մասին։ Սակայն դասընթացի ընթացքում փոխվեց նրա հայացքը․ ծրագրավորման տրամաբանությունը գրավեց նրան այնքան, որ այսօր արդեն վստահ է՝ իր ապագան ՏՏ ոլորտում է։ Սկզբում բախվել է դժվարությունների, բայց դասընթացավար Աշխեն Գրիշիկյանի աջակցությամբ հաղթահարել է դրանք։ «Աշխատասիրության բացակայության դեպքում ցանկացած տաղանդ կարող ես հեշտությամբ կորցնել», -նշում է Աստղիկը։
Եվ հիմա, երբ դասընթացի ավարտը մոտենում է, մասնակիցները պատրաստվում են իրենց նախագծերի ներկայացումը, որտեղ ցույց կտան այն ամենը, ինչ սովորել են այս ամիսների ընթացքում՝ իրենց առաջին լուրջ քայլերն անելով ծրագրավորման աշխարհում։
«Գուցե առաջին հայացքից թվա՝ դպրոցը կրթական նախագիծ է, որի շրջանակում դեռահասներին ծածկագիր գրել են սովորեցնում: Մինչդեռ իրականում նման նախագծերն իսկապես եղանակ են փոխում այնտեղ, որտեղ գործում են, որովհետև ոչ միայն երիտասարդների համար մասնագիտական առաջխաղացման նոր հեռանկարներ են բացում, այլև՝ մարզերում տարածում են կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների նորաձևությունը՝ պատանիներին ցույց տալով ոլորտի մշակույթն ու համայնքը, ինչը նրանց համար նախկինում չափազանց դժվար էր տեսնելը»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ դպրոցը կազմակերպվել է Գյումրիում և Վանաձորում ավելի քան 10 տարի գործող տեխնոլոգիական կենտրոնների հիման վրա, որոնք մարզային զարգացման գործում կարևոր դեր են խաղում։ «Այս կենտրոններում տարբեր նախաձեռնությունների մասնակցող պատանիներն ու երիտասարդները տեսնում են գործող ընկերություններն ու հասկանում, որ իրենք նույնպես նման ընկերություններում աշխատանք գտնելու հնարավորություն ունեն և գուցե ստիպված չլինեն որևէ տեղ գնալ, եթե չցանկանան: Այսինքն՝ երեխաներն այս դպրոցում ոչ միայն նոր գիտելիք են ստանում, այլև սովորում են հավատալ սեփական հնարավորություններին, իրենց քաղաքի, իրենց տարածաշրջանի հնարավորություններին։ Եվ դա անչափ կարևոր է»,- նշում է Ենգիբարյանը։