«Մի շատ կարևոր գաղափար, որը մենք դնում ենք «Սև արկղում», տարբեր ոլորտների ներկայացուցիչների միասին ստեղծագործելու, համագործակցելու, գիտելիքով ու փորձով կիսվելու պատրաստակամությունն է և ապագա ստեղծելու տեսլականը, որտեղ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ապրել և որտեղ կգտնի «Ինչպե՞ս ենք ուզում ապրել» հարցի պատասխանը»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։    

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) և «GALIQUE Art Space»-ի կողմից ստեղծված«Black Box» միջդիսցիպլինար ինկուբացիոն լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիաների փոխհարաբերության և ոլորտային համագործակցության ուսումնասիրությունը։

Գիտական տարաբնույթ հետազոտություններ իրականացնելու նպատակով «Black Box»-ը համագործակցում է «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի հետ, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների հետ համագործակցությամբ։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն»-ի նպատակն է խթանել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին, առևտրայնացմանը և համախմբելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:

«Black Box»-ում կիրականացվեն ինկուբացիոն ծրագրեր, որոնք միտված են գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջդիսցիպլինար համագործակցությունների խթանմանը։ Լաբորատորիան պարզապես ֆիզիկական տարածք չէ, այլ դինամիկ էկոհամակարգ, որը նախատեսված է բազմաոլորտ գաղափարների ստեղծման, ինչպես նաև ինժեներական գաղափարների, արվեստի նմուշների, գիտական հետազոտությունների և նախատիպերի մշակման համար:

ՁԻՀ ԳՏԿ-ում հիմնված «Black Box» միջդիսցիպլինար ինկուբացիոն լաբորատորիայի բացման միջոցառման շրջանակում ներկայացվեց «Ինչպե՞ս եք ցանկանում ապրել» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որում ցուցադրված էին գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բաքերի և ՁԻՀ ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի աշխատանքները։ Ներկայացվեց նաև Camera Obscura խորագրով պերֆորմանս (հեղինակներ՝ Գուրգեն Գինոսյան,Արմեն Տեր-Մկրտչյան)։

Միջդիսցիպլինար արվեստագետ Գոհար Սարգսյանը ներկայացրեց «Black Box» ինկուբացիոն ծրագրի շրջանակում ստեղծված «Մեդիտացիա 5 տարրերով» հեղինակային նախագիծը, որը բազմամիջոց ինստալացիա է` կազմված լսողական և վիզուալ ինստալացիաներից, և պերֆորմատիվ՝ շոշափելի առարկաներից:

«Նախագիծը հնարավորություն է տալիս մարդկային զգայարանների, հույզերի և ստեղծագործական երևակայության միջոցով կապ ստեղծել բնության հինգ տարրերի հետ։ Նախագծի նպատակն է զարգացնել այցելուների մոտ բնության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը և ստիպել մարդկանց արժևորել բնության տարրերն ու պահպանել դրանք»,- նշեց Գոհար Սարգսյանը։

Oda Talk խորագրի ներքո էլ անցկացվեց միջդիսցիպլինար զրույց-քննարկում՝ գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների ներգրավմամբ, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ոլորտային համագործակցության հնարավորությունը և «Black Box»-ի զարգացման տեսլականը։