Հետադարձ հայացք գցելով 2022թ. ամենահիշարժան իրադարձություններին՝ այսօր ցանկանում ենք պատմել մի միջոցառման մասին, որն ամփոփեց անցնող տարվա ևս մեկ ծավալուն աշխատանք և նախանշեց ապագայի տեսլականը:

2022թ. նոյեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) կայացավ «Graduation and Demo Day» միջոցառումը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԳՏԿ-ում իրականացված կարողությունների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի 150 շահառուների մասնակցությամբ։

Միջոցառումը կազմված էր երկու մասից: Նախ՝ 150 մասնակիցները հանդիսավոր արարողության շրջանակում ստացան իրենց ավարտական հավաստագրերը, որին հաջորդեց միմյանց հետ հաղորդակցվելու ժամանակահատվածը։ Հաջորդիվ՝ պանելային քննարկումների ձևաչափով ելույթներ ունեցան Բարձր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, իսկ երիտասարդները ցուցադրեցին իրենց ավարտական նախագծերը:

Միջոցառումը ներառում էր նաև աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունները ներկայացրին ոլորտում առկա աշխատանքի հնարավորությունները և հենց տեղում անցկացրին կարճ հարցազրույցներ:

Բացի այդ, Շիրակի մարզի Ախուրյան և Առափի գյուղերի ավագ դպրոցների 30-ից ավելի աշակերտների համար կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման սեմինար՝ ծրագրավորման և գրաֆիկական դիզայնի թեմաներով: Մասնակիցները շրջայց կատարեցին ԳՏԿ-ում, որի ընթացքում ծանոթացան կենտրոնի գործունեությանը, գործընկեր և ռեզիդենտ ընկերություններին, «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո  իրականացվող կրթական նախաձեռնություններին։ Նրանք մասնակցեցին նաև գրաֆիկական դիզայն դասընթացի մասնակիցների ավարտական նախագծերի ինտերակտիվ ցուցահանդեսին:

Ներկայացնենք դասընթացների մի քանի մասնակիցների կարծիքներն ու տպավորությունները միջոցառման մասին: Գրաֆիկական դիզայնի դասընթացի մասնակից Քնարիկ Սարգսյանի խոսքով, դրական մթնոլորտը միանգամից ցրեց իր ունեցած անհանգստությունը. «Մեզ շատ դուր եկավ ԳՏԿ-ում անցկացրած ժամանակը: Ֆանտաստիկ էր նոր մարդկանց հետ ծանոթանալը և գործատուներին մեր աշխատանքները ներկայացնելը»,- նշեց նա։

UI/UX դասընթացի մասնակից  Հասմիկ Թոփչյանի համար միջոցառման լավագույն կողմը գործատուների հետ անմիջական շփման հնարավարությունն էր և պատրաստի նախագծերի միջոցով սեփական հմտությունները ներկայացնելը:

«Ինձ համար շատ մոտիվացնող էր լսել խոսնակներին», — իր հերթին նշեց UI/UX դասընթացի մասնակից  Սյուզաննա Հովիկյանը։ «Նրանց խորհուրդները շատ օգնեցին հասկանալու ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիները»:

Հավելենք, որ միջոցառումն արդյունավետ հարթակ էր «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի և դրա ներքո, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացվող նախաձեռնությունների մասնակիցների ձեռքբերումները ներկայացնելու համար, ինչպես նաև հիանալի հնարավորություն էր մարզային երիտասարդների և ոլորտի ներկայացուցիչների միջև նոր կապեր հաստատելու և հաղորդակցվելու համար: