Հայաստանի նորարարական էկոհամակարգը նոր հաջողություններ է գրանցում․ Reeducate և Empy ստարտափները դարձել են Digital Startup Award 2025 մրցույթի Best Startup Project անվանակարգի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած թիմերից և առաջիկայում կներկայանան Տաշքենդում կայանալիք եզրափակչում։ IT-Park Uzbekistan-ի (StartupBase ) և Ուզբեկստանի թվային տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվող մրցույթի հայաստանյան գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Enterprise Armenia -ն։ Մրցույթն անցկացվել է Ինժեներական քաղաքում։

Reeducate․ հայկական ստարտափ, որը կրթությունը դարձնում է նորարար և հասանելի

Հայկական Reeducate ստարտափը դարձել է Digital Startup Award 2025 մրցույթի Best Startup Project անվանակարգի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած թիմերից մեկը և առաջիկայում կներկայանա Տաշքենդում կայանալիք եզրափակիչ փուլում։ Ստարտափի հիմնադիրն է Հարութ Գևորգյանը, ով վստահ է՝ կրթությունը պետք է զարգանա նույն արագությամբ, ինչ տեխնոլոգիաները։

Reeducate-ը նախատեսված է ուսուցիչների, աշակերտների և կրթական ոլորտի մասնագետների համար։ Հարթակ է, որտեղ հնարավոր է ստեղծել և օգտագործել կրթական բովանդակություն ԱԲ-ի օգնությամբ՝ դասերի, թեստերի և վարժությունների ձևաչափով։

«Ուսուցիչը կարող է գրանցվել հարթակում, որոնել, օրինակ՝ սրտի կառուցվածք, և մեկ վայրկյանում ստանալ 3D մոդել, դասի տեքստ ու հարցախույզ։ Այսինքն՝ ընդամենը մեկ քլիքով նա պատրաստի դաս է ունենում։ Այս պահին ներբեռնված է ավելի քան 10 հազար մոդել։ Բացի դրանից, ուսուցիչը կարող է ինքն էլ ստեղծել նոր նյութեր և որոշել դասի կառուցվածքը»,– պատմում է Հարութ Գևորգյանը։

Հարթակը նաև հնարավորություն է տալիս իրականացնել վիրտուալ փորձեր․ օրինակ՝ աշակերտը կարող է համատեղել երկու քիմիական տարր և տեսնել, թե ինչ ռեակցիա է տեղի ունենում։ Այս հնարավորությունը դասը դարձնում է տեսանելի, փորձարարական և ավելի հետաքրքիր։

Հարութի խոսքով՝ հարթակը նախագծված է այնպես, որ կարողանան օգտագործել թե՛ երիտասարդ ուսուցիչները, թե՛ երկարամյա փորձ ունեցող մասնագետները։ Այս պահին Reeducate-ից օգտվում են մի քանի մասնավոր դպրոցներ Հայաստանում, սակայն թիմի նպատակն է հարթակը ներկայացնել նաև միջազգային շուկաներում։

«Նմանատիպ հարթակներ շատ կան, բայց մեր առավելությունն այն է, որ մեկ հարթակում կարելի է անել ամեն ինչ՝ դասի պլանավորում, թեստերի և հարցախույզների պատրաստում, վարժությունների ստեղծում։ Այս հարթակով և՛ սովորում ես, և՛ ստուգում քո գիտելիքը»,- ընդգծում է նա։

Հարութ Գևորգյանը հավելում է, որ այսօր աշակերտի ուշադրությունը կենտրոնացնելն ու դասը հետաքրքիր դարձնելը հեշտ գործ չէ․ ուսուցիչները մեծ ջանք են ներդնում ուսումնական գործընթացը գրավիչ պահելու համար, իսկ Reeducate-ն օգնում է դա անել առանց ավելորդ բարդությունների։

Բացի այդ, հարթակը կարող է լուծում դառնալ նաև այն դպրոցների համար, որտեղ ուսուցիչների պակաս է նկատվում․ համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ուսուցման գործընթաց՝ առանց ուսուցչի մշտական ներկայության։

