Գայանե Թումանյան. «Այնքա՜ն անելիք կա Վանաձորում»
Այսօր կներկայացնենք «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտ Գայանե Թումանյանի պատմությունը:
Գայանեն մասնակցում է Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված «C#/.NET ծրագրավորման» դասընթացին։ Նրա համար սա կարիերայի չորրորդ ոլորտն է։
«Զբոսաշրջությունն առաջինն էր»,- ասում է Գայանեն։ «Աշխատել եմ որպես տուր- մենեջեր, իսկ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան եմ։ Հիմա ես մայր եմ, ուստի երեխաներին մեծացնելը երրորդ մասնագիտացումն է»։
28-ամյա Գայանեն, ավելացնելով ծրագրավորումը մասնագիտությունների իր ցուցակում, այժմ մտածում է, թե հատկապես որ ոլորտում հաստատվի։
Նարեկ Աղբալյան. «Կարևոր է լավ սովորել և արդյունքում մրցունակ լինել աշխատաշուկայում»
«Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «C#/․NET ծրագրավորման» դասընթացի մասին իմացա ընկերներիցս․ վայրը շատ հայտնի է վանաձորցի երիտասարդների շրջանում, և բոլորը ցանկանում են սովորել կենտրոնում»,- նշում է Գայանեն։
Նա պատմում է, որ գրանցվել է հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետից անմիջապես առաջ և շատ արագ հրապուրվել դասընթացով: «Դա նման էր երաժշտական ստեղծագործության»,- համեմատում է Գայանեն:
«Իրականությունը գերազանցեց իմ ակնկալիքները»։ Գայանեն դեռ շարունակում է ուսուցումը, իսկ ծրագրավորման հանդեպ սերը գնալով աճում է: Նրա խոսքով, ինքը եկել է ՎՏԿ՝ մտածելով, որ ծրագրավորումը ձանձրալի գրասենյակային աշխատանք է լինելու, և գործընթացի կրեատիվ բնույթն իրեն իսկապես զարմացրել է։ «Այն, որ դու իրականում ինչ-որ բան ես ստեղծում, շատ մոտիվացնող է»,- ավելացնում է Գայանեն:
Էլեն Մաշակարյան. «Պետք է օգտագործենք գոյություն ունեցող հնարավորությունները»
Նա խիստ ոգևորված է իր մասնագիտությունների և պարտականությունների բազմազանությամբ։ «Այնքան էներգիա ունեմ, ճիշտն ասած՝ հազիվ եմ հասցնում ամբողջությամբ սպառել»,- խոստովանում է Գայանեն։ Այժմ, երբ նրա երեխաները դպրոց են հաճախում և առավել ինքնուրույն են, նա ավելի շատ ազատ ժամանակ ունի ինքնազարգացման համար։
«Բարեբախտաբար, ամուսինս և իմ ընտանիքը շատ են աջակցում, ուստի ժամանակ ունեմ սովորելու և կարիերա սկսելու»,- ընդգծում է Գայանեն, ով մայրացել է բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում, ուստի կարիերան և ընտանիքը համատեղելը նրա համար սովորական գործ է:
«Ամուսնանալուց հետո Երևանից տեղափոխվել եմ Վանաձոր։ Ես սիրում եմ այս քաղաքը, մթնոլորտն ու մարդկանց և մտադիր եմ մոտ ապագայում մնալ և աշխատել այստեղ: Այս պահին ընտանիքս այլ վայր տեղափոխվելու որևէ ծրագիր չունի», — նշում է Գայանեն։ Նրա կարծիքով, յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր սիրելի աշխատանքը։ «Աշխատանքիդ մասին մտածելիս պիտի աչքերդ փայլեն, արթնանաս ոգևորված ու շտապես աշխատանքի, — ավելացնում է Գայանեն: «Այդպես է հնարավոր հասնել լավագույն արդյունքների»:
ՎՏԿ-ում անցկացվող դասընթացը նրա առաջին քայլն էր դեպի ծրագրավորում: Գայանեի խոսքով, այդ ընթացքում ինքը և մյուս մասնակիցները սովորել են այնքան, որքան կսովորեին տարիներով, եթե որոշեին դա ինքնուրույն անել։
«Մեր դասընթացավարը՝ Սերգեյը, երբեք չի հանձնվում։ Նա բացատրում է ամեն ինչ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, մենք մշտապես քնարկում ենք պրոցեսը և գրում ծրագրեր: Մենք՝ վանաձորցի երիտասարդներս, սովորելու մեծ ցանկություն ունենք։ Պետք է լինեն ավելի շատ միջոցառումներ, ավելի շատ հնարավորություններ։ Իրազեկումը խնդիր է, քանի որ շատ երիտասարդներ և ուսանողներ չգիտեն, թե ինչ հնարավորություններ արդեն կան: Մենք չպետք է հույսը դնենք ընկերների և ծանոթների միջոցով այդ տեղեկատվությունը ստանալու վրա: Լավ կլինի նաև ավելի շատ երիտասարդներ ներգրավել միջոցառումների կազմակերպման գործում»,- նշում է Գայանեն։
Նրա խորհուրդն է Վանաձորի մյուս երիտասարդներին՝ գտնել ինքնարտահայտման ուրույն միջոց և այդ ներուժն ուղղել հայրենի քաղաքը, հայրենի մարզը զարգացնելուն: «Մենք պետք է մեր մտածելակերպը փոխենք. դադարենք մտածել, որ միայն Երևանում ավելի լավ կյանք կա և սկսենք մտածել, թե ի՞նչ կարող ենք անել, կառուցել, կազմակերպել այստեղ»,- նշում է Գայանեն։
Նրա խոսքով, Վանաձորում մշակութային և բիզնես առումով շատ բան կա ուսումնասիրելու և ստեղծելու։ Գայանեի կարծիքով, գլխավորը չհուսահատվելն է, երբ ինչ-որ բան չի ստացվում, այլ շարունակել առաջ շարժվել և ցույց տալ Վանաձորի հնարավորությունների բազմազանությունը ցանկացած հնարավոր միջոցով․ լինի դա արվեստ կամ քայլարշավ։
Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 15-29 տարեկան 10,000 երիտասարդների զինել աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով՝ այնպես, որ վերջիններս ավելի մրցունակ դառնան և ունենան ավելի լավ աշխատանքային հնարավորություններ: Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ բացահայտելու կարիքները և աջակցելու վերապատրաստման գործընթացին: