Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտների հաջողության պատմությունների շարքի հաջորդ բլոգը:

Այսօր կներկայացնենք Ծրագրի շրջանավարտ Էլեն Մաշակարյանին, ով ավարտել է «Ճարտարապետության, կառուցվածքների և ծրագրավորման գործիքների հիմունքները»:

Էլեն Մաշակարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 20-ամյա ուսանող է։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ուստի այն դասընթացը, որին մասնակցել է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, նոր ոլորտ է նրա համար։

«Կարծում եմ՝ ոգեշնչումը մայրիկիցս է եղել, ով ճարտարապետ է։ Ես անմիջապես հետաքրքրվեցի այդ թեմայով»: Ես փորձել եմ իմ ուժերը այս ոլորտում, և ինձ իսկապես դուր է գալիս: Ես պատրաստվում եմ շարունակել կարիերա կառուցել այս ոլորտում»,- ասաց Էլենը։ Նա աշխատում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գործող հոլանդական «Արքիդաչ» ընկերությունում՝ որպես մոդելավորման փորձագետ, կառուցում 2D և 3D մոդելներ։

«Եթե հնարավորություն ստանամ, անպայման կաշխատեմ այլ վայրերում՝ և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս, բայց հիմա այստեղ եմ՝ Լոռու մարզում։ Ինձ համար առաջնայինը միշտ այն աշխատանքն է, որը նպաստում է Հայաստանի զարգացմանը։ Շատ կուզենայի մնալ Վանաձորում՝ իմ ծննդավայրում, և ստիպված չլինել աշխատել այլուր»,- նշեց Էլենը։

«Ինձ դուր էր գալիս ուսումնառության ընթացքը, և այժմ, երբ աշխատանքի եմ անցել, նույնը կարող եմ նաև աշխատանքի մասին ասել»: Նա նաև ընդգծեց լավ թիմ ունենալու կարևորությունը: «Դասընթացը շատ լավ կազմակերպված էր, միշտ շատ բովանդակալից, և այդ ամենը հիանալի մթնոլորտում:

«Դասընթացը մի թեմայի վրա չէր կենտրոնանում, այլ ավելի ընդգրկուն մոտեցում ուներ, քանի որ մենք ուսումնասիրում էինք մասնագիտությունը ավելի լայն տեսանկյունից, դասընթացը մեզ խորը գիտելիքներ էր տալիս»,- բացատրեց Էլենը:

«Ես կցանկանայի, որ Լոռու մյուս երիտասարդները նույնպես շատ հնարավորություններ ունենան: Հուսանք, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն այլոց նույնպես սովորելու և աշխատանք գտնելու հնարավորություններ կտա»,- հավելեց Էլենը: Նա անհամբեր սպասում է այն ժամանակին, երբ աշխատաշուկայում կստեղծվեն ավելի լայն հնարավորություններ երիտասարդ մասնագետների համար։

«Երբ մտածում եմ, թե ինչ կարող եմ անել մյուս երիտասարդներին ոգեշնչելու համար, կարծում եմ, որ մեր օրինակը լավ մոտիվացիա է: Ես դեռ ուսանող եմ, բայց արդեն աշխատում եմ, և սա կարող է օրինակելի դառնալ ուրիշների համար՝ համատեղելու կրթությունը կարիերա կառուցելու հետ: Կարծրատիպերը պետք է կոտրվեն․ հիմա հնարավորություն կա սկսել աշխատել,  նույնիսկ երբ դեռ սովորում ես»,- ասաց Էլենը։

«Մենք պետք է մնանք և աշխատենք այստեղ՝ մեր մարզը զարգացնելու համար: Եթե ​​մենք բոլորս գնանք, ո՞վ է դա անելու»,- ասաց Էլենը։ Նրա խոսքով, հնարավորությունների թիվն աճում է։ «Ավելի լավ է օգտվել դրանից և Լոռին ապրելու ավելի լավ վայր դարձնել»,- եզրափակեց Էլենը:

Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 15-29 տարեկան 10,000 երիտասարդների զինել  աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով՝ այնպես, որ վերջիններս ավելի մրցունակ դառնան և ունենան ավելի լավ աշխատանքային հնարավորություններ:  Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ բացահայտելու կարիքները և աջակցելու վերապատրաստման գործընթացին: