AI և կենսաբազմազանություն․ ինչպես են երիտասարդները նորարար լուծումներ ստեղծում Հայաստանի բնության համար
Արհեստական բանականությունն այսօր ներթափանցում է գրեթե բոլոր ոլորտները, և այն արդեն կարևոր դեր ունի ոչ միայն արդյունաբերության կամ կրթության, այլ նաև կենսաբազմազանության հետազոտության ու պահպանության մեջ։ AI-ի կիրառումը բնապահպանական խնդիրների ուսումնասիրության, կանխատեսումների ստեղծման և նորարարական լուծումների մշակման գործում օրեցօր ավելանում է։
Վերջերս կայացած «AI-ը կենսաբազմազանության համար» հեքըթոնի ընթացքում ևս մասնակիցները ներկայացրեցին կենսաբազմազանության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները՝ հենվելով արհեստական բանականության գործիքակազմի վրա։
AI տեխնոլոգիա՝ գյուղացիներին աջակցելու համար
Հեքըթոնի ամենաերիտասարդ, բայց ամենախիզախ մրցանակակիր թիմը՝ Solo Coder-ը, միավորվել էր մեկ պարզ գաղափարի շուրջ․ ինչպես ապահովել մարդ–կենդանի խաղաղ համակեցությունը։
Չորս դպրոցականներ՝ Սուրեն Սաղաթելյանը, Արսեն Պետրոսյանը, Սուրեն Գրիգորյանը և Ռուդոլֆ Գրիգորյան, տարբեր դպրոցներից, տարբեր հետաքրքրություններով՝ երաժշտությունից մինչև քաղաքականություն ու գիտություն, բայց մի ընդհանուր համընդհանուր նպատակով՝ որոշել են ստեղծել մի տեխնոլոգիա, որը կարող է իրական ազդեցություն ունենալ գյուղական համայնքների կյանքում։ Հեքըթոնի ընթացքում նրանք մշակել են մի համակարգ, որը նախազգուշացնում է գյուղացիներին գիշատիչ կենդանիների մոտենալու մասին։ «Մեր պրոտոտիպը կարող է փրկել ոչ միայն կենդանական աշխարհի հավասարակշռությունը, այլև գյուղացիների ապրուստի միակ աղբյուրը»,- ասում Սուրեն Սաղաթելյանը։

Թիմը մշակել է AI մոդել, որը սովորեցրել են տարբեր եղանակներին և օրվա ցանկացած պահին նկարահանված տեսանյութերով․ դա համակարգին թույլ է տալիս ճիշտ ճանաչել կենդանիներին ցանկացած պայմաններում։ Երիտասարդները նշում են, որ նման լուծում դեռ չեն հանդիպել, ուստի իրենց մոդելը եզակի և նորարար է։ Հաջորդ քայլը տեխնոլոգիան գործնական դարձնելն է՝ ստեղծելով իրական սարք, տեղադրելով այն այն վայրերում, որտեղ մարդիկ և գիշատիչները հաճախ են «հանդիպում», և գաղափարը փոխակերպելով լիարժեք ստարտափի։
Այս չորս ընկերների համոզմամբ՝ իրենց լուծումը կարող է միաժամանակ փոխել գյուղացիների կյանքը, նվազեցնել վնասները և պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը։
Pycodex․ ակվապոնիկ նորարարություն Սևանը պաշտպանելու համար
Հեքըթոնի մյուս մրցանակակիր թիմը՝ Pycodex-ը, ներկայացնում է տարբեր ոլորտների մասնագետների միավորում, ովքեր համատեղ աշխատում են բնության պահպանության, գիտակրթական ծրագրերի և տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ։ Թիմի անդամները միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու նորարարական լուծումներ և համադրելու բնապահպանական փորձը արհեստական բանականության հետ։
Ստարտափի հիմնադիր-տնօրենը՝ Քրիստինա Մարտիրոսյանը, ծրագրային ինժեներ է 15 տարվա փորձով՝ վերջին տարիներին մասնագիտացած AI տեխնոլոգիաներում։ Նա նաև դասավանդում է Python և արհեստական բանականություն։ Համահիմնադիր Ժան Բադալյանը ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է, AI հետազոտող և Python/C++ մասնագետ՝ մի շարք տեխնոլոգիական նախագծերի և մրցույթների հաղթող։ Մյուս համահիմնադիր Հովհաննես Շախբազյանը տնտեսագետ է՝ մարկետինգի և վաճառքի փորձով, ներգրավված տեխնոլոգիական պրոդուկտների մշակման տարբեր փուլերում։ Թիմում ներգրավված են նաև քիմիկոս և կենսաբան մասնագետներ, որոնք աջակցում են գիտակրթական և նորարարական լուծումների մշակմանը։ Pycodex-ը համագործակցում է omniPonics ՀԿ-ի հետ՝ համատեղ փորձարկելով ակվապոնիկ համակարգեր և կատարելով կենսաքիմիական հետազոտություններ։ Հենց այս փորձի հիման վրա էլ ծագել է «Ակվապոնիկ ճահճի» գաղափարը։

Հեքըթոնի ընթացքում թիմը անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգային ճգնաժամին։ «Ջրում ազոտի և ֆոսֆորի բարձր պարունակությունը հանգեցնում է ջրի «ծաղկմանը», ձկնապաշարների նվազմանը և կենսաբազմազանության կորստի։ «Մեր նպատակն էր ստեղծել նորարարական լուծում, որը կնվազեցնի լիճ մտնող աղտոտվածությունը և միաժամանակ խթանի կենսաբազմազանությունը՝ համակցելով բնապահպանական և կրթական բաղադրիչները»,- նշում է Քրիստինա Մարտիրոսյանը։
Թիմի առաջարկած լուծումները ներառում են ակվապոնիկ ճահիճի ստեղծում՝ լիճ հասնող ջուրը զտելու համար, արհեստական բանականության կիրառություն՝ մոնիթորինգի և թռչունների ու ջրային տեսակների վերահսկման համար, ինչպես նաև էկոտուրիզմի ու բնապահպանական կրթության հարթակ, որը կաջակցի համայնքային զարգացմանն ու շրջակա միջավայրի վերականգնմանը։
Քրիստինան ներկայացնում է, թե ինչպես են պլանավորում իրականացնել գործընթացները․
Սենսորների միջոցով մշտապես չափվում են ջրի pH-ն, ֆոսֆորի, ազոտի և լուծված թթվածնի ցուցանիշները։ Արհեստական բանականությունը վերլուծում է այդ տվյալները և կառավարում ճահճի ջրի ներհոսքն ու արտահոսքը՝ կանխելով աղտոտման կուտակումները։ Ըստ վերլուծված տվյալների՝ AI-ն ընտրում է, թե որ բույսերն աճեցվեն, որոնք առավել արդյունավետ են տվյալ ջրային բաղադրության համար։
Միջոցառումներն ընդգրկում են նաև թռչունների վերլուծություն և կանխատեսում․ արհեստական բանականությունը ձայնային և տեսողական տվյալների միջոցով ճանաչում է ճահճի տարածքում հայտնվող թռչնատեսակներին։ Հավաքագրված տվյալների հիման վրա կառուցվում են մոդելներ՝ կանխատեսելու, թե որ տեսակներն են վերադառնալու հաջորդ սեզոնին և որքան ժամանակով։
Արհեստական բանականությունը շարունակաբար հավաքում է ամբողջական տվյալներ ճահճի կենսաբազմազանության, ջրի որակի և սեզոնային տատանումների մասին։ Այս տվյալները ծառայում են որոշումների ընդունման, էկոհամակարգի վերահսկման և համայնքային զարգացման համար՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը ու կրթությանը։
Թիմը նախատեսում է դիմել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ծրագրի պաշտոնական թույլտվությունը ստանալու համար։
TeamUr․ AI լուծումներ մեղվապահության համար
Մրցանակային թիմերից մեկն էր TeamUr-ը։
Թիմի ավագը՝ Թեմուրը, ԵՊՀ շրջանավարտ է, դասավանդում է մի շարք կրթական հաստատություններում, ուսումնասիրում է ծրագրավորում և արհեստական բանականություն։ Նա նշում է, որ արագ փոփոխվող աշխարհի պայմաններում ամեն օր ինքնակրթվում է և նոր գիտելիքներ ձեռք բերում։ Թեմուրի թիմակիցը՝ Մարիամ Մկրտչյանը, բնապահպանական ակտիվիստ է, մասնակցել է բնապահպանական տարբեր ծրագրերի, ինչպես նաև զբաղվում է մեղվապահությամբ։ Երկուսով միասին նրանք ձևավորել են թիմ և հեքըթոնի ընթացքում մշակել և ներկայացրել են նախագիծ՝ մեղուների պաշտպանությանը և արդյունավետ մեղվապահության զարգացմանը վերաբերվող։

«Կլիմայի փոփոխության հետ մեկտեղ փոխվում է նաև մեղուների աշխատանքային ընթացքը, նկատվում է արտադրողականության նվազում, որոշ տեսակների անհետացում։ Մենք առաջարկեցինք լուծում՝ ստեղծել հատուկ հարթակ մեղվապահների համար, որտեղ կներկայացվեն Հայաստանի համար նպատակային վայրերն ու պայմանները՝ փեթակները ճիշտ տեղակայելու համար։ Այսինքն՝ հարթակը մեղվապահներին կհուշի՝ գնացեք այս կամ այն հատված, այստեղ կարող եք արդյունավետ զբաղվել մեղվապահությամբ»,- նշում է Թեմուրը, հետո ավելացնում, — «Կլիմայի փոփոխության վիճակագրության միջոցով մենք պետք է կարողանանք նաև կատարել կանխատեսումներ եղանակային պայմանների վերաբերյալ, ինչպես նաև կարող ենք հստակ քարտեզագրել 5G ցանցերը։ Անհրաժեշտ է կատարել ճշտգրիտ հաշվարկներ, որպեսզի ապահովվի փեթակների առավել ճիշտ տեղակայումը»։
Նրա խոսքով՝ հաջորդ քայլն է ավարտել արդեն սահմանված չափորոշիչների ամբողջական մշակումը, որ հետագայում կարողանան իրենց նախագիծը ներկայացնել միջազգային հարթակներում և այն զարգացնել որպես լիարժեք պրոդուկտ։
HexaBin․ խելացի աղբաման՝ թափոնների կառավարման ապագան
Հեքըթոնի հաջորդ թիմը՝ HexaBin-ը, որը ստացել է խրախուսական մրցանակ, ներկայացնում է մի գաղափար, որը կարող է փոխել թափոնների կառավարման համակարգը Հայաստանում։ Թիմի ղեկավար Գրիգոր Մարտիրոսյանը՝ երիտասարդ, բայց արդեն մեծ փորձ ունեցող AI մասնագետ է․ սովորում է Պոլիտեխնիկում, աշխատել է ԳԱԱ-ի քվանտայինֆիզիկայի լաբորատորիայում, նախարարության IT վարչությունում և FAST-ում՝ որպես տվյալագետ։ Նա միավորում է տեխնոլոգիան, բնապահպանությունը և բիզնես մտածողությունը՝ ձևավորելով թիմի ռազմավարությունը։
Նրան միացել է Սարգիս Մանուկյանը՝ AI ծրագրավորող և DevOps ինժեներ, ով սովորում է Հայ-Ռուսական համալսարանում և արդեն հասցրել է աշխատել EPAM-ում ու ԳԱԱ-ի հետազոտական ինստիտուտում։ «Սարգիսը թիմի տեխնիկական «ուղեղն» է՝ պատասխանատու AI մոդելի, ճարտարապետության ու տվյալների վերլուծության համար»,- նրան այսպես անվանում են թիմակիցները։
Թիմի երրորդ անդամը՝ Սուրեն Հայրապետյանը, էլեկտրոնիկայի և համակարգերի ճարտարապետ է։ Նա նախագծում է HexaBin-ի ամբողջ «երկաթը»՝ սենսորները, շարժիչները, կառավարման համակարգերը և սարքի մեխանիկական մասը։

Այս երեք երիտասարդները միասին ստեղծել են HexaBin-ը՝ խելացի աղբաման, որը արհեստական բանականությամբ ճանաչում և տեսակավորում է թափոնները, հետևում լցվածությանը, ջերմաստիճանին, գազերի արտանետումներին և ուղարկում տվյալները ամպային հարթակ։ Արդյունքում թափոնները ոչ միայն տեսակավորվում են ավտոմատ, այլ նաև վերածվում են արժեքավոր էկոլոգիական տվյալների, որոնք կարող են օգտագործվել քաղաքային պլանավորման և կենսաբազմազանության պաշտպանության համար։ Նրանց լուծած խնդիրը պարզ է, բայց կարևոր․ ավանդական համակարգերի պատճառով վերամշակվող նյութերի մինչև 70%-ը վերջում հասնում է աղբավայրեր, առաջացնում CO₂ և մեթանի արտանետումներ ու վնասում կենսաբազմազանությունը։ HexaBin-ը առաջարկում է նոր մոտեցում՝ AI-ի միջոցով ավտոմատ տեսակավորում, տվյալների վրա հիմնված մոնիթորինգ և մոդուլային, արևային էներգիայով աշխատող համակարգ, որը վերամշակումը դարձնում է ավելի արագ ու արդյունավետ։
Թիմի հաջորդ մեծ քայլը՝ ստեղծել HexaBin-ի լիաչափ նախատիպը։ Թիմը նաև պատրաստվում է ներկայացնել նախագիծը COP-17 և Digitec 2026 հարթակներում՝ ներդրողներ ներգրավելու նպատակով։
—
Հեքըթոնը կազմակերպվում է Քայթլաբի, Enterprise Incubator Foundation (EIF) և Women in Climate and Energy (WiCE)-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ նախապատրաստվելով 2026 թ․ COP17-ին։ Ծրագրի գլխավոր գործընկերն է Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժի» նախագիծը, տեխնոլոգիական գործընկերը՝ Yandex Armenia-ն։ Իրականացմանը աջակցել են «Հաքաթոն» ՀԿ-ն և «Սիրանուշ Գիրիչյովա և ընտանիք»-ը։