2023 թվականի հուլիսից մինչ օրս շուրջ 1000 երիտասարդներ միացել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Ալիք երիտասարդական նախաձեռնությանը, որը նպատակ ունի ձևավորել որոշումներ կայացնող, փոփոխություններ կերտող գիտակից սերունդ, որն ապրում և արարում է իր երազած Հայաստանում։

Նախաձեռնության նպատակն է բացահայտել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից 12-ից 29 տարեկան երիտասարդների ներուժն ու հետաքրքրությունները և ստեղծել միջավայր (ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափերով)` ինքնակազմակերպման և ինքնարտահայտման համար։ Այսօր կպատմենք Ալիքի ակտիվ կամավորներ Նարեկ Ղևոնդյանի և Մերի Զաքարյանի մասին։ 

Նարեկ Ղևոնդյան. Սիրում եմ Ալիքի արժեքները, որոնք ազգային մտածողություն են ձևավորում

«Կամավորությունը մեզ տալիս է ծանոթությունների շատ մեծ շրջանակ, որը կյանքում կարող ես ճիշտ օգտագործել՝ բազմաթիվ հաջողությունների հասնելու համար»,- նշում է Արմավիրից 22 ամյա ապագա ծրագրավորող Նարեկ Ղևոնդյանը, ով Ալիքի Մեդիա ակումբի կամավորներից է։

ՀԱՊՀ-ի ուսանող Նարեկը այս պահին կրթական ծրագրով սովորում է Սինոփսիս Արմենիայում։

«Մասնագիտությամբ Software engineer եմ։ Միևնույն ժամանակ, ծառայում եմ Հայ առաքելական եկեղեցում։ Աշխատում եմ Class 31 ուսումնական կենտրոնում՝ որպես ծրագրավորման բազային հիմունքների դասընթացավար, քանի որ շատ եմ սիրում դասավանդել ու իմ գիտելիքները փոխանցել ուրիշներին։ Ազատ ժամանակ սիրում եմ գրքեր կարդալ, ֆուտբոլ խաղալ»։

Նարեկը նշում է, որ Ալիքի Մեդիա ակումբն ուղղակի ակումբ չէ, այն ընտանիք է։ «Ալիքում ամենաշատը սիրում եմ «Ալիք»-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ալիքի արժեքները, որոնք ազգային մտածողություն են ձևավորում մարդկանց մեջ։ Այստեղ բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել, լավ մարդկանց հետ ծանոթացել»։

Նարեկը Ալիքն ասոցացնում է արևի հետ։

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց նոր ծանոթությունների ու կամավորության: Ալիքի մասին խոսում եմ ամենուր, բոլոր հարմար առիթների ժամանակ պատմում եմ Ալիքի մասին»։

Մերի Զաքարյան. «Ալիքում գործում է «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը»

«Սիրահարված եմ հայրենիքիս և այդ սերը փորձում եմ հագեցնել՝ ճանապարհորդելով սեփական երկրում և այն նորովի ճանաչելով»,- նշում է Աբովյան քաղաքից ապագա բիոինժեներ Մերի Զաքարյանը։ 

Արվեստի և հատկապես պարի սիրահար Մերին իրեն չի պատկերացնում առանց մաթեմատիկայի, այդ պատճառով էլ ընտրել է ծրագրավորումը, որտեղ կարող է օգտագործել իր մաթեմատիկական տրամաբանությունը:

«Ներկայումս սովորում եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետում: Ալիքի մասին տեղեկացել եմ, երբ մասնակցում էի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի վեբ ծրագրավորման ճամբարին: Անցած տարվա օգոստոսին մասնակցելով Ալիքի «Ուշացած Վարդավառ» ամենամյա կրթական ճամբարին, ամբողջական կարծիք կազմեցի Ալիքի գործունեության մասին և դարձա նախաձեռնության անդամ»։

Ի դեպ, «Ուշացած Վարդավառ» կրթական ճամբարը կայանալու է նաև այս տարի։ Այն տևելու է 5 օր, որին նախագծերով մասնակցելու են նաև Արցախից ու Սփյուռքից մասնակիցներ։  Մասնակցության հայտը հասանելի է այստեղ։

Ալիքում կամավորությունը Մերիին տվել է տարբեր ոլորտներում փորձառություն, ՀՀ ողջ տարածքից ընկերներ, ինչպես նաև ինքնավստահություն:

«Ալիքին միանալուց հետո ընդլայնվել է աշխարհայացքս, սկսել եմ հավատալ նրան, որ միասնական ուժերով կարելի է հասնել ցանկացած նպատակի, սկսել եմ ավելի կարևորել թիմային աշխատանքը»։

Մերին Ալիքի ծրագրավորման ակումբից է: Ակումբի շրջանակներում կազմակերպում են հետաքրքիր հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկում են ՏՏ ոլորտի տարբեր թեմաներ, կիսվում են փորձով և առկա խնդիրների լուծման համար տեխնիկական լուծումներ են որոնում։

«Ալիքը երիտասարդությանը մեծ հնարավորություն է տալիս՝ զարգանալու և զարգացնելու Հայաստանը: Այստեղ առաջնային են այն արժեքները, որոնք մարդկային հարաբերությունների և հետագայում մարդու հաջողության հիմքն են»,- ասում է նա։

Մերին նշում է, որ Ալիքում ամենաշատը սիրում է ալիքցիներին։ «Նրանք մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր անհատականություններ են, որոնք ցանկացած հարցում պատրաստ են օգնել յուրաքանչյուրին: Եվ, որ գլխավորն է, մեզ մոտ գործում է «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը»։

Ալիքը Մերին ասոցացնում է լույսի, հավատի և պայքարի հետ: «Ալիքը նմանեցնում եմ փյունիկ թռչունին, քանի որ ալիքցիները կարող են լինել այն շարժիչ ուժերից մեկը, որը կօգնի մեր երկրին վերածնվել մոխիրներից և փայլել»,- հավելում է Մերին։

***

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Ալիք երիտասարդական նախաձեռնությունը երիտասարդներին առաջարկում է միանալ հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ակումբների, ձեռք բերել նոր ծանոթություններ՝ ՀՀ տարբեր մարզերից, ստանալ կամավորության փորձ, առաջնորդել և կիսվել իրենց լավագույն փորձառությամբ։ Այդ ամենին զուգահեռ, երիտասարդները՝ լինելով կրողն այն կարևորագույն արժեքների, ինչպիսիք են ազնվությունը և արդարությունը, քաջությունն ու նախաձեռնողականությունը, համառությունը, պատասխանատվությունը և հոգատարությունը, իրենց համայնքներում տարածում են այդ արժեքները՝ ձևավորելով ակումբներ և իրականացնելով միջոցառումներ։

Ներկայումս գործում են թվով 10 ակումբներ՝ անգլերեն, ծրագրավորում, մեդիա, ոչ ֆորմալ կրթություն, տիեզերքի բացահայտողներ, արհեստական բանականություն, խաղերի ստեղծում, գրքասերներ, օլիմպիկո, ստարտափ և ձեռներեցություն։