ՁԻՀ-ի կազմակերպած «Կանայք տվյալագիտության մեջ» համաժողովը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում միավորել էր ավելի քան 200 մասնակցի
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համար հունիսն արվեստի, գիտության և տեխնոլոգիաների միավորման ամիս էր. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո հունիսի 28-ին կազմակերպվեց «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) միջազգային ամենամյա համաժողովը:
Իր հեղափոխական ազդեցությամբ արհեստական բանականությունը հիմնովին վերափոխել է բազմաթիվ ոլորտներ ամբողջ աշխարհում: Առաջընթացի այս հզոր ուժին համընթաց քայլելը շատ կարևոր է այսօրվա սրընթաց զարգացող միջավայրում: Իսկ այս համաժողովը եզակի հարթակ է տարբեր ոլորտների փորձագետների համար՝ համախմբվելու մեկ հարկի տակ և կիսվելու արհեստական բանականության դարաշրջանում ստեղծագործելու վերաբերյալ իրենց փորձով, գաղափարներով ու տեսլականով՝ ընդգծելով այդ ոլորտում կանանց հզորացումը:
Բացման խոսքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Բելլա Հարությունյանը նշեց․
«Մեր օրերում, երբ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, կարևոր է ճիշտ հարցեր բարձրացնել։ Իսկ արվեստն օգնում է հարցադրումները դիտարկել այլ տեսանկյունից։ Այդ պատճառով էլ «Կանայք տվյալագիտության մեջ» միջոցառման հիմքում միջդիսցիպլինարությունն է՝ արվեստի, գիտության և տեխնոլոգիաների հատումը»։
Բանախոսությունների, պանելային քննարկումների, աշխատարանների, ինտերակտիվ սեմինարների միջոցով Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 200 մասնակից՝ ներառյալ տեղական և միջազգային, պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, անդրադարձան հետևյալ հիմնական թեմաներին՝ արհեստական բանականության դարաշրջանում ապագայի մարտահրավերներին պատրաստ աշխատուժ, արհեստական բանականության օգտագործման էթիկական նկատառումներ և արհեստական բանականության ազդեցությունը ստեղծագործական գործընթացների վրա, ինչպես նաև արհեստական բանականության և արվեստի հատում: Քննարկման մասնակիցներն ու հիմնական բանախոսներն էին կին տվյալագետներ, տեխնոլոգիական ոլորտի էնտուզիաստներ և ավանդական ու թվային ոլորտի արվեստագետներ:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ռազմավարության և ծրագրային գրասենյակի տնօրեն Քրիստինա Ֆենտրոսսը անդրադարձավ կրթության ոլորտին՝ նշելով․
«Կրթության մեջ արհեստական բանականության տեխնոլոգիաների ինտեգրումը հեղափոխել է գիտելիքներ ձեռք բերելու, նոր առարկաներ ուսումնասիրելու և հմտություններ զարգացնելու ճանապարհը: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մենք կարևորում ենք այս նորարարություններին համընթաց քայլելու անհրաժեշտությունը»։
Միջոցառման ընթացքում կարևորվեց նաև մարզային երիտասարդության ներգրավվածությունն ու մասնակցությունը: Երիտասարդական պանելային քննարկումը, որը կրում էր «Արհեստական բանականության օգտագործման էթիկական նկատառումները և ազդեցությունը ստեղծագործական գործընթացների վրա» խորագիրը, համակարգում էին հենց երիտասարդները:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում կարևորեց միջոցառման անցկացումը Գյումրիում․
««Կանայք տվյալագիտության մեջ» համաժողովի նման հարթակները կարող են ոգեշնչել և մոտիվացնել տվյալագետների հաջորդ սերնդին, հատկապես՝ երիտասարդ կանանց, ովքեր մտածում են մասնագիտանալ այս ոլորտում: Ներկայացնելով տվյալների գիտության ոլորտում հաջողակ կանանց և հարթակ տրամադրելով գիտելիքների փոխանակման համար՝ այս միջոցառումն օգնում է կոտրել կարծրատիպերը՝ խրախուսելով երիտասարդներին կրթություն ստանալ և մասնագիտություն ձեռք բերել այս արագ զարգացող և ազդեցություն ունեցող ոլորտում»։
Համաժողովի ընթացքում մարզերի երիտասարդների համար կազմակերպվեցին նաև արհեստական բանականության թեմայով մասնագիտական կողմնորոշման սեմինարներ: Միջոցառումն ավարտվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի Art Space-ում՝ կին արվեստագետների համատեղ ցուցահանդեսով։
Այս տարի Հայաստանում «Կանայք տվյալագիտության մեջ» միջոցառումը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպել և անցկացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ՍայՀաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնության և «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնում» ծրագրի գործուն աջակցությամբ:
Ամենամյա այս միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքներում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու և կանանց կարողությունները հզորացնելու նպատակով: Հայաստանում այն արդեն ավանդաբար անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Սթենֆորդի համալսարանի միջև ձևավորված սերտ համագործակցության շնորհիվ, ինչի արդյունքում յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է նաև այս միջազգային համաժողովի կին դեսպան։