Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտների հաջողության պատմություններով բլոգերի շարքը:

Այսօր կներկայացնենք Ծրագրի շրջանավարտ՝ 20-ամյա ծրագրավորող Նարինե Ալեքսանյանի հաջողության պատմությունը։ Նա ավարտել է ՁԻՀ-ի կողմից կազմակերպված «Ճարտարապետության հիմունքներ, կառուցվածքներ և ծրագրավորման գործիքներ» թեմայով դասընթացը:

 Նարինե Ալեքսանյանը Վանաձորից է: Նարինեն այսօր աշխատում  է ճարտարապետական կազմակերպությունում՝ որպես մոդելավորման մասնագետ։  

Ծրագրի մասին նա տեղեկացել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ «Ինձ ի սկզբանե շատ հետաքրքրեց դասընթացը, և որոշեցի անպայման դիմել ու ստացվեց հաղթահարել թեստավորման փուլը։ Այնուհետև՝ մոտ չորս ամիս տևած դասընթացների ավարտից հետո աշխատանքի առաջարկ ստացա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գործող «Արքիդաչ» ընկերությունից։ Դասընթացի ողջ ընթացքին մեծ հաճույքով եմ մասնակցել և շատ արժևորել այն։ Նույնը կարող եմ ասել նաև ներկայիս աշխատանքի մասին։ Ամեն անգամ տարբերվող որևէ գործողություն ենք կատարել, որևէ նոր առաջադրանքի վրա աշխատել, շատ ոգևորող էր»։  

 Դասընթացի ընթացում մասնակիցները մի քանի քննություն են անցել։ Նարինեն ասում է, որ դասընթացը բոլորովին դյուրին չէր, քանի որ սովորելու շատ բան կար։  «Ինձ համար ամենամեծ շարժիչ ուժն այն էր, որ գիտեինք՝ դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կկարողանան աշխատանք ստանալ»,  — բացատրում է Նարինեն, — «Ինձ համար կարևոր էր լավ սովորելը, որպեսզի ձեռք բերեի աշխատանքի անցնելու համար անհրաժեշ գիտելիքներ ու հմտություններ»։  

Ծրագիրը հնարավորություն ընձեռեց Նարինեին դիտարկել նաև կրթություն այլ մասնագիտական ուղղություններում։ Այժմ Նարինեն Համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի է, և ստացված ուսումնական ու աշխատանքային փորձառությունը ոգևորել է իրեն մեկ այլ՝ շինարարության ոլորտում ստանալ մագիստրոսի կոչում։  «Կարծում եմ իմ կարիերայի տեսանկյունից սա կարևոր ձեռքբերում է։ Բացի այդ, ես ուզում եմ բարդ ծրագրեր սովորել և իմ մասնագիտական կյանքում աճ գրանցել», — ասաց Նարինեն։

 Նարինեի փոխանցմամբ, ոգենշնչման մեծ մասը նա ստացել է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի թիմից։ «Դասընթացի բոլոր մասնագետները տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներ էին, բոլորն իրենց ուրույն գաղափարներով էին հանդես գալիս։ Այն ամենն ինչ սովորեցինք՝ մեզ հետ կմնա և մեզ  հետ «կճամփորդի» մասնագիտական մեր ողջ ուղով», -ավելացրեց Նարինեն։   

Նարինեն համոզված է, որ կշարունակի ապրել և աշխատել Լոռու մարզում։ «Երևան տեղափոխվելը նպատակահարմար կլինի, միայն եթե աշխատանքի ավելի լավ առաջարկ ստանամ։  Եթե մասնագիտական ուղի կառուցելու հնարավորություն այստեղ ունենամ, էլ ինչո՞ւ պիտի գնամ», — հավելեց նա։

Նարինեն կարծում է, որ մարզային երիտասարդությունը պետք է չլքի, այլ ընդհակառակը՝ աջակցի իրենց հայրենի քաղաքների ու գյուղերի զարգացմանը։ Նա համոզված է, որ լավ մասնագետների առկայությունը մարզերում կգրավի նաև նոր կազմակերպությունների՝ գրասենյակներ բացելու այստեղ։ «Չենք կարող բոլորս տեղափոխվել մայրաքաղաք ու մարզերը դատարկ թողնել», — ասաց Նարինեն։ Խոսքն ուղղելով մարզաբնակ բոլոր երիտասարդներին, Նարինեն քաջալերեց յուրաքանչյուրին գտնել իրենց հետաքրքրությունն ու կրթություն ստանալ իրենց հայրենի բնակավայրերում և աջակցել դրանց զարգացմանը։  

Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 15-29 տարեկան 10,000 երիտասարդների զինել  աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով՝ այնպես, որ վերջիններս ավելի մրցունակ դառնան և ունենան ավելի լավ աշխատանքային հնարավորություններ:  Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ բացահայտելու կարիքները և աջակցելու վերապատրաստման գործընթացին: