Բարի գալուստ ինժեներության աշխարհ։ Եկեք միասին քայլենք նորարությամբ և բացահայտումներով լի «Ինժեներական քաղաքում»։ Այստեղ՝ «Ինժեներական քաղաքում», սիրով կներկայացնենք մեր ժամանակակից արտադրամասը, որտեղ դուք կարող եք անմիջականորեն ականատես լինել արտադրանքի հիմքում ընկած մանրակրկիտ վարպետությանը: Նորագույն մեքենաներից մինչև հմուտ ինժեներներ սա այն վայրն է, որտեղ կյանքի են կոչվում գաղափարները: Կարող եք այցելել EC-ում տեղակայված 2 թանգարանները՝ «Տիեզերքի թանգարանը» և «Գիտության և տեխնիկայի թանգարանը», ծանոթանալ եզակի ցուցանմուշների։ «Ինժեներական քաղաքում» շրջայցի ընթացքում կծանոթանաք գործող մի շարք ընկերությունների հետ, հնարավորություն կունենաք ձևավորելու համագործակցության նոր կապեր։ Կծանոթանաք նաև շուկայի պահանջներին համապատասխան կրթություն ապահովող բազում ծրագրերի՝ նախատեսված ինչպես դպրոցականների, այնպես էլ իրենց մասնագիտության մեջ կայացած փորձառու ինժեներների համար։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի շուրջ 22-ամյա գործունեության ընթացքում առաջնահերթ նպատակն է եղել մշտապես զարգացնել տեխնոլոգիական արդյունաբերությունը՝  փորձելով ու բացահայտելով տարբեր մոդելներ ապագայի զարգացման և առաջընթացի համար։

Այս առաքելության մեջ իր կարևոր դերն ունի նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը։ «Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության և մասնավոր հատվածի  կազմակերպությունների համագործակցությամբ և աջակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ՝ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։

«Ինժեներական քաղաք» ծրագրի առաջին փուլի շինարարությունն ավարտվել է 2019թ-ին, և այժմ արդեն սկսվել է երկրորդ փուլի շինարարությունը (մասնավորապես Ինժեներական աքսելերատորի շենքը), որը նախատեսվում է ավարտել 2025թ-ին։

Այս պահին «Ինժեներական քաղաք»-ում գործում են շուրջ 2 տասնյակ ինժեներական ընկերություններ, այդ թվում՝ նաև միջազգային ճանաչում ունեցող, օրինակ՝ ԱՄՆ ամենահեղինակավոր ինժեներական ընկերություններից National Instruments-ը, որն արդեն Emerson- ընկերության մասն է, և դրանց թիվը գնալով ավելանում է։ «Ինժեներական քաղաքում» այս պահին աշխատում են 300-ից ավելի մասնագետներ, ովքեր գործունեություն են ծավալում այնպիսի  զարգացող ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլային արդյունաբերությունը, 6-րդ սերնդի բջջային կապը, Էլեկտրոնիկան, միկրոէլոկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը (IndustrialIoT), ռադիոէլեկտրոնային համակարգերը և համալիրները, ավիատիեզերական արդյունաբերությունը, կենսաբժշկական ճարտարագիտությունը և այլն։ «Ինժեներական քաղաք»-ում առկա ծառայություններից օգտվում են ոչ միայն տարածքում տեղակայված ընկերությունները, այլ նաև ոլորտին առնչվող այլ կազմակերպություններ և մասնագետներ ևս։

Ծրագիրն ուրույն դերակատարություն ունի նաև բուհ-արդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական և արտադրական, տեսական ու գործնական գիտելիքների հզոր պաշարով ինժեներական  համայնք։

«Ինժեներական քաղաքում» իրականացվում է «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բակալավրի ծրագիրը, նորաստեղծ «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը։ Կարևոր է նաև 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար նախատեսված «Բագրևանդ 21» ծրագիրը, ինչպես նաև «Ինժեներական դասընթացներ ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագիրը, որի ընթացքում ավագ դպրոցի աշակերտները սովորում են ռադիոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն, ավիամոդելավորում, մեխատրոնիկա, և ստանում ապագա մասնագիտության ճիշտ ընտրության հնարավորություն։

Միայն 2023թ-ին այս դասընթացներին ներգրավվել են ավագ դպրոցի ավելի քան 200 աշակերտներ։ Զուգահեռ իրականացվում են նաև բազվաթիվ դասընթացներ ինժերական ոլորտի մի շարք ուղղություններով՝ տարեկան ավելի քան  300 ուսանողների, ոլորտի մասնագետների և հետազոտողների համար։

Այստեղ է գործում գերժամանակակից, նորագույն սարքավորումներով համալրված արտադրամաս, որտեղ իրականացվում են երկու տեսակի ինժեներական ծառայություններ՝ մեխանիկական և էլեկտորնիկայի։ Ինչպես նաև առկա լաբորատորիաներում իրականացվում են բազմաթիվ հետազոտական աշխատանքներ։

«Ինժեներական քաղաքում» իր բացառիկ դերն ունի նաև Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնումը, որը շուտով կբացի իր դռները ոլորտով հետաքրքրված մասնագետների, ընկերությունների համար։ Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական (HPC) սարքավորումների, ամպային տեխնոլոգիաների, մեծ տվյալների, լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

«Ինժեներական քաղաքում» գործում են «Տիեզերքի թանգարանը» և «Գիտության և տեխնիկայի թանգարանը»։ Թանգարանների այցելուների թիվը տարեկան ավելի քան 2000 է՝ հիմնականում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներ, ուսանողներ, ինժեներներ, հետազոտողներ,  պաշտոնական պատվիրակություններ: Այս ամենն, իհարկե, իր դրական և կարևոր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանում ապրող նոր սերնդի վրա, քանի որ ծրագիրը ոչ միայն տնտեսական հզոր ազդեցություն է թողնում, այլև խթանում է նորարարության զարգացումը, գիտելիքի փոխանակումը և հասարակության առաջընթացը: