GTC:Vol.2 երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ընդգրկել նոր մարզեր
Երիտասարդական ներուժը դրական «փոփոխության» ամենակարևոր ռեսուրսներից է։ Այդ փոփոխության մասշտաբները կարող են լինել տարբեր՝ սկսած նեղ ընկերական շրջապատից մինչև համայնք և բնակավայր։
Համայնքային զարգացման նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության, սեփական բնակավայրի զարգացման, կյանքի որակի փոփոխության գործում երիտասարդական ներուժի կարևորության գիտակցումով էլ մոտ մեկ ու կես տարի առաջ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում նախաձեռնվեց և Շիրակի մարզից մեկնարկեց Vol․2 երիտասարդական նախաձեռնությունը։
Ստեղծման օրվանից մինչ այժմ նախաձեռնության անդամ 100 և ավելի մարզաբնակ երիտասարդներ ձեռնամուխ են եղել բազում ծրագրերի իրականացման, մասնակցել և մասնակցում է տարբեր մրցույթների՝ նպատակ ունենալով սեփական գաղափարները վերածել սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված գործունեության, ինչպես նաև ակտիվորեն կիսվում են սեփական փորձով և հմտություններով համայնքային երիտասարդության հետ՝ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում։
Այս տարի ևս Vol․2-ն համալրվեց նոր անդամներով, մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների ընտրությունն իրականացվեց թիմային առաջադրանքների գնահատման արդյունքում։ Մասնակիցներին հանձնարարվել էր ծրագրել երիտասարդական միջոցառումների և կրթական սեմինարիների հնարավոր տարբերակներ, որոնք կնպաստեն Շիրակի մարզում երիտասարդության ներգրավմանը, զարգացման հավասար հնարավորությունների ստեղծմանն ու համայնքներում երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանը։ Առաջադրանքը լավագույն կերպով կատարած երիտասարդներն ընդգրկվեցին Vol․2-ի կազմում՝ որպես նոր սուպերհերոսներ։
Նշենք, որ Vol.2-ը չի սահմանափակվում միայն մեկ մարզում գործունեությամբ։ Այն հետզհետե ընդլայնում է աշխարհագրությունը՝ նախ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի միջոցով ընդգրկելով Լոռու մարզի երիտասարդությանը, իսկ այժմ արդեն հերթը սյունեցի երիտասարդներինն է՝ զարգացնելու և վերափոխելու իրենց մարզը ծրագրի միջոցով։ ԳՏԿ նախաձեռնությամբ կամավորական խումբ կստեղծվի նաև Սյունիքի մարզում՝ համատեղելով տեղի երիտասարդության ջանքերը՝ մարզային մարզային երիտասարդական ծրագրերի իրականացման համար։
Սյունիքի մարզում նման գործունեություն ծավալելու շարժառիթ հանդիսացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ իրականացվող «Gamechangers։ girls for girls» ծրագիրը, որը հրաշալի հնարավորություն էր մարզաբնակ երիտասարդ աղջիկների համար՝ սովորելու նոր հմտություններ և բացահայտելու իրենց ներուժն ու հնարավորությունները։ Այս և նման շատ երիտասարդների ջանքերի և ստեղծագործ մտածողության շնորհիվ այսօր հնարավոր է Սյունիքի մարզում ևս ստեղծել «երիտասարդական» միջավայր՝ երիտասարդների հետ և նրանց համար։
Դու և՞ս ցանկանում ես ներգրավվել քո համայնքում կյանքի որակի բարելավման և երիտասարդական ծրագրերի իրականացման գործում, ուրեմն շտապիր գրանցվել այս հղմամբ։