Ծանոթացեք Ինեսսա Ադամյանն է։ Նա սովորում էր ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանում, երբ տեղեկացավ Ինժեներական քաղաքի «Ինժեներական դպրոց» ծրագրի մասին ու մասնակցեց ռադիոէլեկտրոնիկայի դասընթացին։

Այս դասընթացին մասնակցությունը հնարավորություն տվեց նրան ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ հնարավորություններ է տալիս Ինժեներական քաղաքը ուսանողներին՝ ապագայում լավ մասնագետ դառնալու համար։ Դասընթացն ավարտելուց հետո Ինեսսան որոշեց ուսումը շարունակել Ինժեներական քաղաքում գործող՝ ՀԱՊՀ-ի «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնում։ Այժմ նա արդեն 3-րդ կուրսի ուսանող է։

Բացի ուսումնական լայն հնարավորությունները, նրա առաջ ԻՔ-ում բացվեց մեկ այլ հնարավորություն ևս․ Ինեսսան մասնակցեց այստեղ գործող «Գրոֆ» ընկերության կազմակերպած չիպերի դիզայնի և վերիֆիկացիայի դասընթացին, և լինելով լավագույններից մեկը՝ ստացավ պրակտիկայի հնարավորություն։ «Գրոֆ»-ում նա մասնագիտացավ և աշխատանքի է անցավ՝ որպես չիպերի դիզայներ։

Ինեսսայի խոսքով՝ թեև սկզբնական շրջանում ընկերությունում ամենակրտսերն էր, կարողացավ կարճ ժամանակահատվածում ընկերանալ բոլորի հետ։ Հարցին, թե  ինչպես է կարողանում համատեղել դասերն ու աշխատանքն, պատասխանում է․ «Եթե աշխատանքդ կապված է քո մասնագիտության և նպատակների հետ, ապա վստահորեն կարող ես համատեղել կրթությունն աշխատանքի հետ: Պրակտիկ գիտելիքների միջոցով սովորելը ևս շատ կարևոր է»։

Նրա նպատակն է դառնալ ավելի լավ ու հմուտ մասնագետ, և համոզված է՝ ճարտարագիտությունը շատ ընդարձակ ոլորտ է, որտեղ հնարավոր է փորձել ուժերը տարբեր ուղղություններով․ «Մարդ եթե նպատակ ունի, պետք է պարտադիր հասնի իր նպատակին»,- խոսքը եզրափակեց Ինեսսան: