Լուսինե Աբրահամյան․ Հավատացե՛ք Ձեր ուժերին, Ձեր սիրտն ու հոգին ներդրե՛ք սիրելի գործի մեջ
«Անկախ բոլոր դժվարությունները, պետք է չհուսահատվել, լինել բարի դիմացինի նկատմամբ, անընդհատ ինքնակրթվել և շուրջը ստեղծել դրական մթնոլորտ։ Անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին, սիրտն ու հոգին ներդնել սիրելի գործի մեջ, դե իսկ ճանապարհին հանդիպող դժվարությունները դիտարկեք որպես ավելի ուժեղ դառնալու հնարավորություն և անպայման կհասնեք հաջողության»,- ասում է Լուսինե Աբրահամյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված «IT Sales» դասընթացին։
24-ամյա Լուսինեն Արցախից է` Ստեփանակերտ քաղաքից, սովորել է Արցախի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքով բնակություն են հաստատել Վանաձորում, այնուհետև՝ Բյուրեղավանում։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի սոցիալական հարթակներում տեսնելով «IT Sales» դասընթացի հայտարարությունը՝ որոշել է մասնակցել․
«Չնայած մասնագիտությամբ մանկավարժ եմ, արդեն 6 տարի է՝ աշխատում եմ IT ոլորտում։ Վերջնական չէի կողմնորոշվում՝ ինչ ուղղությամբ եմ ուզում շարունակել իմ աշխատանքային ուղին և փնտրտուքների մեջ էի։ Պետք է անկեղծ ասեմ՝ IT Sales-ի մասին ոչինչ չգիտեի մինչ դասընթացը, և հայտարարությունը տեսնելով՝ մտածեցի, որ լավ առիթ է նոր գիտելիքներ ձեռք բերելու և նոր ոլորտ բացահայտելու համար»,- նշում է Լուսինեն։
Նրա խոսքով, մի օր դասընթացավար Անուշ Ափիկյանը դասին միացել էր Իսպանիայից՝ ծովի ափից, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով։ Սա վառ օրինակ է այն մասին, որ freelance մասնագետի հնարավորությունները բազմազան են, ինչը Լուսինեի կարծիքով շատ ոգեշնչող է։
«Դասերը շատ հետաքրքիր էին անցնում, քանի որ ոչ թե դասախոսությունների տեսքով էին, այլ պրակտիկ աշխատանքի հիման վրա՝ քննարկումների ձևաչափով։ Ունենում էինք և՛ խմբային, և՛ անհատական առաջադրանքներ, ինչի շնորհիվ զարգացան թիմային աշխատանքի, կազմակերպչական, առաջնորդական և հետազոտական հմտությունները»,- նշում է Լուսինեն։
Նրա խոսքով՝ դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքների շնորհիվ մեծ հնարավորություններ են ստեղծվել ուսանողների համար։ Նրանք կարող են դիմել տարբեր աշխատանքների՝ այդ թվում Sales Manager, Account Manager, Lead Generation Specialist և այլն։ Դասընթացավարը նույնպես պարբերաբար իր սոցիալական էջերում հայտարարություններ է տեղադրում թափուր հաստիքների մասին՝ նախապատվությունը տալով իր ներկա և նախկին ուսանողներին։ Ներկայումս Լուսինեն աշխատում է Superbot ընկերությունում՝ որպես Data Cleansing Team Lead։ Առաջիկայում նպատակ ունի դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները կիրառել և էլ ավելի խորացնել, միգուցե նաև IT վաճառքների ոլորտում աշխատանքի անցնել։
Լուսինեն իր հասակակիցներին խորհուրդ է տալիս չդադարել երազել և անդադար առաջ գնալ․ «Հավատացե՛ք Ձեր ուժերին, Ձեր սիրտն ու հոգին ներդրեք սիրելի գործի մեջ իսկ ճանապարհին հանդիպող դժվարություններն որպես ավելի ուժեղ դառնալու հնարավորություն դիտարկեք և անպայման կհասնեք հաջողության»։