«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հետևողականորեն աշխատում է Հայաստանի ՏՏ/բարձր տեխնոլոգիական ոլորտների առաջընթաց զարգացման և երկրում տեխնոլոգիական կրթության բարելավման ուղղությամբ: Իր ջանքերի շրջանակում, հիմնադրամը՝ մի շարք գործընկերների հետ համատեղ, իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը։

Այսօր կպատմենք Ալիկ Թամազյանի և Միլենա Խաչատրյանի մասին, ովքեր մասնակցել են «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՁԻՀ-ի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) կողմից կազմակերպված «Adobe Premiere Pro, Adobe After Effects (վիդեոմոնտաժ)» դասընթացին։

Ալիկ Թամազյանը 17 տարեկան է, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող։ Նա պատմում է, որ հաճախ էր լսում ՎՏԿ-ում անցկացվող դասընթացների մասին և, ի սկզբանե, նախատեսում էր հաճախել ծրագրավորման դասընթացների: Սակայն, երբ Ալիկը կարդում է վիդեոմոնտաժի դասընթացի մասին հայտարարությունը, որոշում է հենց այդ ուղղությունը փորձել։

Ալիկ Թամազյանը

«Երբ ես 11 տարեկան էի, ընկերոջս հետ որոշեցինք զվարճալի բովանդակություն ստեղծել և տեղադրել Instagram-ում: 6 տարվա ընթացքում մենք շուրջ 500 տեսանյութ ստեղծեցինք։ Երբ ՎՏԿ-ի Facebook-յան էջում կարդացի դասընթացի անցկացման մասին, որոշեցի մասնակցել»,- նշում է Ալիկը։

Դասընթացը գերազանցել է Ալիկի սպասելիքները. նա հատկապես բարձր է գնահատում միջավայրը, որտեղ անցկացվում են դասերը։ Մյուս մասնակիցներին նա բնութագրում է որպես խելացի և նպատակասլաց, ովքեր միշտ ձգտում են նոր գիտելիքներ սովորել:

«Մենք միշտ պատրաստ ենք օգնել միմյանց, իսկ մեր մենթոր Էդուարդ Շահինյանը միշտ պատրաստ է աջակցել մեզ։ Նա ստեղծել է մի միջավայր, որտեղ ուղղակի ցանկանում ես լավագույնս դրսևորվել և կատարել առաջադրանքները հնարավորություններիդ առավելագույն չափով»,- նշում է Ալիկը։

Նրա խոսքով, ՎՏԿ-ն Վանաձորի լավագույն վայրերի թվում է և փոխում է տեղի երիտասարդության կյանքը. «Ցանկանում եմ, որ Լոռիի երիտասարդները ավելի համարձակ լինեն և տարբեր բաներ փորձեն, և եթե նույնիսկ ինչ որ բան չստացվի, կցանկանայի, որ նրանք շարունակեն փորձել: Դա է հաջողության հասնելու ճանապարհը»,- ասում է Ալիկը։

Միլենա Խաչատրյանը 19 տարեկան է, սովորում է Վանաձորի պետական համալսարանում։ Վիդեոմոնտաժի դասընթացի մասին տեղակացել է ՎՏԿ Facebook-յան էջից։

Միլենա Խաչատրյանը

«Ի սկզբանե շատ հետաքրքրված եմ եղել դասընթացով, դիմեցի ու հաղթահարեցի թեստավորման ու հարցազրույցի փուլերը։ Սկզբում վստահ չէի, որ կարող եմ վիդեոմոնտաժ սովորել, բայց հիմա կասկածները վերացել են»,- նշում է Միլենան։ Վիդեոմոնտաժով նա միշտ է հետաքրքրված եղել։ Սկզբում այդ հմտությունը Միլենային պետք էր ընտանեկան բիզնեսի սոցիալական մեդիայի էջերը զարգացնելու համար։ Ավելի ուշ, Միլենան որոշում է խորացված վիդեոմոնտաժ սովորել և այդ ժամանակ էլ տեղեկանում է ՎՏԿ-ում կազմակերպվող Adobe Premiere Pro, Adobe After Effects վիդեոմոնտաժի դասընթացի մասին։

«Մեր մենթոր Էդուարդը հաճախ է ասում, որ պետք է ինքներս մեզ բացահայտենք, ու հենց դա էլ անում ենք»,- նշում է Միլենան ու հավելում, որ իր ոգեշնչման ամենամեծ աղբյուրը բնությունն է։ Գույները համադրելիս և նոր դիզայն մշակելիս նա միշտ ոգեշնչվում է բնության մեջ հայտնաբերված անթերի համադրություններից:

Միլենան մի քանի խորհուրդ ունի Հայաստանի մարզերի երիտասարդների և երեխաների համար, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն, քան Երևանի իրենց հասակակիցները։ «Սիրեք ձեր երազանքներն ու նպատակները, ռիսկի դիմեք և մի վախեցեք: Երբեմն նույնիսկ անհրաժեշտ է ձախողել, քանի որ առանց ձախողման հաջողություն չկա»,- ասում է նա։

Միլենան այժմ աշխատանքի է ընդունվել ու միանգամից երեք նախագիծ է իրականացնում՝ դրանցից յուրաքանչյուրում օգտագործելով ՎՏԿ-ում վիդեոմոնտաժի դասընթացից սովորած հմտությունները։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային  համալսարան (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի շուրջ 10,000 մարզաբնակ երիտասարդների, այդ թվում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել  աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող հմտություններով՝ նրանց առավել մրցունակ դարձնելու և ավելի լավ աշխատանքային հնարավորություններ ունենալու նպատակով՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: Իր նպատակների շրջանակում Ծրագիրը սերտորեն համագործակցում է կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ բացահայտելու կարիքները և ներգրավելու վերապատրաստման գործընթացին: