Արհեստական բանականությունն ու կրթությունը՝ ուսուցիչների դերը տեխնոլոգիական դարաշրջանում
Ո՞րն է ուսուցչի դերը արհեստական բանականության տեխնոլոգիական դարաշրջանում
Ուսուցիչները պետք է մնան կրթական համակարգի առանցքում՝ արհեստական բանականության (ԱԲ) աջակցությամբ, այլ ոչ թե փոխարինմամբ։
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) 2024թ․-ի զեկույց
AI/ԱԲ-ն դարձել է տարբեր ոլորտների` ներառյալ կրթության, անբաժանելի մասը։ Այն մեծ ազդեցություն է թողել թե՛ գլոբալ, թե՛ հայաստանյան իրականության վրա՝ առաջացնելով միաժամանակ և՛ ռիսկեր ու մտահոգություններ, և՛ հուսադրող սպասելիքներ։
Արդյունավետ կիրառման դեպքում ԱԲ-ն կարող է նպաստել կրթության որակի բարձրացմանը․ բարելավել ուսուցման գործընթացը, աջակցել ուսուցիչներին նոր գործիքներով և մեթոդներով, ինչպես նաև աշակերտներին ապահովել աշխատաշուկային համապատասխան գիտելիքներով ու հմտություններով։ Կրթական տեխնոլոգիաների` հատկապես ԱԲ-ի ներդրումը մեծ ներուժ ունի դասավանդման գործում։
Ամբողջ աշխարհում մանկավարժներն արդեն ներգրավված են ԱԲ-ի կիրառման գործընթացում, և ներկայումս իրականացվում են ինչպես փորձնական, այնպես էլ լայնածավալ ծրագրեր՝ ԱԲ-ն կրթության մեջ ինտեգրելու համար։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը 2024թ.-ի նոյեմբերից մեկնարկել է AI4ALL նախաձեռնությունը, որի շրջանակում մշակվել և պարբերաբար իրականացվում է «Արհեստական բանականության գործիքները մանկավարժների համար» դասընթացը։ Մինչ օրս վերապատրաստվել են արդեն 160 մանկավարժներ, ովքեր ծանոթացել են AI/ԱԲ գործիքներին և սկսել դրանք կիրառել դասավանդման ընթացքում։
«Ժամանակը թելադրում է, որ սկսենք կիրառել արհեստական բանականության գործիքներ։ Աշակերտներս գիտեին, տիրապետում էին գործիքներին, իսկ ես չգիտեի՝ ինչն ինչպես անել»,- ասում է դասընթացի մասնակից Վարսինե Ծատուրյանը, ով Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչն է։ Վարսինեի հետ դասընթացին մասնակցել են Չինչինի դպրոցի ևս 3 ուսուցիչ։ «Շատ կարևոր է ունենալ ժամանակակից կրթության պահանջներով սահմանված հմտություններ և կարողություններ»,- դասընթացի մասնակցելու շարժառիթի մասին խոսելիս՝ ընդգծում է Աստղիկ Գաբրիելյանը։
«Աշակերտները վաղուց են ծանոթ AI/ԱԲ գործիքներին, իսկ մենք նոր ենք սովորում»
Վարսինե Ծատուրյանն ասում է, որ իր սիրելի ուսուցիչներից մեկով ոգևորվելով էլ ցանկացել է դառնալ ուսուցիչ․ «Շատ լավ եմ հիշում, ինչպես առաջին անգամ իմ սիրելի ուսուցչուհին կարմիր մատյանը ձեռքին ներս մտավ դասարան․․․ այդ պահը, կարմիր մատյանը, տպավորիչ էին։ Ու հենց այդ վայրկյանին ես էլ որոշեցի ընտրել ուսուցչի աշխատանքը»։ Ժամանակի ընթացքում կրթական միջավայրը փոխվեց, և ուսուցիչները սկսեցին աշխատել նոր պահանջներին՝ կրթական նոր չափորոշիչներին, էլեկտրոնային մատյաններին համապատասխան։ «Կարմիր մատյանները վերացան, թվային գործիքները դարձան մեր աշխատանքի անբաժան մասնիկը»,- հավելում է Վարսինեն։
Ռուսաց լեզվի ուսուցիչ Աստղիկ Գաբրիելյանի խոսքով՝ այսօրվա ուսուցիչը պետք է լինի տեղեկացված անկախ նրանից՝ աշխատում է մայրաքաղաքում, թե սահմանապահ գյուղում։
Եվ այսօրվա տեխնոլոգիական իրականությունն այդ հնարավորությունը տալիս է։ «Պետք է անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, «համագործակցել» արհեստական բանականության հետ։ Սովորողների համար պետք է լինել մոտիվացիայի խթան, կյանքի օրինակ և ավագ ընկեր»,- հավելում է նա։
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լիանա Մարդանյանը համակարծիք է գործընկերների հետ և համոզված է՝ արդյունավետ աշխատելու համար պետք է լինել ճկուն ու արագ հարմարվել փոփոխություններին։ «Այսօրվա ուսուցիչը պետք է լինի ոչ միայն գիտելիք փոխանցող, այլ պետք է հասկանա յուրաքանչյուր աշակերտի կարիքները, հմտությունները, տաղանդները և համապատասխանեցնի ուսուցման մեթոդները յուրաքանչյուրին»,- նշում է Լիանան։
ԱԲ-ի կիրառման երկակի մոտեցումները կրթության մեջ
Ամբողջ աշխարհում ԱԲ-ով աշխատող գործիքների լայն տարածումը բերել է երկու հիմնական մոտեցման.
- Բացառում ԱԲ-ի կիրառությունը դասապրոցեսում՝ աշակերտների կողմից հնարավոր չարաշահումների և տվյալների անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով։
- Հարմարվողական կիրառություն՝օգնելով աշակերտներին զարգացնել քննադատական մտածողություն և աշխատել տեխնոլոգիաների հետ։
Վարսինեն նշում է, որ աշակերտներն արհեստական բանականության միջոցով ոչ թե փորձում են զարգացնել իրենց ստեղծարարությունն ու միտքը, այլ այն կիրառում են տնային աշխատանքն արագ կատարելու ու ջանք չթափելու համար, որն էլ իր հերթին առաջացնում է ծուլություն։ «Շատ ենք խոսում, փորձում ուղղորդել, որ այս հնարավորություններից ճիշտ կերպով օգտվեն»,- հավելում է Վարսինեն։
AI/ԱԲ-ն որոշ դեպքերում խոչընդոտ է դառնում աշակերտների մտածողության զարգացման համար, և դժվար է նրանց միանգամից սովորեցնել՝ ինչպես ճիշտ կիրառել այս գործիքները։ «Ամենափոքր խնդիրն անգամ փորձում են արտագրությամբ լուծել, ինչը ցույց է տալիս, որ ուսուցիչներն այս ուղղությամբ դեռ երկարատև աշխատանք ունեն կատարելու։ Պետք է սովորեցնել, թե ինչպես ճիշտ և տեղին օգտագործել արհեստական բանականության գործիքներն ու հնարավորությունները»,- նշում է Աստղիկը։
Մյուս կողմից ներկայումս աշակերտները պահանջում են ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր ձևաչափ դասերի ընթացքում։ «Օրինակ՝ ուսումասիրում էինք «մակբայ» թեման, AI/ԱԲ-ով թեստեր, խաղեր կազմակերպեցինք, ինչի արդյունքում՝ աշակերտների հետաքրքրությունը մեծացավ»,- ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լիանա Մարդանյանը։
Վարսինեն էլ օգտագործում է ԱԲ/AI գործիքներ՝ տնային առաջադրանքներն ավելի գրավիչ դարձնելու համար․«Աշակերտներին հանձնարարել էի մանրամասն նկարագրել իրենց երազանքի տունը և այդ նկարագրության հիման վրա ստեղծել էսսե։ Այնուհետև պետք է ԱԲ/AI-ի միջոցով գեներացնեին իրենց նկարագրած տունը, և որքան մանրամասն ու հարուստ լիներ շարադրանքը, այնքան ավելի լավ դիզայն կստացվեր։ Սա ոգևորել էր աշակերտներին, իսկ արտագրությունը զգալիորեն նվազել էր»,- կիսվում է իր փորձով:
Ժամանակի և ռեսուրսների արդյունավետ կառավարում
Կրկնվող վարչարարական առաջադրանքների ծանրաբեռնվածությունը հաճախ դիտարկվում է որպես կրթության ոլորտում ուսուցչի աշխատանքի որակի վրա ազդող հիմնական գործոններից մեկը:
Ռուսաց լեզվի ուսուցիչ Աստղիկի խոսքով՝ ուսուցիչների աշխատանքը վերջին տարիներին դարձել է ավելի ծանրաբեռնված։ «Ոչ միայն դասավանդում ենք, այլև զբաղվում ենք տեխնիկական հարցերով, թղթաբանությամբ ու պլանավորմամբ։ Արհեստական բանականությունն այս հարցում իսկապես մեզ օգնում է»,- ասում է նա։
AI4ALL-ի«Արհեստական բանականություն մանկավարժների համար» դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են ինչպես օգտագործել AI/ԱԲ գործիքները թեստերի պատրաստման, դասերի պլանավորման, դասացուցակի կազմման և այլ գործընթացներում։ Նրանք ծանոթացել են ուսուցման գործընթացի կազմակերպման մեթոդներին, սովորել՝ ինչպես վերլուծել աշակերտների առաջադիմությունը։ Այս ամենի շնորհիվ էլ կարողանում են ժամանակն արդյունավետ կիրառել։
«Որոշել եմ մեր դպրոցի ուսուցիչների համար սեմինար կազմակերպել, որտեղ մեր ձեռք բերած հմտություններով կկիսվենք։ Իսկապես ավագ սերունդը շատ է դժվարանում, իսկ նոր գործիքների շնորհիվ կարելի է որոշ աշխատանքներ իրականացնել սեղմ ժամկետներում»,- նշում է Աստղիկ Գաբրիելյանը։
AI/ԱԲ-ն պետք է ծառայի ուսուցիչների դերի հզորացմանը, այլ ոչ թե նրանց փոխարինմանը։
AI/ԱԲ-ի ինտեգրումը կրթության մեջ հնարավորություն է տալիս ուսուցիչներին ավելի արդյունավետ կազմակերպել վարչական գործառույթները, ինչը նրանց թույլ է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել աշակերտների հետ շփմանը և արագ հետադարձ կապ ապահովել։
Ուսուցիչների շրջանում մտահոգություն կա, որ AI/ԱԲ-ն մի օր կարող է ամբողջությամբ փոխարինել ուսուցչին։ «Մի քանի տարի անց, միգուցե, բոլոր առարկաները դասավանդի մեկ մասնագետ՝ արհեստական բանականությունը»,- ասում է Հասմիկ Քալանթարյանը։ Այնուամենայնիվ, նա հավելում է, որ քանի դեռ ԱԲ-ն չի կարող ամբողջությամբ փոխարինել ուսուցչի դերը, անհրաժեշտ է այն դիտարկել որպես աջակցող գործիք, այլ ոչ թե փոխարինող միջոց։