Այսօր Ձեզ ենք ներկայացնում Նարեկ Աղբալյանի պատմությունը, ով մասնակցել է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և OmniCode ընկերության կողմից համատեղ կազմակերպված PHP/Laravel դասընթացին։

20-ամյա Նարեկը 2022թ-ի ապրիլին զորացրվել է բանակից. «Իմ հետաքրքրությունները համակարգչային և ՏՏ ոլորտներն են: ՎՏԿ-ում անցկացվող այս դասընթացի մասին տեղեկացա կենտրոնի ֆեյսբուքյան էջից և, իրականում, երկրորդ անգամ եմ դիմում»,- ասաց Նարեկը։

Նախորդ անգամ էլ նա հաջողությամբ հաղթահարեց հարցազրույցի փուլը, սակայն անձնական պատճառներով չկարողացավ մասնակցել: «Այժմ հաջողությամբ ավարտել եմ դասընթացն ու OmniCode ընկերությունում անցել վճարովի պրակտիկայի»,- հավելեց նա։

Էլեն Մաշակարյան. «Պետք է օգտագործենք գոյություն ունեցող հնարավորությունները»

Նարեկի խոսքով, ինքն ի սկզբանե շատ մոտիվացված է եղել. «Ուզում եմ լավ մասնագետ լինել և լավ կատարել այն աշխատանքը, որը սիրում եմ. դա ծրագրավորումն է»,- բացատրեց Նարեկը:

Նա իր ապագան տեսնում է հատկապես Վեբ ծրագրավորման մեջ, թեև դեռ չի որոշել, թե կոնկրետ որտեղ է աշխատելու։ «Ինձ համար կարևոր է երեք տարում մասնագիտական ​​կարողությունների որոշակի մակարդակի հասնելը: Դեռ չեմ մտածում, թե որ ընկերությունում կամ որ քաղաքում եմ աշխատելու»,- հավելեց Նարեկը։

Վանաձորը Նարեկի հայրենի քաղաքն է, ուստի, եթե չնախատեսված իրավիճակ չլինի, նա քիչ հավանական է համարում այլ վայր տեղափոխությունը։ 

Նարինե Ալեքսանյան. «Կարևոր է ունենալ հնարավորություններ և կարողանալ աջակցել համայնքիդ զարգացմանը»

Ինչպես Ծրագրի շրջանակում ՎՏԿ կողմից կազմակերպված դասընթացների մյուս մասնակիցները, Նարեկը նույնպես ցանկանում է աջակցել Վանաձորի երիտասարդներին՝ կարիերայի ընտրության հարցում:

«Երբ մարդիկ իմանում են, որ ես մասնակցում եմ ՎՏԿ-ում անցկացվող դասընթացին, սկսում են հարցեր տալ առկա հնարավորությունների, դասընթացների բազմազանության և դիմելու ընթացակարգերի վերաբերյալ: Կան ինչպես տարիքով ինձանից փոքր, այնպես էլ մեծ մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում իրենց ապագա մասնագիտության հարցում: Նրանք գիտեն, որ ՏՏ ոլորտն արագ է զարգանում, ուստի հետաքրքրված են տեխնոլոգիական և տեխնիկական գիտելիքներով և կարիերայի հնարավորություններով: Ես միշտ պատասխանում եմ բոլոր հետաքրքրվողների հարցերին, հետևում եմ նոր դասընթացների՝ դրանց մասին լուրերը տարածելու համար»,- ասաց Նարեկը։

Անդրադառնալով դասընթացի ընթացքում ստացած գիտելիքին՝ Նարեկը կարևորեց Ծրագրի առաքելությունը։ Նրա խոսքով՝ մասնագետների պատրաստումը հենց այն է, ինչը գրավել է իր ուշադրությունը։ «Լավ աշխատանք գտնելը, աշխատաշուկայում մրցունակ լինելը շատ կարևոր է։ Դա իմ լավ սովորելու խթանն է»,- ասաց Նարեկը։

«Իմ խորհուրդն է՝ շարունակե՛ք զարգացնել Ձեր կարողություններն ու հմտությունները, քայլե՛ք ժամանակին համընթաց»,- հավելեց Նարեկը։

Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 15-29 տարեկան 10,000 երիտասարդների զինել աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով՝ այնպես, որ վերջիններս ավելի մրցունակ դառնան և ունենան ավելի լավ աշխատանքային հնարավորություններ: Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ բացահայտելու կարիքները և աջակցելու վերապատրաստման գործընթացին: