Արհեստական բանականությունն այսօր դարձել է երիտասարդների կյանքի անբաժան մասը։ Ոմանք այն կիրառում են կրթական խնդիրները հեշտացնելու և արդյունավետ լուծումներ ստանալու համար, իսկ մյուսները գնում են ավելի հեռու՝ փորձելով սովորել մտածել ու գործել արհեստական բանականության գործիքների հետ միասին՝ այն դարձնելով իրենց խորհրդատուն և օգնականը։

Այդպիսի ազդեցություն ունի արհեստական բանականությունը նաև Էրիկ Մուրադյանի կյանքում։ Էրիկը 18 տարեկան է, ապրում է Լոռու մարզի Պուշկինո գյուղում և արդեն չորս տարի է՝ սովորում է ՎՊՀ քոլեջի ծրագրավորման բաժնում։ Նրա հետաքրքրությունները բազմազան են՝ ծրագրավորում, արհեստական բանականություն, գրականություն, սցենարագրություն, մոնտաժ և դերասանություն։ Հոբբիներն էլ քիչ չեն՝ գրքեր կարդալ, երաժշտություն լսել ու նոր ուղղություններ ուսումնասիրել։

Էրիկը հիմա գրում է իր գիրքը, դեռ չի շտապում բացել փակագծերը, բայց վստահ է՝ գիրքը սպասված է լինելու և հետաքրքրելու է լայն շրջանակի ընթերցողների։

Արհեստական բանականության գործիքներին տիրապետելու շնորհիվ՝ Էրիկը համագործակցում է փոքր և միջին ձեռնարկությունների հետ՝ ստեղծելով գովազդային բովանդակություն։ Նա հաճախ օգտագործում է արհեստական բանականության գործիքներ տեսանյութերի գեներացման, ձայնի մշակման և տեքստերի հետ աշխատելու համար։ «Օրինակ՝ գիրքս գրելուց առաջ խորհրդակցել եմ ChatGPT-ի հետ՝ հասկանալու, թե ինչից սկսել և ինչպես մշակել կերպարները, ճիշտ շարադասության, ոճական հարցերի վերաբերյալ ինձ օգնել է Gemini-ը։ Copilot-ը օգտագործել եմ գրքիս նկարազարդումների համար»,- ներկայացնում է Էրիկը։

Էրիկը նշում է նաև իր երկրորդ հոբբիի մասին՝ ինստագրամյան էջ, որտեղ հրապարակվող տեսանյութերի համար անընդհատ ձայնագրություն կատարելու փոխարեն օգտագործում է իր ձայնի՝ արհեստական բանականությամբ մշակված տարբերակը և գործիքին տեքտ տալու շնորհիվ ունենում է պատրաստի ձայն։ Նրա համոզմամբ՝ այսօր արդեն դժվար է աշխատել առանց արհեստական բանականության․ այն տալիս է արագություն, ստեղծագործելու նոր հնարավորություններ և այլընտրանքային մոտեցումներ։ Էրիկի խոսքով՝ AI-ը մարդկությանը մեծ հնարավորություններ է տալու, եթե կիրառվի պատասխանատու և գիտակցված ձևով։

Էրիկի փորձը վկայում է, որ արհեստական բանականությունը երիտասարդների համար պարզապես գործիք չէ, այլ մտածողության ձև, որի ճիշտ կիրառումը պահանջում է գիտելիք, պատասխանատվություն և մշակույթ։ 

Հենց այս հարցերի վրա է իր ուշադրությունը կենտրոնացնում Զոհրաբ Գևորգյանը։

ԱԲ-ն և երիտասարդների հետազոտական աշխատանքի մշակույթը

Կրթության մասնագետ Զոհրաբ Գևորգյանի խոսքով՝ արհեստական բանականության հետ աշխատելիս ուսանողների և դասընթացների մասնակիցների մոտ հաճախ առաջանում են կարևոր հարցեր՝ կապված հեղինակային իրավունքների, աղբյուրների նշման և գրագողության հետ։ Շատերին թվում է, որ եթե օգտագործում են AI գործիքներ և ստանում տեղեկատվություն, ապա հղումներ կատարելու կարիք չկա։

Զոհրաբը EIF-ի կողմից իրականացվող AI4ALL Youth Chapter նախաձեռնության դասընթացավարներից է, որտեղ երիտասարդները սովորում են հետազոտական աշխատանքներ գրել՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Շատերը զարմանում են, երբ նա նշում է, որ AI-ից օգտվելիս նույնպես պարտադիր է հղում կատարել։ 

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ այս խնդիրը միայն երիտասարդներին չի վերաբերում․ այն լայնորեն տարածված է նաև գիտության ոլորտում, որտեղ գրագողության դեպքեր են հանդիպում անգամ հետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների մշակման ժամանակ։ Հենց այս համատեքստում էլ, նրա խոսքով, հաճախ հնչում է հարցը՝ պետք է արդյոք օգտագործել արհեստական բանականության գործիքներ, թե ոչ․ «Դասընթացների ընթացքում հաճախ հնչում է հարցը՝ պետք է արդյոք օգտագործել արհեստական բանականության գործիքներ, թե ոչ։ Սա, ըստ էության, դատարկ հարց է, քանի որ գրեթե անհնար է վերահսկել՝ արդյոք որևէ մեկը օգտագործել է AI, եթե դրա մասին հղում չկա։ Ավելի կարևոր է այլ գաղափարախոսություն որդեգրել՝ օգտագործել AI և միաժամանակ ճիշտ հղում կատարել»,- նշում է նա։

«Մենք պետք է ժամանակին զարգացնենք ԱԲ-ի հետ աշխատելու մշակույթը, քանի որ ուշացնելը միայն կբարդացնի դրա արդյունավետ և պատասխանատու կիրառումը։ Արհեստական բանականությունը չի կանգնում՝ անկախ մեր ցանկությունից․ այն շարունակ առաջ է շարժվում։ Սկզբում երիտասարդները կարող են թերի օգտվել AI-ից, բայց որքան երկար սպասենք, այնքան ավելի դժվար կլինի այն արդյունավետ և պատասխանատու կիրառելը»,- ընդգծում է Զոհրաբ Գևորգյանը։