Ամիսներ առաջ համալսարանական երեք ընկերներ՝ վանաձորաբնակ Գևորգը, Էրիկը և Սարգիսը որոշեցին մասնակցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից (ՁԻՀ) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) իրականացվող «Ինժեներական նախագծում (3D մոդելավորում)» դասընթացին։

Դասընթացի մասին հայտարարությունը լայն տարածում էր գտել Վանաձորում և նույնիսկ ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ գտնվելու ընթացքում 21-ամյա Գևորգը, լսելով դասընթացի մասին, որոշում է դիմել և մասնակցել։ Նրան են միանում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի այլ բաժինների ուսանողներ Էրիկը և Սարգիսը, և ընտրության դժվարին գործընթացներն անցնելուց հետո հաջողությամբ ընդգրկվում 4-ամսյա ծրագրում։ 

Դասընթացի շրջանակում նրանք ուսումնասիրել են 3D մոդելավորում, ինչպես նաև զարգացրել իրենց փափուկ հմտությունները՝ հաղորդակցություն, թիմային աշխատանք։ Հաշվի առնելով դասընթացի շրջանակում գրանցած լավագույն արդյունքները՝ նրանք, դասընթացն ավարտելուն պես, աշխատանքի առաջարկ են ստացել ՎՏԿ-ում գործող հոլանդական ArchiDutch ընկերությունից։ 

Էրիկը կարևորում է դասընթացի բոլոր մասնակիցների համախմբվածությունը, պատասխանատվության բարձր զգացողությունն ու նոր հմտություններ ձեռք բերելու ձգտումը և շեշտում դասընթացավար Շավարշ Ոսկանյանի փոխանցած գիտելիքների կարևորությունը։

Սարգիսը պատմում է․ «Ներկայումս աշխատանքի ընթացքում մոդելավորում ենք արագ կառուցվող առանձնատներ՝ հիմնականում նախատեսված Նիդերլանդների Թագավորության համար։  Մի քանի տարի առաջ անգամ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այսպիսի աշխատանքներում ներգրավվել»։

Ըստ Գևորգի՝ աշխատանք գտնելու գործում կարևոր է ոչ միայն մասնագիտական գիտելիքների առկայությունն, այլ նաև թիմում աշխատելու հմտությունների ձեռքբերումը, և այս գործում մեծ էր իրենց դասընթացավարի դերը։

3 ընկերներն ունեն մեծ նպատակ՝  մասնագիտական հմտությունների, քրտնաջան աշխատանքի ու նպատակասլացության շնորհիվ հետագայում Վանաձորում ստեղծել սեփական ընկերությունը։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։