2023 թվականի հուլիսից շուրջ 1000 երիտասարդներ միացել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  «Ալիք» երիտասարդական նախաձեռնությանը, որը նպատակ ունի ձևավորել որոշումներ կայացնող, փոփոխություններ կերտող գիտակից սերունդ, որն ապրում և արարում է իր երազած Հայաստանում։ 

Նախաձեռնության նպատակն է բացահայտել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից 12-ից 29 տարեկան երիտասարդների ներուժն ու հետաքրքրությունները և ստեղծել միջավայր (ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափերով)` ինքնաբացահայտման և ինքնարտահայտման համար։ Այսօր կպատմենք «Ալիք»-ի ակտիվ կամավորներ Անահիտ Հակոբյանի և Արեն Դերձյանի մասին։  

*** 

Վանաձորից 13-ամյա Անահիտ Հակոբյանն «Ալիք»-ում հայտնվել է ՁԻՀ-ի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շնորհիվ։

«Նոր էի սկսել կամավորությամբ զբաղվել, երբ որոշեցի միանալ ՎՏԿ-ի կամավորների թիմին։ Հետո լրացրեցի «Ալիք»-ին կամավորագրվելու հայտը (երևի թե հուլիսի սկիզբն էր)։ Ու այդպես դարձա ամենահրաշք կամավորական նախաձեռնություններից մեկի մասնիկը։ Առաջին մեծ կամավորությունն էլ «Ուշացած Վարդավառ» ճամբարն էր»։ 

Ի դեպ, «Ուշացած Վարդավառ» կրթական ճամբարը կայանալու է նաև այս տարի։ Այն տևելու է 5 օր, իսկ  մասնակցության հայտաձևը հասանելի էայստեղ։ 

Անահիտը նշում է, որ «Ալիք»-ն իր կյանքը շատ է փոխել, այստեղ լավ ընկերներ է գտել։

«Ես եղել եմ ինտրովերտ, ահավոր փակ մարդ։ «Ալիք»-ի շնորհիվ դարձել եմ էքստրովերտ ու սկսել եմ ավելի ու ավելի շատ զբաղվել կամավորությամբ, դուրս եմ եկել «կոմֆորտ զոնայից», ծանոթացել ու շփվել եմ ամենահրաշք մարդկանց հետ»։ 

Անահիտն «Ալիք»-ն ասոցացնում է հրաշք ընտանիքի հետ, որին ցանկացած հարցով դիմելու դեպքում աջակցություն կստանաս։   

«Ինձ համար շատ մեծ իրադարձություն էր այն, որ այս տարիքում հրավիրվեցի փոթքասթին` Զրուցալիքին։ Ինձ համար նաև շատ մեծ նշանակություն ունի այն, որ ներկայացնում եմ «Ալիք»-ը տարբեր սեմինարներում. մեկ այլ կամավոր աղջկա հետ «Ալիք»-ի շրջանակում դպրոցներում խոսում ենք մեդիագրագիտության ու թվային վնասի մասին»։  

***  

17-ամյա Արեն Դերձյանը Վանաձորից է։ Նա նշում է, որ «Ալիք»-ն իրեն շատ հնարավորություններ է տվել, տարբեր մարզերից բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել։ 

««Ալիք»-ի մասին առաջին անգամ իմացա ՁԻՀ-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ Արհեստական բանականությանը նվիրված միջոցառման ժամանակ։ Նոր էի մտել կամավորության ոլորտ, հայտը լրացրեցի (ինչքան հիշում եմ, առաջին գրանցվողն եմ եղել)։ Հետո Վանաձորում ծանոթացա  «Ալիք»-ի առաջին անդամների հետ։ Միասին հետաքրքիր թեստ անցանք ու շփվեցինք։ Դրանից հետո կայացավ մեր երկրորդ հանդիպումը, որի ժամանակ արդեն քննարկեցինք «Ուշացած Վարդավառին» վերաբերող հարցերը ու կատարեցինք դերերի բաշխում (իմ դերը՝ team support-ն էր)։ Սա «Ալիք»-ում իմ առաջին կամավորական փորձն էր»։ 

Արենը «Ալիք»-ն ասոցացնում է մի մարդու հետ, ով ընկերասեր է, էքստրավերտ, նպատակասլաց և խարիզմատիկ, վարում է ակտիվ կյանք և շատ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում։  

««Ալիք»-ում Մոնիկայի հետ մշակել ենք հոգեբանության ակումբի գաղափարը, որը հիմա իրագործման փուլում է։ Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք ունենալու մեր սեփական ակումբը, որտեղ բոլորը հետաքրքրված են հոգեբանությամբ, քանի որ իրենց հետ քննարկելու ու կիսվելու բազմաթիվ թեմաներ ունենք»։ 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը երիտասարդներին առաջարկում է միանալ հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ակումբների, ձեռք բերել նոր ծանոթություններ՝ ՀՀ տարբեր մարզերից, ստանալ կամավորության փորձ, առաջնորդել և կիսվել իրենց լավագույն փորձառությամբ։ Այդ ամենին զուգահեռ, երիտասարդները՝ լինելով կրողն այն կարևորագույն արժեքների, ինչպիսիք են ազնվությունը և արդարությունը, քաջությունն ու նախաձեռնողականությունը, համառությունը, պատասխանատվությունը և հոգատարությունը, իրենց համայնքներում տարածում են այդ արժեքները՝ ձևավորելով ակումբներ և իրականացնելով միջոցառումներ։

Ներկայումս գործում են թվով 10 ակումբներ՝ անգլերեն, ծրագրավորում, մեդիա, ոչ ֆորմալ կրթություն, տիեզերքի բացահայտողներ, արհեստական բանականություն, խաղերի ստեղծում, գրքասերներ, օլիմպիկո, ստարտափ և ձեռներեցություն։