«Գիտության շարժիչ ուժը» շարքի միջոցառումները շարունակվում են
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հետևողականորեն ջանքեր է ներդնում Հայաստանի տեխնոլոգիական և գիտական էկոհամակարգերի առաջխաղացման ուղղությամբ: Այդ առաքելությանը համապատասխան՝ այս տարի ՁԻՀ-ը շարունակում է «Գիտության շարժիչ ուժը» միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։
«Գիտության շարժիչ ուժը» միջոցառումների շարքը մեկ հարկի տակ է համախմբում երիտասարդ և առավել փորձառու հետազոտողների, ուսանողների, գիտության ձեռքբերումներով հետաքրքրվող մարդկանց և Հայաստանի ու արտերկրի առաջատար գիտնականների՝ հատուկ հյուրի կարգավիճակով։
Յուրաքանչյուր միջոցառում ներառում է՝ թեմատիկ ներկայացումներ գիտության վերջին ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել գործնականում, պանելային քննարկումներ և նեթվորքինգ: Այս ձևաչափը թույլ է տալիս, որպեսզի գիտնականները լայն լսարանին ներկայացնեն իրենց հետազոտությունները, ձեռքբերումները, կիսվեն գաղափարներով, քննարկումների և շփումների միջոցով ձեռք բերեն նոր գործընկերներ։
2023 թվականի առաջին միջոցառումը տեղի է ունեցավ մարտի 1-ին և կրում էր «Գիտության շարժիչ ուժը․ տվյալագիտության, մեքենայական ուսուցման, արհեսատական բանականության կիրառումը գիտական հետազոտություններում» խորագիրը։ Միջոցառմանը մասնակցում էին ՁԻՀ կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Ասպիրանտների աջակցության» և «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» ծրագրերի տարբեր տարիների շահառուներ, որոնք հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկմամբ։ Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Երկրորդ միջոցառումը՝ «Գիտության շարժիչ ուժը․ նեյրոգիտություն և թունաբանություն» վերտառությամբ, տեղի ունեցավ մայիսի 26-ին։ Որպես հատուկ հյուրեր միջոցառմանը մասնակցում էին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը։
Մեր այս նախաձեռնության հանդեպ հետաքրքրության ու դրա արդյունավետության մասին զրուցել ենք «Ասպիրանտների աջակցության» ծրագրի տարբեր տարիների շահառուների հետ։
Ռուզաննա Շուշանյանը կարծում է, որ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն հետազոտական համայնքի համար, քանի որ դրանք բացառիկ հնարավորություն են տալիս փորձագետներին՝ հատկապես երիտասարդ, իրենց ուսումնասիրությունները ներկայացնել ավելի մեծ գիտական լսարանի և համագործակցությունների սկիզբ դնել։ Նա նաև կարևորում է «Գիտության շարժիչ ուժը» շարքի շրջանակում ներկայացվող թեմաները։
«Հետազոտողների առջև ներկայումս ծառացած են մեծ մարտահրավերներ՝ նյարդաբանական հիմքով հիվանդությունների, դրանց զարգացման հիմքում ընկած մեխանիզմներն ու դրսևորումներն առավել խորը և համապարփակ ուսումնասիրման ենթարկելու, այդ թվում և կանխարգելման ու բուժման հնարավոր նոր միջոցների հայթայթման տեսակետից»,- նշում է նա։
Խոսելով Հայաստանի գիտական համայնքի զարգացման վրա ՁԻՀ ծրագրերի ազդեցության մասնին՝ Ռուզաննան նաև նշում է. «Մենք մեծ աջակցություն ենք ստացել ՁԻՀ-ից։ Ծրագրերը մեզ հնարավորություն տվեցին մեր աշխատանքը ներկայացնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանին, ինչը ճանաչում է բերում մեր գիտական աշխատանքին և բարձրացնում դրա արդյունավետությունը»։
