Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորն իր տանիքի ներքո է համախմբում տեխնոլոգիական ոլորտի առաջադեմ և նորարարական թիմերի ու կազմակերպությունների։

🧬 Ներկայացնում ենք վերջերս մեզ միացած ևս մեկ ընկերություն՝ «ՔայլՏեք»-ը։ 

«ՔայլՏեք»-ը հայկական նորարարական ընկերություն է, որը մշակում և արտադրում է վերականգնողական բարձր տեխնոլոգիական սարքավորումներ։ Ընկերության գործունեության առանցքում նյարդաճարտարագիտությունն ու նյարդաբանական վերականգնումն են՝ միավորելով բժշկական գիտությունը, ճարտարագիտական մտածողությունն ու թվային տեխնոլոգիաները։

Ընկերության լուծումներն օգնում են շարժողական խանգարումներ ունեցող մարդկանց վերականգնել քայլքը, հավասարակշռությունն ու ֆունկցիոնալ անկախությունը։ «ՔայլՏեք»-ի սարքավորումները նախատեսված են նյարդաբանական և հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտների համար և կիրառվում են վերականգնողական կենտրոններում, կլինիկաներում և մասնավոր պրակտիկայում։

Ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանի խոսքով՝ ընկերության գործունեությունը շարունակելու համար ընտրել են Ինժեներական քաղաքը, քանի որ այն Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կենտրոնացված էկոհամակարգերից մեկն է։ «Մեր արտադրանքը ներառում է մեխանիկական ճարտարագիտություն, էլեկտրոնիկա, սենսորային համակարգեր, ծրագրային ապահովում և տվյալների վերլուծություն։ Այդպիսի միջավայրում գտնվելը մեզ հնարավորություն է տալիս համագործակցել այլ նորարարական ընկերությունների հետ, փոխանակել փորձ և գիտելիք, օգտվել մասնագիտացված ենթակառուցվածքներից և ներգրավել երիտասարդ ինժեներների ու հետազոտողների»,- նշում է նա։

Ինժեներական քաղաքում գործունեություն իրականացնելը «ՔայլՏեք»-ի համար ռազմավարական քայլ է՝ արտադրանքի տեխնոլոգիական մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխան բարձրացնելու ճանապարհին։

Միևնույն ժամանակ, ընկերությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ համայնքի զարգացման մեջ՝

▪նպաստելով նյարդաճարտարագիտության և բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը
▪ խթանելով բժշկության, ճարտարագիտության և ՏՏ ոլորտների փոխգործակցությունը
▪ կիսվելով Հայաստանում ձևավորված վերականգնողական տեխնոլոգիաների փորձով։

«ՔայլՏեք»-ը Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորին է միանում որպես գործընկեր՝ պատրաստ իր փորձով և համագործակցությամբ նպաստելու Հայաստանի բժշկական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։

Ուրախ ենք, որ ոչ վաղ անցյալում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի շահառու ստարտափներից մեկը՝ «ՔայլՏեք»-ն այսօր արդեն դառնում է Բարձր տեխնոլոգիական ու ճարտարագիտական այս առանցքային համայնքի լիիրավ անդամ։