Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտներ Վահե Արզումանյանի և Սերգեյ Գալոյանի հաջողության պատմությունները:

***

17-ամյա Վահե Արզումանյանը հաճախում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ), որտեղ ուսումնասիրում է JavaScript: Որպես ԳՏԿ-ի ակտիվ հետևորդ՝ Վահեն հենց կենտրոնից է տեղեկացել JavaScript դասընթացի մասին և անմիջապես գրանցվել։

Վահեի ծրագրերը բավականին հավակնոտ են. «Ուզում եմ աշխատանք գտնել և, ի վերջո, հիմնել իմ սեփական տեխնոլոգիական ընկերությունը, որը կդառնա Հայաստանի հաջորդ միաեղջյուրը (Unicorn)»,- ընդգծում է նա։

Նա նշում է, որ դասընթացավար Վազգեն Գալստյանն, ով մեծ աջակցություն է ցուցաբերել մասնակիցներին, իր համար մոտիվացիայի աղբյուր է դարձել դասընթացի ընթացքում։ Արդյունքում Վահեն ձեռք է բերել նոր հմտություններ և բացահայտել իր ներուժը։

Վահեն համոզված է, որ ցանկանում է մնալ Գյումրիում, բայց մտածում է նաև աշխարհով մեկ ճանապարհորդելու և դրսից Հայաստանի համար աշխատելու մասին։ Նա Շիրակի մարզի երիտասարդներին կոչ է անում մասնակցել ԳՏԿ դասընթացներին և միջոցառումներին, որոնք ոչ միայն կօգնեն ինքնազարգանալ և  մասնագիտական կապեր ստեղծել, այլև կնպաստեն Հայաստանի զարգացմանը։

***

21-ամյա Սերգեյ Գալոյանն աշխատում է «Գյումրու Չերքեզի ձոր» ռեստորանում՝ որպես դաշնակահար և մենեջեր։ Սերգեյն, ով երաժշտական կրթություն ունի, PHP ծրագրավորում է սովորել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ):

Սերգեյն իր ապագան տեսնում է բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այսօր Սերգեյն արդեն իսկ պրակտիկա է անցնում “Բրեյն Ֆորս” ընկերությունում։  Ողջ դասընթացի ընթացքում նրան ոգեշնչում էր կարիերայի ճիշտ ընտրություն կատարելու գաղափարը։ Սերգեյը վստահ է, որ ժամանակակից աշխարհում ՏՏ-ն ներգրավված է բոլոր ոլորտներում։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացված դասընթացը Սերգեյին օգնել է պատկերացում կազմել HTML և CSS ծրագրերի մասին:

Նա վստահ է, որ շարունակելու է կարիերան ՏՏ ոլորտում և կոչ է անում բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են կարիերայի ճիշտ ընտրության մասին, ընտրել այնպիսի մասնագիտություն, որն իսկապես սիրում են:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 15-29 տարեկան 10,000 երիտասարդների զինել աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով՝ այնպես, որ վերջիններս ավելի մրցունակ դառնան և ունենան ավելի լավ աշխատանքային հնարավորություններ:  Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ բացահայտելու կարիքները և աջակցելու վերապատրաստման գործընթացին: