Հայաստանի՝ նորարարական ինժեներական լուծումների գլոբալ կենտրոն դառնալու ճանապարհին վերջին տարիներին իրականացվող ամենահավակնոտ նախագծերից մեկը «Ինժեներական քաղաք»-ն է։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության, և մասնավոր գործընկերների համագործակցությամբ և մասնակցությամբ ստեղծված «Ինժեներական քաղաք»-ը նպատակ ունի խթանել երկրի տնտեսական զարգացումը, բարձրացնել մրցունակությունը և ապահովել նոր  աշխատատեղերի ստեղծումը:

«Ինժեներական քաղաք»-ում առկա են համատեղ օգտագործման լաբորատորիաներ և սարքավորումներ, որոնք հասանելի են ավագ դպրոցի աշակերտներին, համալսարանի ուսանողներին, հետազոտողներին և փորձառու ինժեներներին։ Այսօր կպատմենք «Ինժեներական քաղաք»-ում իրականացվող կրթական նախաձեռնությունների մասին։

«Ինժեներական դպրոց»՝ ավագ դպրոցի աշակերտների համար

«Ինժեներական քաղաք»-ի կրթական նախաձեռնությունների անկյունաքարերից մեկը «Ինժեներական դպրոց» ծրագիրն է՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների շրջանում ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն զարգացնելու համար:

Վեցամսյա անվճար ծրագիրը ներառում է ավիամոդելավորման, ռադիոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և մեխատրոնիկայի դասընթացներ: Մասնակիցները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և դրանք կիրառում գործնական առաջադրանքներում/աշխատանքներում օգտագործելով գերժամանակակից գործիքներ՝ ստեղծում են իրական նախագծեր:

«Շուրջ 200 ուսանող արդեն մասնակցել է ծրագրին։ Ուսանողները նաև այցելել են ինժեներական ընկերություններ՝ ծանոթանալու լաբորատորիաներին և արտադրական գործընթացին, ինչպես նաև նախագծվող և իրականացվող ծրագրերին»,- նշում է «Ինժեներական քաղաք» ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը։

Ռոբոտաշինության դասընթացի մասնակից Տիգրան Սարուխանյանն ընդգծում է, որ դասընթացն օգնել է իրեն  կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։

Գարիկ Հարությունյանը, ով ավարտել է Մեխատրոնիկայի դասընթացը, նշում է. «Մեխատրոնիկա կրթական ծրագիրը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական կողմնորոշման վրա, քանի որ հենց դրա շրջանակներում եմ ծանոթացել էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի աշխարհին»։

Վահան Պողոսյանը ևս Մեխատրոնիկայի դասընթացի ուսանողներից է։ «Մինչև կրթական ծրագրին մասնակցությունը, արդեն հետաքրքրված էի ինժեներությամբ, իսկ դասընթացն ավելի խորացրեց այդ հետաքրքրությունը ու դրդեց էլ ավելի մասնագիտանալ ոլորտում»։ 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժերական ասոցիացիայի կողմից մշակված և իրականացվող «Ինժեներական դպրոց» ծրագիրը գրանցել է մի շարք հաջողության պատմություններ, երբ ուսանողները միացել են «Ինժեներական քաղաք»-ի ընկերություններին։ Մեխատրոնիկա կրթական ծրագրի շրջանավարտներից Գևորգ Ստեփանյանն, օրինակ, ավարտելով դասընթացը, այժմ պրակտիկա է անցնում Yerevan Aerospace Engineering ընկերությունում։

Տեխնոլոգիական գործնական հմտություններ՝ «ԲԱԳՐԵՎԱՆԴ 21» ծրագրի շրջանակում

1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար նախատեսված «ԲԱԳՐԵՎԱՆԴ 21» ծրագիրը, որն իրականացվում է Ինժեներական ասոցիացիայի համագործակցությամբ, տրամադրում է տեխնիկական և տեխնոլոգիական գործնական հմտություններ: Վեց ամիս տևող այս անվճար ծրագիրն ուսանողներին ծանոթացնում է հիմնական չափիչ գործիքների, էլեկտրոնային սխեմաների նախագծման և «Ինժեներական քաղաք»-ում չափիչ սարքերի և համակարգերի կիրառմամբ գործնական նախագծերի հետ:

«Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտ ընկերությունների փորձագետների գլխավորությամբ մասնակիցները ստեղծում են իրական նախագծեր՝ զարգացնելով իրենց ինժեներական մտածողությունը և կազմակերպչական հմտությունները:

Ծրագիրն էլ ավելի գրավիչ են դարձնում սեմինարները, ներկայացման և գրավոր հմտությունների զարգացման դասընթացները, ինչպես նաև փոխգործակցությունը պրոֆեսիոնալ ինժեներների հետ:

«Էլեկտրոնային սարքեր և չափման համակարգեր» ամբիոն՝ կամրջելով կրթությունն ու արդյունաբերությունը

Ինժեներական քաղաքում գործում է  «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, որը  հերթական հաջողված փորձն է՝ ակադեմիական կրթությունն ու արդյունաբերությունը միավորելու հարցում: Բակալավրի այս քառամյա ծրագիրը համատեղում է ավանդական և արդյունաբերական կրթությունը՝ «Ինժեներական քաղաք»-ում անցկացվող դասախոսությունների և հետազոտությունների հետ:

Ծրագրի շրջանավարտներն ունեն հմտությունների լայն շրջանակ, ինչը նրանց հնարավորություն է տալիս կառուցել ժամանակակից բարդ ինժեներական համակարգեր:  Ծրագրում դասավանդում են նաև փորձառու ինժեներներ, որոնք իրենց գիտելիքները և փորձառությունը  փոխանցում են հաջորդ սերնդին։

«Ավիատիեզերական ճարտարագիտություն» նոր մագիստրոսական ծրագիր

2023թ. 13 ուսանող սկսել է ուսումը «Ավիատիեզերական ճարտարագիտություն» մագիստրոսական նոր ծրագրի շրջանակում։ Այն ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից:

«Ավիատիեզերական ճարտարագիտություն» ծրագրի շրջանակում մասնագիտական դասընթացները, ինչպես նաև հետազոտություններն անցկացվում են «Ինժեներական քաղաք»-ում:

Ծրագիրը մշակվել և իրականացվում է հետևյալ ընկերությունների աջակցությամբ՝ National Instruments Armenia, the Armenian Engineers and Scientists America, ATG, Yerevan Aerospace Engineering, Armenian Aerospace Agency և BAZOOMQ տիեզերական հետազոտությունների լաբորատորիա:

«Այս համագործակցությունը կնպաստի համալսարանարդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդմանը՝ խթանելով ռեսուրսների տեղաբաշխումը և կարգավորելով աշխատաշուկայում ինժեներների տարեցտարի աճող պահանջարկը: Նշեմ, որ ծրագրի մասնակիցները ստանում են կրթաթոշակներ»,- նշում է Մարինա Վարդանյանը։

«Ավիատիեզերական ճարտարագիտություն» ծրագիրը հնարավորություն կտա ձևավորել ոլորտի մասնագետների համայնք, որը պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև տեսական և գործնական գիտելիքներով համակողմանի պատկերացում ունենալ գիտության և արտադրության մասին: Վերջիններս կդառնան Հայաստանում այս ոլորտի զարգացման առաջամարտիկները, ինչն իր հերթին կնպաստի համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես «ինժեներական կենտրոնի» դիրքավորմանը։

Դասախոսություններ, դասընթացներ՝ հրավիրյալ փորձագետների կողմից

«Ինժեներական քաղաքն» ակտիվորեն խթանում է շարունակական ուսուցման մշակույթը՝ կանոնավոր դասախոսությունների և տեխնոլոգիական դասընթացների միջոցով: Բարձրակարգ փորձագետները ուսանողների հետ կիսում են իրենց անգնահատելի փորձը՝ տրամադրելով տեղեկատվություն ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրյալ մասնագետներն ու հետազոտողները հաճախ այցելում են «Ինժեներական քաղաք»՝ թե կարճաժամկետ և թե երկարաժամկետ դասընթացներ անցկացնելու համար։

***

«Ինժեներական քաղաք» ծրագիրը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցում՝ Հայաստանը ինժեներական տեխնոլոգիաների արտադրանքի և ծառայությունների համաշխարհային արտահանողի վերածելու ուղղությամբ:

Կրթության նկատմամբ իր համապարփակ մոտեցման միջոցով «Ինժեներական քաղաքը» կրթում է բարձրակարգ մասնագետների և խթանում նորարարության և համագործակցության մշակույթի զարգացումը: Տարբեր կրթական նախաձեռնությունները՝ «Ինժեներական դպրոց»-ից մինչև «Ավիատիեզերական ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագիր, ուսանողներին զինում են հմտություններով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են արագ զարգացող ինժեներական ոլորտում զարգանալու համար:

Կամրջելով ակադեմիական արդյունաբերական ուղղությունները, «Ինժեներական քաղաքը» Հայաստանը դիրքավորում է որպես ինժեներական նորագույն լուծումների տարածաշրջանային հանգույց և նպաստում երկրի տնտեսական աճին ու մրցունակության բարձրացմանը համաշխարհային հարթակում: