Կամավորական աշխատանքից դեպի կարիերա
«Փնտրել ու գտնել այն մասնագիտությունը, որն իսկապես գոհացնում է, և դարձնել այն ապրելակերպ և աշխատանք»,- խորհուրդ է տալիս գյումրեցի Մանե Մկրտչյանը։
17-ամյա Մանեն «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մասնակցել է «Social Media Marketing» դասընթացին, ապա աշխատանքի անցել այս մասնագիտությամբ։
Դպրոցական Մանեին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (EIF Gyumri Technology Center — GTC) է «բերել» Vol.2 երիտասարդական նախաձեռնությունը, որի շրջանակում նա ակտիվորեն աջակցում էր սոցիալական հարթակներում ԳՏԿ-ի գործունեության լուսաբանմանը՝ ստեղծելով երիտասարդներին հետաքրքրող բովանդակություն։
Մանեն փոքր ժամանակ երազել է բժիշկ դառնալ, սակայն մեծանալուն զուգընթաց՝ հասկացել է, որ պետք է ունենա այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա անդադար շփվել մարդկանց հետ։ Մասնագիտության ընտրության հարցում երկար է մտորել, ներգրավվել կամավորական տարբեր ծրագրերում, այդ թվում նաև ԳՏԿ-ի ՍՄՄ-ի աշխատանքներում։ Կենտրոնում ՍՄՄ դասընթացի մեկնարկի մասին լսելուց հետո, որոշել է ուժերը փորձել այս մասնագիտության մեջ՝ արդեն իսկ ունենալով որոշակի գիտելիք։ «Մեծ էր ցանկությունը սովորել լսարանի թիրախավորման նրբությունները, տիրապետել սոցցանցերում գովազդի կառավարման հմտություններին։ Ուզում էի լուրջ գիտելիքներ ստանալ ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել, տիրապետել ՍՄՄ-ի տարբեր գաղտնիքների ու առաջխաղացման մեթոդների»,- ասում է Մանեն։
Մանեի խոսքով՝ դասընթացի մեկնարկին արդեն հստակ նպատակներ ուներ՝ ստեղծել հնարավորինս հետաքրքիր ու գրավիչ բովանդակություն։ Թեև ընտրել է ժամանակակից մասնագիտություն, սակայն քիչ չեն եղել նաև շրջապատող աշխարհից լսվող քննադատական կարծիքները։ Հաճախակի է լսել, որ ՍՄՄ-ը մասնագիտություն չէ, ընդամենը տեսանյութերի պատրաստում է, որոնք բոլորն էլ կարողանում են անել։ «Ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես է ստեղծվում ու զարգանում այս մասնագիտությունը, մի քանի տարի առաջ ՍՄՄ մասնագիտություն չկար, իսկ հիմա ամեն մի փոքր ընկերություն, խանութ ուզում է ունենալ ՍՄՄ մասնագետ, որ կարողանա առաջխաղացում ապահովել»,- ասում երիտասարդ մասնագետը։
Դասընթացի ավարտից հետո նա հաջողությամբ հանձնել է բուհական ընդունելության քննություններն ու ընդունվել ԵՊՀ-ի կառավարման ֆակուլտետ։ Զուգահեռ փնտրել է աշխատանք և ԳՏԿ-ից տեղեկացել է տարբեր ընկերություններում առկա թափուր հաստիքների մասին, դիմել է, ապա աշխատանքի է անցել «Digilab» մարքեթինգային ընկերությունում՝ որպես ՍՄՄ մասնագետ։ Դժվարությունների մասին խոսելիս՝ նշում է, որ մինչև աշխատանքի անցնելը մտածում էր ամեն մի ՍՄՄ մասնագետ միայն մեկ նախագիծ է համակարգում, խթանում առաջխաղացմանը, սակայն աշխատանքի անցնելուց հետո միանգամից բաժին են հասել մի շարք ծրագրեր, նախագծեր։
«Միանգամից 9 պրոեկտ ինձ բաժին հասավ, որի շրջանակում պետք է անընդհատ թիմի հետ հաղորդակցվեի, սկզբնական շրջանում սա ամենադժվարն էր»,- ավելացնում է Մանեն։
Նա, լինելով թիմի ամենակրտսեր անդամը, դժվարություններից չի խուսափել և դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ կարողացել է ստեղծել աշխատատեղի պահանջներին համապատասխան բովանդակություն։
«Տեսանյութեր ստեղծելը ստաբիլ բան չէ, որ օրենքով անես, հիմնական գործիքները կարող են նույնը լինել, բայց ֆորմատներն ու թրենդներն այս ոլորտում շատ արագ են փոփոխվում, ու պետք է հասցնել ընթացքի հետ առաջ շարժվել»։
Մանեն այժմ բնակվում է Երևանում, հաճախում ԵՊՀ, աշխատում առցանց, սակայն վստահ է՝ բուհն ավարտելուց հետո նորից վերադառնալու է Գյումրի։ Մարզերում երիտասարդների ակտիվացման, հետաքրքրությունների ձևավորման, աշխատատեղերի բացման վերաբերյալ խոսելիս՝ Մանեն վստահեցնում է՝ կարևոր է, որ մարզերի երիտասարդները ձեռք բերեն որակյալ կրթություն, սովորեն լավագույն բուհերում, սակայն այն ավարտելուց հետո վերադառնան իրենց բնակավայրերն ու փոփոխություններ իրականացնեն։
«Ես բոլորին եմ ասում, սովորեք, գիտելիք ձեռք բերեք ու գնացեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կա»,- խոսքը եզրափակում է Մանե Մկրտչյանը։
«Social Media Marketing» դասընթացն անցկացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (Armenia Workforce Development Activity — Implemented by EIF) ներքո՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։