Հոկտեմբերի 21-25-ը Երևանում, Վանաձորում և Գյումրիում անցկացվեց ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան — Ինժեներական շաբաթ 2021»-ը:

Այն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։

Արդեն ավանդական դարձած  ամենամյա միջոցառման մեկնարկը տրվեց հոկտեմբերի 21-ին՝ Երևանում, և նշանավորվեց գիտության և ինժեներության տարբեր ուղղություններին նվիրված պանելային քննարկումներով:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ի առաջին օրվա շրջանակում սկիզբ դրվեց նաև նոր համագործության: Ստորագրվեց եռակողմ հուշագիր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ինժեներական ասոցիացիայի և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) միջև: Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են համագործակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ ի նպաստ ճարտարագիտության և հարակից ուղղություններով բարձր որակավորմամբ մասնագետների զարգացման։

«Տեխնոլոգիական ոլորտն իսկապես կարող է առաջ տանել Հայաստանը, ինչն էլ պիտի համարի իր հիմնական առաքելությունը: Ինստիտուցիոնալ մոտեցումը թույլ կտա ստեղծել միջավայր, որտեղ զգալի հաջողությունների հասնելու հնարավորություն կստանան նաև տեղական ստարտափները»,- բացման խոսքում նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հոկտեմբերի 22-ին միջոցառումները շարունակվեցին Ինժեներական Քաղաքում և մեկնարկեցին ցուցահանդեսային հատվածի բացմամբ, որը զուգորդվեց արվեստի յուրօրինակ աշխատանքների ցուցադրությամբ՝ ի նշան ճարտարագիտության և այլ ոլորտների փոխկապակցվածության։

Մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը անցկացվեց հոկտեմբերի 23-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Միջոցառումը ներառում էր քննարկումներ, որոնք նվիրված էին Վանաձորի տեխնոլոգիական զարգացմանը, արդյունաբերությանը, կրթությանը և գիտությանը:  Դրանց զուգընթաց, «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ի շրջանակում տեղի ունեցավ «Գիտության ինկուբացիա. ճարտարագիտության նոր հնարավորություններ» խորագրով սեմինար, որը կազմակերպել էր PMI Science-ը:

Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները ներկայացրեցին իրենց վերջին նվաճումներն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդչային արդյունաբերության, ավիատիեզերական արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիական արտադրության, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, կիբեռանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության և այլ ոլորտներում:

Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի (հոկտեմբերի 24-ին) և Գյումրու (հոկտեմբերի 25-ին) տեխնոլոգիական կենտրոններում կայացան երկու հեքըթոնների ամփոփիչ Դեմո օրերը:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացած «Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» հեքըթոնի հաղթող թիմերն են` ThreeSmart-ը, SFI-ը և QaylTech-ը։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած «CreaTech Նորարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» հեքըթոնի հաղթող թիմերն են՝ RoboKit-ը, EduCats-ը և ArtInsight-ը։

Հեքըթոնն իրականացվում էր «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էր Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: