Սյունիքի մարզում երիտասարդներն արդեն հնարավորություն ունեն զարգացնելու իրենց հմտությունները թվային արվեստի, անիմացիայի, մուլտիմեդիա նախագծերի ոլորտներում, ինչպես նաև մասնակցելու տարաբնույթ տեխնոլոգիական հեքըթոնների, սեմինարների և աշխատաժողովների՝ շնորհիվ նորաբաց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի։

“Co-creation lab” լաբորատորիան հիմնադրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, ԱՄՆ ՄԶԳի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

ՁԻՀի կողմից առաջին անգամ ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա է հիմնադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ ԱՄՆ ՄԶԳի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Լաբորատորիայի նպատակն է ընդլայնել մարզի երիտասարդների ներուժը՝ տրամադրելով հարթակ, որտեղ նրանք կարող են ձեռք բերել նոր հմտություններ և ստեղծել թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը։

Միջազգային նման կառույցների ներգրավվածությունն ու աջակցությունը ևս խիստ կարևոր դեր է խաղացել ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման գործում՝ ցույց տալով Հայաստանի մարզերում նորարարության և համագործակցության խթանման իրենց հանձնառությունը: 

Նորաբաց լաբորատորիան կնպաստի, որ մարզի դեռահասներն ու երիտասարդները ձեռք բերեն 21-րդ դարին համապատասխան հմտություններ՝ դարձնելով նրանց ավելի ճկուն։

Բացման արարողության ժամանակ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին խոսեց նախաձեռնության նշանակության և Սյունիքին աջակցելու այս համագործակցության մասին. «Սիսիանում գտնվող այս ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիան տեղական, բայց ազգային նշանակություն ունեցող կարևոր հարթակ է, որը համախմբում է երիտասարդներին՝ ազատություն տալու իրենց ներուժին և ներգրավվելու համայնքային խնդիրների լուծման գործում: Երբ տեղական մարմինները, կառավարությունը, մասնավոր հատվածը և զարգացման գործով գործընկերներն աշխատեն միասին, մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչին բոլորս ձգտում ենք՝ օգնել երիտասարդներին դառնալ դրական փոփոխությունների ուժ Սյունիքում և նրա սահմաններից դուրս»: 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Բելլա Հարությունյանը բացման միջոցառման ընթացքում նշեց, որ սա հիմնադրամի կողմից բացված 2-րդ լաբորատորիան է, որի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում երիտասարդների ներուժը։ «Այս պիոներական նախաձեռնությունը ստեղծել է ձեռնարկատերերի, նորարարների և տեխնոլոգների մի էկոհամակարգ՝ առաջ մղելով տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացումը: Մեր կողմից  հաջողված այդ մոդելը մենք կրկնօրինակել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Այս ընդլայնման նպատակն է օգտագործել տեղի երիտասարդության չբացահայտված ներուժը՝ զարգացնելով մի միջավայր, որտեղ երիտասարդները տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ կզարգացնեն հմտությունները և կստեղծեն թվային արտադրանք՝ ի վերջո նպաստելով Սյունիքի մարզի զարգացման ավելի լայն հեռանկարներին։ Հատկանշական է, որ լաբորատորիան բացում ենք Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում ՝ ձևավորելով միջոլորտային համագործակցության ևս մեկ հանգրվան»,- նշեց նա։

Բացման արարողությունը ներառում էր նաև քննարկումներ հրավիրված բանախոսների հետ, ինչպես նաև միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Նորարարության ներուժը Սյունիքում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը հաջորդեց Սյունիքի մարզի երիտասարդների համար նախատեսված աշխատարան: