Ասյա Եսայան. Չհանձնվել ճանապարհի սկզբում, չսպասել արագ արդյունքների, ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից
«Ծրագրավորողի մասնագիտությունն ընտրելու պատճառն արդի, հեռանկարային և բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է ու անընդհատ աճելու և զարգանալու հնարավորությունը»,- ասում է Ասյա Եսայանը, ով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված «Ծրագրավորման հիմունքներ», հետագայում «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացների մասնակիցներից է։
Ասյան Կոտայքի մարզից է, դասընթացի ավարտից հետո աշխատանքի է անցել «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ում։ Նա նշում է՝ դասընթացին ոգևորությամբ է մասնակցել, միակ խոչընդոտը, որին բախվել է գերհագեցած գրաֆիկն էր, քանի որ համատեղում էր համալսարանի դասերի հետ։
Դասընթացի ընթացքում չի բավարարվել միայն լսարանում ստացած գիտելիքով, ուսումնասիրել է ծրագրավորման լեզուներ, կարդացել մի շարք գրքեր, հետևել կոդավորման ժամանակակից պրակտիկային, գրանցվել ծրագրավորման խնդիրներ առաջարկող տարբեր հարթակներում, որոնց միջոցով զարգացրել է ալգորիթմական մտածողություն։
Ասյան պատմում է, որ դասընթացի ընթացքում ունեցել են ինչպես լսարանային, այնպես էլ գործնական աշխատանքներ, որոնց շնորհիվ ինքը կարողացել է ամրապնդել ստացած տեսական գիտելիքները ու տեսնել գրված կոդի արդյունքները։
«Դասընթացի ընթացքում ամենից արդյունավետը «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» (OOP) գաղափարների կիրառությունն էր»։
Նրա խոսքով՝ դասընթացի շնորհիվ ոչ միայն գիտելիք է ձեռք բերել, այլև սովորել ինքնուսուցման մեխանիզմները, ինչպես նաև շփվել նույն գաղափարներով հետաքրքրվող անձանց հետ և ընկերացել։ Ծրագրավորմամբ հետաքրքրվող իր հասակակիցներին էլ խորհուրդ է տալիս անդադար առաջ շարժվել։
«Չհանձնվել ճանապարհի սկզբում, չսպասել արագ արդյունքների, ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից»։
Լուսինե Աբրահամյան․ Հավատացե՛ք Ձեր ուժերին, Ձեր սիրտն ու հոգին ներդրե՛ք սիրելի գործի մեջ
***
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։