«Որոշեցի սովորել ծրագրավորում, քանի որ հետաքրքրված էի տեխնոլոգիաներով և խնդիրներ լուծելու հնարավորություններով»,- ասում է Արման Ասլանյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված 6-ամսյա Վեբ ծրագրավորման ճամբարին։
Ծրագրավորման ճամբարի մասին խոսելիս՝ Արմանն ասում է, որ վեբ ծրագրավորումն անմիջապես գրավել է ուշադրությունը բազմակողմանիության շնորհիվ։
«Ճամբարը սկսելու իմ նպատակը ծրագրավորման վերաբերյալ հիմնավոր գիտելիք ձեռք բերելն ու վեբ կայքերի մշակման գործնական հմտությունները զարգացնելն էր: Իմ ցանկությունն է եղել տիրապետել և՛ front-end, և՛ back-end ծրագրավորմանը, այս ճանապարհը որոշեցի սկսել front-end-ից»:
Տավուշցի երիտասարդի խոսքով՝ 6 ամիս տևողությամբ ճամբարը ներկայացնում էր խորացված և հագեցած դասընթացների շարք, դասախոսը բանիմաց և հմուտ մասնագետ էր, ով ճամբարի ընթացքում տրամադրում էր հստակ բացատրություններ և ուղղորդումներ: Ճամբարը հետաքրքիր և մոտիվացնող են դարձրել գործնական նախագծերը, որոնց շնորհիվ մասնակիցները կարողացել են ամրապնդել ձեռք բերած հմտությունները, ինչպես նաև իրականացրած խմբային նախագծերը հնարավորություն են տվել աշխատել թիմերով՝ միասին հաղթահարելով «կոդավորման մարտահրավերները»։
https://blog.eif.am/index.php/2023/09/13/the-story-of-aram-babayans-non-surrender/
«Ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք նաև վեբ կայքերի մշակման նորագույն գործիքներ, տեխնոլոգիաներ: Զարգացող միտումների և ոլորտի լավագույն փորձի մասին սովորելը մեզ մոտիվացված և ոգևորված պահեց ծրագրավորման անընդհատ զարգացող աշխարհում»,- նշեց Արմանը։
Դասընթացն ավարտելով՝ Արմանը կանգ չի առել, կարևորել է շարունակական ուսուցումը և այլ հմտություններ ևս ձեռք բերել, այնուհետև անցել 2-ամսյա պրակտիկա, որն էլ հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է աշխատանքի առաջարկ։
https://blog.eif.am/index.php/2023/08/30/from-the-training-course-on-engineering-design-3d-modeling-to-a-job/
Երիտասարդը կարևորում է անձնական մոտիվացիան և առաջ շարժվելու մեծ ձգտումը։ Համադրելով թե՛ դասընթացից ստացած գիտելիքը, թե՛ աշխատավայրում ձեռք բերած հմտությունները՝ Արմանն արդեն վստահորեն ասում է, որ կարող է ստեղծել լավ կառուցված և գրավիչ վեբ էջեր՝ օգտագործելով HTML և CSS ծրագրավորման լեզուները: Բայց նա կանգ չի առնում և շարունակում է սովորել ու ձեռք բերել նոր հմտություններ։ «Օրինակ՝ React-ը դարձել է իմ հմտությունների հիմնական մասը՝ հնարավորություն տալով ինձ զարգացնել ժամանակակից, արդյունավետ և մասշտաբային վեբ հավելվածներ: Օգտագործելով JavaScript-ը՝ ես կարող եմ ստեղծել դինամիկ և ինտերակտիվ գործառույթներ: Ճամբարն ինձ ծանոթացրեց նաև JavaScript հզոր գրադարանի հետ»,- նշեց նա:
Արման Ասլանյանը կարևորում է նաև նմանատիպ դասընթացների, ճամբարների անցկացումը, իսկ իր հասակակիցներին խորհուրդ է տալիս անդադար առաջ շարժվել՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն․ «Սկսելով սովորել ծրագրավորում, հիշեք, որ դա շարունակական ուսումնական ճամփորդություն է, որտեղ մարտահրավերները ծառայում են որպես անձնական և մասնագիտական աճի հնարավորություն»:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։