Էլիզա Գյուլգյուլյանն էլ նշում է, որ երկիրն ուժեղ է, երբ իր գիտական հնարավորությունները ուժեղ են։ «Նման միջոցառումներն օգնում են բացահայտելու այն գիտական ներուժն ու ձեռքբերումները, որոնք մենք ունենք Հայաստանում»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ «Գիտության շարժիչ ուժը» շարքը նաև նպաստում է հետազոտական համագործակցությանը։ Նրա խոսքով՝ աշխարհն այժմ կարելի է բնութագրել որպես 3 բաղադրիչների ամբողջություն․ մարդ, համակարգիչ և դրանց փոխհարաբերությունները։
Էլիզան 1-10 բալանոց համակարգով միջոցառումը գնահատում է 9-ը ու նշում․
«Ինձ դուր է գալիս գիտական միջավայրը, անընդհատ հետազոտելը, դասավանդելը, բայց ես պայքարելով եմ մնում այս միջավայրում։ Իհարկե, խոսքը ֆինանսների մասին է: Գուցե գիտնականի աշխատանքը գնահատում են, բայց բավականաչափ չեն վարձատրում, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել միայն գիտությանը: ՁԻՀ ծրագրերը գիտնականներին հնարավորություն են տալիս իրենց ամբողջ ժամանակը նվիրել գիտությանը, հետևաբար, սա ստեղծում է ավելի լավ արդյունք ոլորտում»,- ընդգծում է նա։
Լիլյա Պարսեղյանի կարծիքով․ «Այս միջոցառումների շարքը կենտրոնանում է գիտության ամենաարդիական թեմաների վրա և օգնում հասկանալ առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Հիանալի է զրուցել այլ հետազոտողների հետ և տեսնել հետազոտական խմբեր, որոնք աշխատում են նմանատիպ խնդիրների վրա և քննարկել նրանց հետազոտությունները»: Լիլյան նշում է, որ ՁԻՀ ծրագրերը և կազմակերպած միջոցառումները շատ մեծ նշանակություն ունեն գիտական էկոհամակարգի զարգացման համար, քանի որ ապահովում են ոչ ավանդական միջավայրում գիտական մտքի ինկուբացիան, այլև նպաստում են ստացված արդյունքների հանրայնացմանը:
Հայկ Գասպարյանն էլ ընդգծում է, որ այս միջոցառումների շարքը նպաստելու է գիտական աշխատանքների հանրայնացմանը. «Դա ոգևորում է գիտությամբ զբաղվող այլ մարդկանց և օգնում նոր կապերի ստեղծման և միջդիսցիպլինար ոլորտների զարգացման հարցում»։
Հայկը նշում է, որ իրեն շատ են ոգևորել ընտրված թեմաները. «Հենց այս ոլորտներում են այսօր ամենաարագ և ամենամեծ զարգացումները տեղի ունենում։ Խթանելով այս ոլորտների գիտական զարգացումը՝ մենք կարող ենք բարձրացնել ՀՀ գիտական որակը միջազգային ասպարեզում և ունենալ լավ մրցակցային դիրք գիտության մեջ»։
Հայկի խոսքով՝ ՁԻՀ յուրաքանչյուր ծրագիր իր հերթին խթանում է գիտական էկոհամակարգի տարբեր սեկտորների զարգացումը, որը պետք է հանգեցնի ընդհանուր գիտության զարգացմանը։
Հայաստանի գիտական համայնքը, անկասկած, դեռ շատ նորությունների կարող է սպասել «Գիտության շարժիչ ուժը» միջոցառումների շարքից։ Առաջիկայում ծրագրվող միջոցառումները կներկայացնեն նոր գիտական թեմաներ և կներգրավեն ավելի շատ փորձագետների։
Գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մեր այլ նախաձենությունների մասին տեղեկացված լինելու համար հետևեք մեզ առցանց սոցիալական հարթակներում ((Facebook, Instagram, Twitter, LinkedIn, YouTube)։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ նաև մեր առցանց տեղեկագրի միջոցով՝ բաժանորդագրվելով այստեղ։