EIF-ի AI4ALL նախաձեռնությունն ու մանկավարժները․ Ի՞նչ է մնում մեզ անել․ հարմարվել և սովորել
Առաջին անգամ Կարինե Մայիլյանը անմիջական շփում ունեցավ արհեստական բանականության հետ այս տարեսկզբին։ Նա լսել էր ChatGPT-ի մասին և որոշել էր փորձել այն՝ թեմատիկ պլան կազմելիս։ Թեև առաջին փորձը դեռ լիարժեք չէր, այն բավական հուսադրող էր։ Ժամանակի ընթացքում Կարինեն սկսեց հասկանալ, որ ԱԲ-ից արդյունավետ օգտվելու համար հարկավոր է հստակ ձևակերպել հարցերն ու առաջադրանքները։
Կարինե Մայիլյանը վաստակավոր մանկավարժ է՝ մաթեմատիկայի ուսուցիչ։ Նա դասավանդում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Վանաձորի թիվ 20 դպրոցում։ Վերջերս մասնակցել է Enterprise Incubator Foundation-ի կողմից իրականացվող #AI4All նախաձեռնության շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականության գործիքները մանկավարժների համար» դասընթացին և հաջողությամբ ավարտել է այն։
«Համացանցից տեսա, որ դասընթաց է անցկացվելու, և որոշեցի մասնակցել, – պատմում է Կարինե Մայիլյանը։ – Ցանկություն ունեի ավելի խորությամբ հասկանալու, թե ինչպես կարող եմ արհեստական բանականության գործիքները կիրառել դասավանդման գործընթացում։ Դասընթացի ընթացքում բացահայտեցի նոր մոտեցումներ ու հնարավորություններ, որոնք նախկինում չէի պատկերացնում»։
Չնայած նրան, որ նախկինում էլ որոշ փորձ ուներ՝ օգտագործելով ChatGPT և մի քանի այլ հարթակներ, Կարինեն ընդգծում է, որ այս դասընթացն օգնել է գործիքներին ավելի խորությամբ տիրապետել, հասկանալ դրանց տրամաբանությունն ու հնարավորությունները։
Կարինեն ասում է, որ ԱԲ գործիքներից արդյունավետ օգտվելու համար կարևոր է հստակ ու ճիշտ ձևակերպել առաջադրանքները։ Նրա դիտարկմամբ՝ երբ տեղեկատվությունը թերի, անորոշ կամ սխալ է ներկայացված, Աբ/AI գործիքը ևս տալիս է թերի պատասխան։
Կարինեն վստահ է՝ ԱԲ/AI-ն կարող է զգալիորեն օգնել ուսուցիչներին, մասնավորապես՝ տեխնիկական աշխատանքների իրականացման հարցում։ Օրինակ՝ սահիկաշարերի պատրաստումը կամ թեմատիկ պլանների մշակումն, ըստ Կարինեի, կարելի է վստահել ԱԲ-ին՝ հնարավորություն տալով ուսուցչին կենտրոնանալ բովանդակության որակի, ինչպես նաև աշակերտների հետ շփման վրա։ Կարինեն հավատում է, որ ժամանակակից մանկավարժը պետք է քայլի նոր տեխնոլոգիաների հետ համընթաց և փորձի դրանք գործնականում կիրառել։
«Արհեստական բանականությունը դեռ զարգանում է, և անկեղծ ասած, բարելավման մեծ պոտենցիալ ունի։ Բայց վստահ եմ՝ եթե մարդը դպրոցում է աշխատում, երիտասարդների հետ է աշխատում պետք է անպայման հետևի նորություններին։ Ես կողմնակից եմ փորձել նոր գործիքները, անկախ նրանից՝ արդյոք դրանք մինչև վերջ արդարացնում են սպասելիքները, թե ոչ։ Գլխավորն այն է, որ տեղեկացված լինես ու փորձես կիրառել դասավանդման ընթացքում»,- եզրափակում է Կարինեն։
Կարինեն հիշում է, որ տարիներ առաջ, երբ բջջային հեռախոսները դեռ չկային, անգամ մի զանգ կատարելու համար անհրաժեշտ էր տուն հասնել ու օգտվել տան հեռախոսից։ Հետագայում բջջային սարքերն աստիճանաբար փոխեցին մարդկանց առօրյան՝ հեշտացնելով կապը և դարձնելով այն հասանելի գրեթե ցանկացած պահի։ Շատ արագ բջջային հեռախոսները դարձան առօրյա կյանքի անբաժան մասնիկ։ Դրանից հետո ի հայտ եկավ համացանցը՝ դառնալով տեղեկատվության, հաղորդակցության ու գործնական աշխատանքի հիմնական բաղադրիչ։ Այսօր հերթը հասել է արհեստական բանականությանը, որը դառնում է ժամանակակից կյանքի նոր իրականությունը։
«Ի՞նչ է մնում մեզ անել։ Հարմարվել և սովորել։ Բայց մյուս կողմից էլ՝ պետք է զգոն լինել։ Ցանկացած նոր գործիք, անկախ նրանից՝ որքան խոստումնալից է, բերում է թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Հիմնականը՝ լինել տեղեկացված, մտածող և պատասխանատու օգտագործող»,- նշում է Կարինեն։
Կարինե Մայիլյանի խոսքով՝ կարևոր է նաև ոչ միայն նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերել, այլ կիսվել իմացածով։ Նրա համոզմամբ՝ թե՛ աշակերտների, և թե՛ գործընկերների հետ փորձի և մտքերի փոխանակումը նպաստում է շարունակական զարգացմանը և փոխադարձ ուսուցմանը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը 2024թ.-ի նոյեմբերից մեկնարկել է AI4ALL նախաձեռնությունը, որի շրջանակում մշակվել և պարբերաբար իրականացվում է «Արհեստական բանականության գործիքները մանկավարժների համար» դասընթացը։ Մինչ օրս վերապատրաստվել են արդեն 287 մանկավարժներ, ովքեր ծանոթացել են AI/ԱԲ գործիքներին և սկսել դրանք կիրառել դասավանդման ընթացքում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են ինչպես օգտագործել AI/ԱԲ գործիքները թեստերի պատրաստման, դասերի պլանավորման, դասացուցակի կազմման և այլ գործընթացներում։ Նրանք ծանոթացել են ուսուցման գործընթացի կազմակերպման մեթոդներին, սովորել՝ ինչպես վերլուծել աշակերտների առաջադիմությունը։ Այս ամենի շնորհիվ էլ կարողանում են ժամանակն արդյունավետ կիրառել։