Empy․ ստարտափ, որը փոխում է բիզնես հաղորդակցության ձևաչափը

Հայկական Empy ստարտափը դարձել է Digital Startup Award 2025 մրցույթի Best Startup Project անվանակարգի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած մյուս ստարտափը Empy -ն է, որի հիմնադիրը Արամ Շահն է։

Արամը՝ մարքեթինգի և տեխնոլոգիաների ոլորտում երկար տարիների փորձ ունեցող ձեռնարկատեր, ով վստահ է՝ հաջողության գաղտնիքը ճիշտ հաղորդակցությունն է։

Empy-ի համահիմնադիրն է Դենիսը, որը ապրում է Լիսաբոնում (Պորտուգալիա)։ Արամն ու Դենիսը բախվել էին նույն խնդրին՝ հաճախ անհաջող հաղորդակցությունը խոչընդոտում էր համագործակցության և ներդրումների արդյունավետ ընթացքը։ Այդ փորձը դարձավ Empy-ի ստեղծման հիմքը։

Empy-ն ստեղծվել է մի պարզ գաղափարից․ օգնել մասնագետներին, հիմնադիրներին և վաճառքի թիմերին ավելի արդյունավետ շփվել՝ թե՛ գործընկերների, թե՛ ներդրողների, թե՛ հաճախորդների հետ։ Պլատֆորմը արհեստական բանականությամբ աշխատող գործիք է, որը իրական ժամանակում վերլուծում է զրույցները և օգնում բարելավել հաղորդակցությունը։

«Երբ դու բանակցության կամ վաճառքի գործընթացում ես, Empy-ն լսում է զրույցը, հայտնաբերում է սխալները և տեղում հուշում, թե ինչպես կարելի է շտկել դրանք։ Իսկ հանդիպումից հետո համակարգը ուղարկում է մանրամասն հաշվետվություն՝ ցույց տալով, թե ինչն է ստացվել հաջող, ինչն է պետք բարելավել, և ինչպես անել դա հաջորդ անգամ ավելի լավ»,– նշում է Արամը։

 

 

Այս պահին Empy-ի շուրջ ձևավորվել է ավելի քան 3000 բիզնեսի հիմնադիրներից կազմված համայնք, որոնք փորձարկում են հարթակը և կիսվում իրենց դիտարկումներով։ Թեև արտադրանքը դեռ պաշտոնապես չի թողարկվել, այն արդեն հասանելի է փորձարկման համար։ Ստարտափը նաև ստացել է 165,000 դոլարի ներդրում, որոնց թվում է Uber-ի ԱՊՀ տարածաշրջանի նախկին գործադիր տնօրենի ներդրումը։

Արամի խոսքով՝ Empy-ն ոչ միայն վերլուծում է յուրաքանչյուր զանգ, այլև սովորում է յուրաքանչյուր օգտատերից՝ դառնալով ավելի խելացի և հարմարեցված։ «Մեր նպատակն է փոխել այն ձևը, որով մարդիկ կառուցում են հարաբերություններ բիզնեսում։ Մենք ուզում ենք, որ Empy-ն դառնա հաղորդակցական բանականություն՝ օգնելով մարդկանց բարելավել իրենց մարդկային կապերը՝ անկախ հեռավորությունից»,– ընդգծում է նա։

Empy-ն նախատեսում է ընդլայնել իր հնարավորությունները տարբեր ուղղություններով՝ հաճախորդների սպասարկման, հավաքագրման և օգտահաշիվների կառավարման ոլորտներում։ Թիմը աշխատում է հեռավար ձևաչափով, սակայն նախատեսում է շուտով հիմնել իր հիմնական գրասենյակը Հայաստանում։ «Ես երկար ճանապարհ եմ անցել, բայց այսօր վստահ եմ՝ ուզում եմ իմ թիմը կառուցել հենց այստեղ՝ Հայաստանում»,– ասում է հիմնադիրը

Empy-ի թիմն արդեն համագործակցում է մի շարք ընկերությունների հետ ԱՄՆ-ում և Կանադայում, այդ թվում՝ Կանադայի խոշորագույն բիզնես կրթական կենտրոններից մեկի հետ, որտեղ ավելի քան 4000 ուսանողներ օգտագործելու են Empy-ի գործիքը՝ իրենց հաղորդակցական հմտությունները զարգացնելու համար։