Co-creation lab նորաբաց ստեղծարար լաբորատորիան կօգնի Սյունիքի երիտասարդներին զարգացնել տեխնոլոգիական հմտությունները
Սյունիքի մարզում երիտասարդներն արդեն հնարավորություն ունեն զարգացնելու իրենց հմտությունները թվային արվեստի, անիմացիայի, մուլտիմեդիա նախագծերի ոլորտներում, ինչպես նաև մասնակցելու տարաբնույթ տեխնոլոգիական հեքըթոնների, սեմինարների և աշխատաժողովների՝ շնորհիվ նորաբաց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի։
“Co-creation lab” լաբորատորիան հիմնադրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, ԱՄՆ ՄԶԳ—ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ—ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
ՁԻՀ—ի կողմից առաջին անգամ ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա է հիմնադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ ԱՄՆ ՄԶԳ—ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։
Լաբորատորիայի նպատակն է ընդլայնել մարզի երիտասարդների ներուժը՝ տրամադրելով հարթակ, որտեղ նրանք կարող են ձեռք բերել նոր հմտություններ և ստեղծել թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը։
Միջազգային նման կառույցների ներգրավվածությունն ու աջակցությունը ևս խիստ կարևոր դեր է խաղացել ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման գործում՝ ցույց տալով Հայաստանի մարզերում նորարարության և համագործակցության խթանման իրենց հանձնառությունը:
Նորաբաց լաբորատորիան կնպաստի, որ մարզի դեռահասներն ու երիտասարդները ձեռք բերեն 21-րդ դարին համապատասխան հմտություններ՝ դարձնելով նրանց ավելի ճկուն։
Բացման արարողության ժամանակ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին խոսեց նախաձեռնության նշանակության և Սյունիքին աջակցելու այս համագործակցության մասին. «Սիսիանում գտնվող այս ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիան տեղական, բայց ազգային նշանակություն ունեցող կարևոր հարթակ է, որը համախմբում է երիտասարդներին՝ ազատություն տալու իրենց ներուժին և ներգրավվելու համայնքային խնդիրների լուծման գործում: Երբ տեղական մարմինները, կառավարությունը, մասնավոր հատվածը և զարգացման գործով գործընկերներն աշխատեն միասին, մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչին բոլորս ձգտում ենք՝ օգնել երիտասարդներին դառնալ դրական փոփոխությունների ուժ Սյունիքում և նրա սահմաններից դուրս»:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Բելլա Հարությունյանը բացման միջոցառման ընթացքում նշեց, որ սա հիմնադրամի կողմից բացված 2-րդ լաբորատորիան է, որի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում երիտասարդների ներուժը։ «Այս պիոներական նախաձեռնությունը ստեղծել է ձեռնարկատերերի, նորարարների և տեխնոլոգների մի էկոհամակարգ՝ առաջ մղելով տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացումը: Մեր կողմից հաջողված այդ մոդելը մենք կրկնօրինակել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Այս ընդլայնման նպատակն է օգտագործել տեղի երիտասարդության չբացահայտված ներուժը՝ զարգացնելով մի միջավայր, որտեղ երիտասարդները տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ կզարգացնեն հմտությունները և կստեղծեն թվային արտադրանք՝ ի վերջո նպաստելով Սյունիքի մարզի զարգացման ավելի լայն հեռանկարներին։ Հատկանշական է, որ լաբորատորիան բացում ենք Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում ՝ ձևավորելով միջոլորտային համագործակցության ևս մեկ հանգրվան»,- նշեց նա։
Բացման արարողությունը ներառում էր նաև քննարկումներ հրավիրված բանախոսների հետ, ինչպես նաև միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Նորարարության ներուժը Սյունիքում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը հաջորդեց Սյունիքի մարզի երիտասարդների համար նախատեսված աշխատարան: