Հայաստանը վերջին տարիներին ձգտում է դառնալ նորարարական ինժեներական լուծումների համաշխարհային կենտրոն, և «Ինժեներական քաղաք»-ն այդ ուղղությամբ իրականացվող ամենահավակնոտ նախագծերից մեկն է:

Այսօր կպատմենք «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ YEA Engineering ընկերության մասին, որն արտադրում է բարձրորակ ինժեներական պրոդուկտներ, համակարգեր և լուծումներ:

***

«Հիմա ուղղությունները շատ բազմազան են։ Թիմում աշխատում է շուրջ 45 մասնագետ, չհաշված արտադրական թիմը։ Բոլորն աշխատում են «Ինժեներական քաղաք»-ում, թիմի մոտ 85% ինժեներներ են, ունենք նաև մարքեթինգի, վաճառքի թիմեր»,- նշում է YEA Engineering-ի Բիզնեսի զարգացման գծով մենեջեր Վիգեն Հովհաննիսյանը։

YEA Engineering-ի թիմը

YEA Engineering-ը հաճախորդներ ունի Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ Ներկայում քայլեր են ձեռնարկում այլ շուկաներ մտնելու ուղղությամբ։

«Մենք «Ինժեներական քաղաք»-ի առաջին ընկերություններից ենք եղել։ Ընտրել ենք «Ինժեներական քաղաք»-ը, քանի որ այն շատ մեծ առավելություններ է տալիս՝ սկսած ձևավորված էկոհամակարգից։ Մեզանից բացի այստեղ կան մոտ 20 ինժեներական ընկերություններ, որոնք մշակում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ ավտոմոբիլային արդյունաբերության, 5-րդ սերնդի բջջային կապի,  միկրոսխեմաների զարգացման, միկրոէլեկտրոնիկայի, արդյունաբերական իրերի ինտերնետի (industrial IoT), ռադիոէլեկտրոնային համակարգերի և համալիրների մշակման և այլն։

Շատ հաճախ լինում են նախագծեր, որոնք բարդ են ու բազմաշերտ։ Այդ դեպքում, եթե, օրինակ, մի ընկերություն չի կարողանում այդ ամենն իրականացնել, կարող է համոզված լինել, որ «Ինժեներական քաղաք»-ում կարող է գործընկեր գտնել, որն արտապատվիրման կամ  համատեղ նախագծի միջոցով կօգնի նախագիծը հաջողությամբ իրագործել»,- նշում է Վիգեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ինժեներները, մասնավորապես՝ բարձրակարգ ինժեներները, բավական մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում։ Սակայն շատ երիտասարդներ գերադասում են ավելի արագ զարգացող և աշխատանք գտնելու ավելի շատ հնարավորություններ ունեցող software ոլորտը։ «Ինժեներական քաղաք»-ը փորձում է նպաստել ինժեներական ուղղության զարգացմանը՝ տարբեր կրթական ծրագրերի միջոցով։ Այդ ծրագրերի լավագույն մասնակիցներին էլ YEA Engineering-ը հաճույքով ընդունում է իր մոտ աշխատանքի։

YEA Engineering-ի թիմը

«Ինժեներական քաղաք»-ի լաբորատորիաները հագեցած են նորագույն և բարձրարժեք սարքավորումներով, որոնց ինքնարժեքը բավական բարձր է, ու Վիգեն Հովհաննիսյանի խոսքով՝ բազմաթիվ ընկերություններ ինքնուրույն չեն կարող իրենց թույլ տալ նման գործիքներ ունենալ: Նրա խոսքով, «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտ ընկերություններն ստանում են մի շարք առավելություններ, մասնավորապես՝

  • Անվճար 500 քմ հողատարածք՝ գրասենակի կառուցման համար,
  • Բազմաթիվ համատեղ սարքավորումներ և համատեղ օգտագործման լաբորատորիաներ՝ նոր լուծումներ մշակելու նպատակով,
  • Մասնագիտացված անձնակազմի առկայություն,
  • Գործընկեր ընկերությունների և մասնագետների հզոր համայնք,
  • Անընդհատ իրականացվող նեթվորքինգ միջոցառումներ՝ նոր հնարավորություններ և կապեր բացահայտելու համար։

«Այս պահին դիտարկում ենք այլ երկրներում մասնաճյուղ բացելու հնարավորությունը։ Հիմա մասնաճյուղ ունենք Գերմանիայում։ Մեր ընկերության ապագան տեսնում ենք «Ինժեներական քաղաք»-ում։ Որպես ռեզիդենտ, այս տարածքում արդեն սկսել ենք մեր շենքի կառուցումը»,- նշում է Վիգենը։

Ընկերություններին, որոնք դիտարկում են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտ դառնալու հնարավորությունը, Վիգենը խորհուրդ է տալիս լավ ուսումնասիրել այն առավելությունները, որոնք կարող են ստանալ։

«Խորհուրդ կտամ կապ հաստատեն մեզ հետ, այցելեն «Ինժեներական քաղաք», որպեսզի իրենց աչքով տեսնեն, թե ինչ հնարավորություններ է այն տալիս։ Մենք պատրաստ ենք օգնել, որ առկա հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանան ու որոշում կայացնեն»,- նշում է Վիգեն Հովհաննիսյանը։

***

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության, և մասնավոր գործընկերների համագործակցությամբ և մասնակցությամբ ստեղծվող «Ինժեներական քաղաք»-ը նպատակ ունի խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը, բարձրացնել մրցունակությունը և խթանել աշխատանքի նոր հնարավորությունները։

«Ինժեներական քաղաքում» գործունեություն ծավալելու և Ռեզիդենտի կարգավիճակ ստանալու  պայմաններին և ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։