Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի համակարգչային գրագիտության դասընթացները փոխում են ավագ սերնդի կյանքի որակը
Գաղտնիք չէ, որ թվայնացող այս աշխարհում առանց տարրական համակարգչային գրագիտության այլևս չի կարող ապրել ցանկացած անհատ՝ անկախ զբաղվածությունից, հետաքրքրությունների շրջանակից, սոցիալական կարգավիճակից, սեռից, տարիքից և այլն։ Իսկ մեծահասակների համար առավել դժվար է հաղթահարել այս մարտահրավերը, ինչը բերում է բազում դժվարությունների՝ նույնիսկ կենցաղում։
Այդ իսկ պատճառով ստեղծման օրվանից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն, ի թիվս իր բազում կրթական ծրագրերի, իրականացնում է նաև բազային համակարգչային գիտելիքների և մեդիագրագիտության թեմայով հատուկ սոցիալական ծրագիր՝ 50-ից բարձր տարիքային խմբի անձանց համար։
Տարեց-տարի այս դասընթացն ունենում է շատ առավել մեծ պահանջարկ։ Միայն այս տարի՝ փետրվարից և մինչ այս պահը կենտրոնն ունեցել է մեծահասակների 8 խումբ՝ 95 մասնակցով, իսկ նոր խմբերը դեռ հավաքագրվում են։
Դասընթացի ծրագիրը պարբերաբար փոփոխվում է՝ հարմարեցվելով ներկայիս ստանդարտներին։ Ծրագրում վերջին կարևոր համալրումներից է մեդիա գրագիտության առարկայի ներառումը, որի շրջանակում քննարկվում են հետևյալ թեմաները՝
- Ինչպե՞ս տարբերակել ճիշտ լուրը կեղծից;
- Ինչպե՞ս չդառնալ կեղծիքի զոհ;
- Ո՞ր աղբյուրներից օգտվել նորություններ իմանալու համար;
- Ինչպե՞ս գրագետ օգտվել Ֆեյսբուք սոցիալական ցանցից;
- Ի՞նչ է ատելության խոսքը։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ են հաճախում մեդիագրագիտության դասընթացին, քննարկում իրենց հետաքրքրող հարցերը, դասաժամի ավարտին լսարանից դուրս գալիս ժպտադեմ և երախտիքի խոսքերով։
Նրանցից ոմանք կիսվել են դասընթացի մասին իրենց տպավորություններով։
Անահիտ Աբգարյանը նշում է, որ սա շատ հետաքրքիր և օգտակար փորձ էր․ «Մեդիագրագիտության դասընթացն ինձ հնարավորություն ընձեռեց ավելի ուշադիր և պաշտպանված լինել ապատեղեկատվությունից և կեղծ լուրերից»։
Հասմիկ Թունյանն էլ կարևորում է դասընթացավարների փորձառությունը և նյութի մատուցման հմտությունը․ «Տպավորված եմ, թե ինչ մեթոդներով էին նրանք դասավանդում։ Շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար»։
Անժելա Աբգարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել և նշել. «Շատ արժեքավոր հմտություններ ձեռք բերեցի և պատկերացում կազմեցի իմ տվյալների հավաքագրման գործընթացի վերաբերյալ»:
Նշենք, որ այս տարիների արձանագրած հաջողություններից ոգեշնչված, ինչպես նաև գիտակցելով, որ նման դասընթացների անհրաժեշտությունը մայրաքաղաքից դուրս բնակվող մեծահասակների համար առավել կարևոր է, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը սկսել է դասընթացն իրականացնել նաև ՀՀ մարզերում։
Մեկնարկը տրվել է Վանաձորից, իսկ առաջիկայում ծրագրին կմիանան նաև այլ բնակավայրեր։
Կենտրոնի կողմից կազմակերպվող այս և այլ դասընթացների մասին կարող եք տեղեկանալ սոցիալական տարբեր հարթակներից՝ Facebook, Instagram, LinkedIn, Telegram: