Կայացավ ՁԻՀ-ի ու ԳՏԿ-ի կողմից իրականացված «Character design» դասընթացի ավարտական միջոցառումը
Ապրիլի 1-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպված «Character design» դասընթացի ավարտական միջոցառման ընթացքում արվեստն ու զգացմունքները միավորեցին ներկաներին։
Միջոցառման ընթացքում, որը ՁԻՀ-ի՝ Հայաստանի երիտասարդներին տեխնոլոգիական կրթություն տրամադրելու առաքելության մասն էր կազմում, տեղի ունեցավ դասընթացի մասնակիցների ավարտական աշխատանքների ցուցադրությունը և հավաստագրերի հանձնման արարողությունը: Ցուցադրություններն առավել տպավորիչ դարձան տեսաձայնային էֆեկտների օգտագործման շնորհիվ՝ ներառելով սկետչեր, որոնք մասնակիցները նկարել էին դասընթացի շրջանակում։
Միջոցառման մյուս կարևոր բաղադրիչը «3dzook» կրեատիվ ստարտափի համահիմնադիր Ագաթա Բադալյանի հետ քննարկումն էր, ով դասընթացի մասնակիցներին պատմեց իր մասնագիտական ուղու, սյուժեի մեջ կերպարների կարևորության մասին, ինչպես նաև կիսվեց մի շարք խորհուրդներով՝ աշխատաշուկայում առաջին քայլերը կատարելու համար:
Հմտությունների զարգացումից բացի, դասընթացի մասնակիցները նաև մասնակցեցին երկու նախագծերի մշակմանը՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և միմյանց հետ մրցելու համար։ Մասնավորապես՝ NeoGraph Games ընկերության առաջադրանքն էր ստեղծել կերպար՝ խաղի համար։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամի (ՁԻՀ) ու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի առաջադրանքն էր ստեղծել կերպար իրենց կողմից համատեղ կազմակերպվող «Խաղային տեխնոլոգիակաների հիմունքներ» դասընթացի համար։
Արդյունքում՝ դասընթացի մասնակիցներից Գոհար Սարգսյանը և Օսաննա Գրիգորյանը, որպես մրցանակ, NeoGraph Games-ից ստացան նկարչական պլանշետներ, իսկ Սոֆի Մովսիսյանին ՁԻՀ-ի կողմից շնորհվեց 50․000 ՀՀ դրամի ֆինանսավորում:
«Character design » դասընթացի մի քանի մասնակիցներ մեզ հետ զրույցում ներկայացրեցին իրենց տպավորություններն ու կարծիքները՝ միջոցառման և բուն դասընթացի մասին: Գրետա Գրիգորյանը նշեց.
«Ես նոր հետաքրքրություններ հայտնաբերեցի և որպես մասնագիտություն շատ հավանեցի կերպարների ձևավորումը: Այժմ իմ օրվա մեծ մասը նվիրում եմ դրան։ Իսկ դասընթացից հետո նաև սկսեցի աշխատել իմ սեփական կոմիքսների գրքի ստեղծման ուղղությամբ»։
Անուշիկ Հովսեփյանի խոսքով` կերպարների միջոցով ավելի հեշտ է տրամադրություն և հույզեր փոխանցել.
«Դուք ստեղծում եք մարդկանց, որոնց միշտ ցանկացել եք հասկանալ: Յուրաքանչյուր անհատական հատկություն արտահայտվելու հնարավորություն է ստանում, և կերպարը դառնում է կենդանի մարդ, ընկեր, քո կյանքի մի մասը։ Ահա թե ինչու ես սիրահարվեցի կերպարների ձևավորմանը»,- նշեց նա։
Սոֆի Մովսիսյանի համար դասընթացն ինքնադրսևորվելու և ստեղծագործական ոգին զարգացնելու հնարավորություն էր` արվեստի մարդկանց հետ հաղորդակցվելու միջոցով։
«Ես նաև շատ ոգևորված եմ, որ իմ ստեղծած կերպարը լավագույնն է ճանաչվել «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթացում։ Շատ շնորհակալ եմ մրցանակի համար»,- հավելեց նա։
Օվսաննա Գրիգորյանը նշեց.
«Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն ինձ օգնեցին լավագույնս հանդես գալ NeoGraph Games-ի կողմից ներկայացված նախագծում: Որպես մրցանակ ստացած պլանշետը շատ օգտակար կլինի իմ դիզայներական հմտությունները զարգացնելու ընթացքում»:
Գոհար Սարգսյանի խոսքով, դասընթացի ընթացքում մասնակիցները ստեղծել են կերպարներ ոչ միայն դասընթացի, այլ նաև այլ նախագծերի ու մրցույթների համար։
«Դրանցից մեկը NeoGraph Games-ի կերպարների ձևավորման նախագիծն էր: Ես որպես մրցանակ ստացա գրաֆիկական պլանշետ և կօգտագործեմ այն՝ իմ հմտությունները շարունակաբար կատարելագործելու և նոր կերպարներ ստեղծելու համար»,- ընդգծեց նա։