Արամ Բաբայանի չհանձնվելու պատմությունը
Երբեք չհանձնվել, մշտապես առաջ շարժվել, դժվարություններից չկոտրվել, այլ ուժ ստանալ ու շարժվել առաջ։ Այսպիսին է 21-ամյա Արամ Բաբայանի կյանքի կարգախոսը:
Սկզբում մատուցողի օգնական, հետո մատուցող, ավագ մատուցող, այժմ՝ բարմեն։ Աշխատանքային աճը հստակ երևում է Արամի քառամյա գործունեության մեջ։ Այն հարցրին, թե դժվար ժամանակներում ինչն է ուժ տվել շարունակել, Արամը պատասխանում է․
— Երբեք տաք գլխով որոշումներ չեմ կայացրել։ Արդեն 4 տարի է՝ աշխատում եմ «Թեժ լեռ» հանգստյան գոտում։ Դժվարություններին պետք է դիմադրել համբերատարությամբ, և երբ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, ավելի ես ոգևորվում և նոր նպատակներ սահմանում։
Արամի կյանքը լի է նպատակներով, որոնցից ամենահավակնոտը, թերևս, սեփական ռեստորան ունենալն է։ Արամը փոքր քայլերով առաջ է գնում՝ փորձելով իրականություն դարձնել նպատակը, որի համար գիտելիքի ու հմտությունների զարգացման տարբեր ուղիներ է գտնում։ Առաջիկայում պլանավորում է հաճախել մենեջմենթի դասընթացի, ինչպես նաև մասնակցել բարմենի և խոհարարության դասընթացների՝ պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու համար։ Սեփական ռեստորան ունենալու նպատակն իրագործելու համար Արամը փորձում է ձեռք բերել հիմնարար և մասնագիտական գիտելիքներ և ծրագրում է սկզբնական շրջանում ավելի փոքրամասշտաբ ծրագրեր իրագործել։
Մասնագիտական նոր հմտություններով զինվելու ձգտումը Արամին բերեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ մասնակցելու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում կազմակերպված հյուրընկալության ոլորտում դասընթացավարների վերապատրաստման՝ «Սպասարկում և սպասքադրում» և «Սննդի անվտանգություն և անձնական հիգիենա» դասընթացներին։
Արամին ամենից շատ հետաքրքրել էր սննդի անվտանգությանը վերաբերող դասընթացը, որին մասնակցելուց անմիջապես հետո աշխատավայրի խոհարարների, մատուցողների և մյուս աշխատակիցների հետ կիսվել էր ձեռք բերած նոր գիտելիքով ։ «Անհրաժեշտ է հյուրընկալության ոլորտը զարգացնելով՝ նորովի ներկայացնել Լոռու մարզը»,- նշում է Արամը։
Արամի խոսքով՝ հյուրընկալության ոլորտում ամենակարևոր բաղադրիչներից մեկը բարձրորակ սպասարկում ապահովելն է, և այդ պարագայում ակնհայտ է լինում այցելուների թվաքանակի աճը։ Արամի կարծիքով՝ հայրենի քաղաքում՝ Վանաձորում, համեմատած հայաստանյան այլ քաղաքների հետ, սպասարկման ոլորտը որոշակիորեն կաղում է և համեմատաբար ցածր մակարդակի վրա է գտնվում։ Հիմնական լուծումն, ըստ Արամի, նորը սովորելու և կատարելագործվելու ձգտումն է։
Լինելով մարզաբնակ՝ Արամը կարծում է, որ երիտասարդներն անձամբ պետք է ներգրավված լինեն իրենց մարզերի զարգացման գործում։ Նա երիտասարդներին խորհուրդ է տալիս ակտիվ լինել և հաղթահարել բարդույթները։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» դասընթացների մասնակիցները մշտապես կերտում են հաջողության պատմություններ։ Դու՛ էլ դարձիր հաջողության մի մասը։