Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ամառային դպրոցը երեխաներին ու պատանիներին ՏՏ հմտություններ է սովորեցնում
Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական գիտելիքներին տիրապետել պետք է վաղ հասակից, հետագայում մասնագիտական հեշտ կողմնորոշման և, առհասարակ, հասարակության մեջ լիիրավ տեղ զբաղեցնելու համար։
Այդ իսկ պատճառով ստեղծման օրվանից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, բացի բազմաֆորմատ դասընթացները, իրականացվում են նաև տարբեր կրթական ծրագրեր երեխաների և պատանիների համար։ Դրանց թվում է նաև Ամառային դպրոցի ծրագիրը, որի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում ՏՏ հմտություններ և հաղթահարում տարբեր բարդության մարտահրավերներ։ Ամառային դպրոցն այդ պատանիների համար մոտիվացվելու վայր է, որտեղ նրանք գալիս են մեծ ոգևորությամբ։
Այս տարի ևս Ամառային դպրոցն անցկացվել է 2 հոսքով։ Առաջին հոսքը մեկնարկել է հունիսին՝ հետևյալ երկու խմբերով՝
- Coding for Kids՝ 8-11 տարեկանների համար, որոնք ուսումնասիրել են Code org, Code monkey, Scratch, K turtle ծրագրերը,
- Web for Teens՝ 12-16 տարեկանների համար, որոնք ուսումնասիրել են HTML, CSS ծրագրերը, որոնց միջոցով կպատրաստեն կայքեր։
Հիմնական դասերից բացի մասնակիցները մասնակցել են նաև փափուկ հմտություններ զարգացնող դասաժամերի՝ մարքեթինգ, բիզնես ռազմավարություն, TRIZ, Canva, Video editor, ստարտափների ներկայացում, կիբեռանվտանգություն, Unity, Quick typing և այլն։ Ծրագիրը ներառել է նաև այց ՏՏ ընկերություն, ինչը լավ հնարավորություն է մասնագետների հետ շփվելու և իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու համար։
Դասընթացների ընթացքում երեխաները ոչ միայն նոր հմտություններ են ձեռք բերում, այլև ծանոթանում են, թե ինչ է իրենից ներկայացնում աշխատանքը ՏՏ ոլորտում։ Սա նրանց հետագայում օգնում է կողմնորոշվել՝ արդյո՞ք ցանկանում են աշխատել ՏՏ ոլորտում։ Դասընթացավարներն, իհարկե, մեծապես խրախուսում են մասնակիցներին սովորել և խորհուրդներ տալիս՝ ապագայում տեխնոլոգիական մասնագիտության ընտրության հարցում։
Օրինակ՝ ամառային դպրոցի մասնակիցներից Վրեժ Գևորգյանը, ով նախորդ տարի հաճախել է Ամառային դպրոցի Coding for Kids դասընթացին, այս տարի որոշել է հաճախել Web for Teens դասընթացին ու խորացնել գիտելիքները ծրագրավորման ասպարեզում։
Ամառային դպրոցից գոհ են ոչ միայն մասնակիցները, այլև՝ ծնողները։ «Յուրաքանչյուր օր հագեցած էր նորություններով մեր երեխաների համար։ Սա մեծ ներդրում էր ամառային օրերն օգտակար ու արդյունավետ անցկացնելու համար»,- նշել է Գայանե Գևորգյանը։
Ամառային դպրոցի այս տարվա մյուս հոսքը մեկնարկել է հուլիսին, որի ընթացքում մատուցվել է Graphic design for Teens դասընթացը։ Մասնակիցները սովորել են աշխատել Adobe Photoshop և Adobe Illustrator գործիքներով։
Ամառային դպրոցը կազմակերպվում է արդեն 10 տարի շարունակ և այս ժամանակահատվածում կենտրոն հաճախած բոլոր երեխաները մեծ հաճույքով մասնակցել են դասերին, իսկ շատերը շարունակել են հաճախել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի երեխաների համար կազմակերպվող երկարաժամկետ դասերին։ Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ մասնակիցները, որոնք որոշում են շարունակել իրենց կարիերան ՏՏ ոլորտում, ամառային դպրոցի շնորհիվ կստանան նախնական որակյալ կրթություն։ Այս ճանապարհով Հայաստանն ապագայում կունենա առավել մեծ թվով որակյալ մասնագետներ։
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) (հիմնված 2011թ․) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ մեծահասակների և երեխաների համար։
Կենտրոնի կողմից կազմակերպվող այս և այլ դասընթացների մասին կարող եք տեղեկանալ հետևյալ սոցիալական հարթակներից` Facebook, LinkedIn, Telegram: