«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) 2023թ. գործունեության առանցքային կետերից մեկը «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի ամփոփումն էր, որն իրականացնում էր Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ճապոնիայի կառավարության աջակցությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի ու «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն էր տալիս կանանց սկսելու և զարգացնելու իրենց բիզնեսը, ավելացնելու եկամուտներ, ստեղծելու աշխատատեղեր, ներգրավելու ֆինանսավորում և նպաստելու Հայաստանի տնտեսական աճին:

Ծրագիրն իրականացվել է 2 փուլով։ Ընտրված մասնակիցները բաժանվել են բարձր և միջին ներդրումային պատրաստվածության խմբերի: Ծրագրի երկու փուլերն ավարտել են 99 մասնակիցներ Երևանից, Տավուշից, Արագածոտնից, Արարատից, Լոռիից, Վայոց Ձորից, Շիրակից և Արցախից։ Մասնակիցների բիզնեսների գործունեության ոլորտներն են արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիա, healthtech, ՏՏ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, կրթություն, արտադրություն և սպասարկում:

Ծրագրի բաղադիրիչները

Ծրագրի իրականացման մոդելը մշակվել է` հաշվի առնելով արդեն իսկ մշակված հաջողության պատմությունները, թե ինչպես ներգրավել և խրախուսել կին ձեռներեցներին հաջողության հասնել Հայաստանում և աշխարհում, եթե նրանց տրվեն թիրախավորված հմտություններ, մենթորություն և ճիշտ ուղղորդում: Առցանց մոդուլների և օֆլայն խմբային դասընթացների, խմբային մենթորությունների, աշխատարանների և փորձառու դասընթացավարների տեխնիկական խորհրդատվության միջոցով շահառուները ձեռք են բերել գործնական հմտություններ և գիտելիքներ՝ բարելավելու իրենց բիզնես և ֆինանսական մոդելները, բարձրացնելու ներդրումային պատրաստվածության մակարդակը և փափուկ հմտությունները, մշակելու ֆոդնհայթայթման ռազմավարություններ և գործնական ներկայացումներ (pitch decks):

Համաշխարհային ճանաչում ունեցող մենթորների հետ անհատական մենթորության և քոուչինգ հանդիպումների միջոցով ծրագիրն աջակցել է կանանց պատկանող բիզնեսներին՝ մշակելու լայնածավալ և առևտրային առումով կենսունակ արտադրանքի առաջարկներ և ձեռք բերել աճի համար անհրաժեշտ կապիտալ: Ծրագիրը նաև ներառել մի շարք նեթվորքինգային և գործնական ներկայացումների միջոցառումներ՝ հավանական գործընկերների և ներդրողների հետ կապեր ստեղծելու և միջազգային աքսելերացիոն ծրագրերին և ներդրողներին հասանելիություն ապահովելու համար:

Ծրագրի ավարտին, ամփոփելով արդյունքները, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է. «Այս ծրագիրն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր նախագծերում, քանի որ մենք ձգտում ենք ստեղծել կին ձեռներեցների հատուկ թիրախային խումբ: Մեր ուշադրության կենտրոնում է նրանց ընկերությունների առաջխաղացումը և աջակցության տրամադրումը նորարարության և տեխնոլոգիաների ոլորտներում: Մեզ համար կարևոր է ստեղծել նորարարական մտածողության համար բարենպաստ միջավայր և  մենք կարևորում ենք հաջողակ կին ձեռներեցների և մեր մասնակիցների միջև համագործակցությունը: Այս երկարաժամկետ ծրագիրը մարդկանց համայնք է ստեղծում, որտեղ նրանք միասին աշխատում են կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար նորարարական լուծումներ ստեղծելու համար»:

Ծրագրի արդյունքները

Ծրագրի 2-րդ փուլի ավարտից հետո 82 մասնակիցների շրջանակում անցկացվել է հարցում։ Ըստ հարցման՝ մասնակիցների 90%-ն ստացած գիտելիքներն արդյունավետորեն կիրառում է բիզնեսում,  շուրջ 30%-ը գրանցել է եկամտի աճ: Մասնակից ընկերություններում ստեղծվել է 73 նոր աշխատատեղ, իսկ 18 ընկերություններ ներգրավվել են ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։

Հաջողության պատմություններ

Յանա Ազնավուրը Endometrics ընկերության գործադիր տնօրենն ու հիմնադիրն է։ Ընկերությունը հեղափոխական առաջխաղացում է մշակում էնդոմետրիոզի ախտորոշման բնագավառում։ Յանան պատմում է, որ բախվել է բիզնեսի ոլորտում փորձի բացակայության խնդրին, չնայած մեծ փորձ ուներ որպես կլինիկական խորհրդատու և առողջապահական գիտաշխատող։ Ծրագրին մասնակցելն օգնել է Յանային ձեռք բերել գիտելիքներ ֆինանսական կառավարման, գործնական ներկայացումների մշակման և ռազմավարական ներդրումների ոլորտներում: Այս փորձը նրան հնարավորություն է տվել վստահորեն կողմնորոշվել բիզնես միջավայրում և արդյունքում Endometrics-ը ներգրավել է ներդրումներ ու ստացել դրամաշնորհներ: Ֆինանսական ձեռքբերումներից բացի Յանայի նոր գիտելիքները բարձրացրել են Endometrics-ի մատուցած ծառայությունների որակը` ինչի շնորհիվ ընկերությունը զգալի քայլեր է ձեռնարկում օգնելու էնդոմետրիոզով հիվանդ կանանց:

Չինար Մովսիսյանը հիմնադրել է AI մոդելների վարքագծի կանխատեսումներ իրականացնող manot հարթակը՝ խթանելու անվտանգ արհեստական ​​ինտելեկտի արտադրանքի համաշխարհային զարգացումը` միաժամանակ առաջնահերթություն տալով մարդկանց անվտանգությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի նվազեցմանը: Թիրախավորելով ԱՄՆ շուկան՝ ստարտափը բախվել է միջազգային առաջխաղացման համար ճիշտ կապեր ձեռք բերելու մարտահրավերներին։  Ծրագրի շնորհիվ manot-ը կապ է հաստատել եվրոպացի և ամերիկացի ներդրողների հետ՝ ստանալով արժեքավոր տեղեկություններ շուկայի աճի վերաբերյալ: Սան Ֆրանցիսկոյից մենթորն օգնել է բարելավել Չինարի հաղորդակցման և փիչինգի հմտությունները՝ խթանելով ձեռնարկատիրական մտածելակերպը, որը կարևոր է համաշխարհային շուկայում հաջողության հասնելու համար: Բացի այդ, ծրագիրը զգալի ազդեցություն է ունեցել manot-ի վրա՝ ընդլայնելով ստարտափի կապերը բարեհաջող սաղմնային փուլի համար և նախապատրաստելով ապագա զարգացման համար:

Կին ձեռներեցները, մասնակցելով ՄՖԿ-ի «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին, ունեին տարբեր տեսլականներ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ զարգացնելով հմությունները ավելացնել եկամուտները, ստեղծել աշխատատեղեր և ներգրավել ֆինանսավորում։ Ծրագիրն արդարացրեց ակնկալվող պատկերացումներն ու հնարավորություն տվեց մասնակիցներին իրենց ձեռնարկությունները նոր բարձունքների հասցնել: