AI4ALL․ ինչպես է արհեստական բանականությունը փոխում կրթությունն ու աշխատանքը
Այսօր արհեստական բանականությունը (ԱԲ) փոխում է մեր բոլորի աշխատանքային ու անձնական կյանքը՝ բժշկությունից մինչև դասավանդում, հետազոտություններից մինչև թվային արվեստ։ ԱԲ-ն այլևս նորություն չէ․ այն դարձել է գործիք, որն օգնում է աշխատել ավելի ճկուն, արագ և ժամանակի պահանջներին համապատասխան։
Ըստ վերջին տվյալների՝ միայն ChatGPT-ն օրական ունի ավելի քան 122.58 միլիոն օգտատեր, իսկ Microsoft-ի 2024 թ․ հարցման համաձայն՝ 31 երկրի ավելի քան 31,000 աշխատողների 75%-ը նշել են, որ օգտագործում են ԱԲ իրենց աշխատանքում։
Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշում է․ «Դուք չեք կորցնելու ձեր աշխատանքը արհեստական բանականության պատճառով, այլ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այն»։
AI4ALL՝ հայաստանյան ամենամեծ ԱԲ ուսուցման նախաձեռնությունն է, որը ներառում է ՀՀ բոլոր մարզերը
Այս նոր իրականությանն արձագանքելով՝ 2024թ․ նոյեմբերից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկեց AI4ALL նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով հզորացնել երիտասարդներին և փոխանցել դարաշրջանի պահանջներին համապատասխան հմտություններ։
Դասընթացները հասանելի էին Հայաստանի բոլոր մարզերի մասնակիցների համար՝ ապահովելով հավասար հնարավորություն։
AI4ALL-ը չի սովորեցնում, թե ինչպես ստեղծել արհեստական բանականության գործիքներ, այլ՝ ինչպես կիրառել ԱԲ հիմքով գործիքներ՝ տարբեր մասնագիություններում ու աշխատանքային գործընթացներում՝ լինի դա մարքեթինգ, գրաֆիկ դիզայն, նախագծերի կառավարում, կրթություն կամ նույնիսկ ստեղծարար կոդավորում։
Նախաձեռնությունը ներկայումս Հայաստանում ամենամասշտաբային արհեստական բանականության ուսուցման ծրագիրն է, որը ներառում է ՀՀ բոլոր մարզերը։ Միայն 5 ամսում՝
- 2000+ մասնակից միացել է նախաձեռնությանը,
- 1200+ մասնակից ձեռք է բերել մասնագիտական հմտություններ` մասնակցելով օնլայն դասընթացներին՝ AI & Project Management, AI and Graphic Design, AI and Marketing, General AI և այլն։
- 500 ուսուցիչ, մանկավարժ ձեռք է բերել նոր հմտություններ ու սկսել է կիրառել AI հիմքով գործիքներ դասավանդման ժամանակ
- 200 մասնակից մասնակցել է ավելի ստեղծարար և կիրառական աշխատարանների՝ Creative Coding, Character Design & AI թեմաներով։
- 100 մասնակից մասնակցել է տարբեր թեմատիկ վեբինարների։
Քրիստինե Սարգսյանը Վայոց ձորի Վայք քաղաքից է, մասնակցել ու հաջողությամբ ավարտել է «Մարքեթինգ և AI» դասընթացը։ Նա հետաքրքրված է մարքեթինգով, գրաֆիկ դիզայնով և բիզնեսի զարգացմամբ։ Քրիստինեին մարքեթինգը միշտ հետաքրքրել է, հատկապես՝ թվային ուղղությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել լսարանի ներգրավման մեխանիզմները և զարգացնել բրենդն առցանց հարթակներում։ Քրիստինեի խոսքով՝ «Մարքեթինգ և AI» դասընթացին մասնակցելու նպատակն էր ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրան ավելի արդյունավետ կառավարել սոցիալական մեդիան, ստեղծել որակյալ կոնտենտ և զարգացնել ապագա բիզնեսը։
«AI-ն մեծ հնարավորություններ է բացում մարքեթինգում, և ուզում էի սովորել, թե ինչպես կարող եմ այն կիրառել բիզնեսի առաջխաղացման համար։ Չնայած AI-ի մասին խորացված գիտելիքներ չունեի, գիտակցում էի դրա մեծ ազդեցությունը մարքեթինգի ոլորտում»։
Դասընթացի ընթացքում նա ուսումնասիրել է մի շարք AI գործիքներ, որոնք կիրառվում են կոնտենտի ստեղծման, թիրախավորված գովազդի, սոցիալական մեդիայի վերլուծության գործում։ «Ամենից շատ ինձ հետաքրքրեց AI-ի կիրառությունը կոնտենտի ավտոմատացման և վերլուծության մեջ։ Հետաքրքիր էր տեսնել՝ ինչպես կարելի է արհեստական բանականության օգնությամբ ստեղծել ավելի գրավիչ ու արդյունավետ մարքեթինգային արշավներ»,- նշում է Քրիստինեն։
Ուսուցիչները ևս քայլում են ժամանակին համընթաց
Այս լայնածավալ նախաձեռնությունից դուրս չմնացին նաև ուսուցիչները։ Եթե ցանկանում ենք, որ երիտասարդները դառնան ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետներ, ապա նրանց ուսուցիչները նույնպես պետք է զարգանան ու քայլեն նրանց հետ նույն տեմպով։ Այդ մտածողությամբ էլ AI4ALL-ի շրջանակում հատուկ ուշադրություն դարձվեց դասավանդմանը․ մեկնարկեց «Արհեստական բանականությունը մանկավարժների համար» դասընթացների շարքը։
Սա դարձավ Հայաստանում առաջին և ամենամեծ նախաձեռնությունըւ, որը սովորեցրեց՝ ինչպես օգտագործել AI գործիքները դասավանդման արդյունավետության բարձրացման համար։ Ուսուցիչները սովորել են, թե ինչպես այս գործիքները կարող են օգնել իրենց՝ ավելի արագ կազմելու ուսումնական պլաններ, ձևավորելու անհատականացված առաջադրանքներ, գնահատելու արդյունքներ և՝ ժամանակ խնայելով, կենտրոնանալ աշակերտների հետ շփման որակի վրա։
Արդյունքում՝ շուրջ 500 ուսուցիչ մասնակցել և հաջողությամբ ավարտել են դասընթացները և ձեռք բերել նոր գործիքներ և գաղափարներ իրենց դասավանդման պրակտիկայում օգտագործելու համար։ Ուսուցիչների ևս մեկ խումբ շարունակում է ուսուցումը։
«Այսօր ուսուցիչները պետք է քայլեն ժամանակի պահանջներին համահունչ։ 21-րդ դարում սովորողները գիտելիք ստանալու բազմաթիվ աղբյուրներ ունեն, ուստի ուսուցումը պետք է դառնա աշակերտակենտրոն։ Ուսուցիչը այլևս միայն գիտելիք փոխանցող չէ, այլ՝ ուղեկցող և կողմնորոշող։ Անհրաժեշտ է կիրառել շերտավորված ուսուցում և նորություններին վերաբերվել բաց և պատրաստակամ», – նշում է Լիաննա Մովսիսյանը։
Լիաննա Մովսիսյանը «Արհեստական բանականությունը մանկավարժների համար» օնլայն դասընթացի մասնակիցներից է։ Նա Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է և դասավանդում է Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։
–
AI4ALL նախաձեռնությունը իրականացվում է ՁԻՀ-ի մարզային տեխնոլոգիական կենտրոնների՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), ինչպես նաև Ալիք երիտասարդական թիմի ակտիվ աջակցությամբ։