Ինժեներական շաբաթ 2023-ը վերադառնում է յոթերորդ անգամ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների աշխարհում 2017 թվականին սկսվեց մի ուշագրավ ճանապարհորդություն:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 2017-ին մեկնարկած «Ինժեներական կոնֆերանս-ցուցահանդեսը» հիմք դրեց նրան, ինչն այսօր հայտնի է «Հայաստան՝ ինժեներական շաբաթ» անվանմամբ: Ինժեներական շաբաթն ավելին է, քան պարզապես ամենամյա կոնֆերանսը։ Այն գիտական տոն է, գիտելիքների ու փորձի փոխանակման հարթակ՝ նախատեսված համախմբելու ոլորտի փորձագետներին, հետազոտողներին, ուսանողներին և նրանց, ովքեր հետաքրքրված են ճարտարագիտության ոլորտով:
2019. Հզոր մեկնարկ
2019 թվականին եռօրյա միջոցառումը ներառում էր գիտության և տեխնոլոգիաների նորագույն թեմաներով շնորհանդեսներ և սեմինարներ, ինչպես նաև ցուցահանդես, որտեղ հայկական և արտասահմանյան բազմաթիվ կազմակերպություններ ցուցադրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: Միջոցառումը մեկնարկեց մայրաքաղաք Երևանում և ավարտվեց Վանաձորում՝ ցուցահանդեսով և պանելային քննարկումներով, որոնք կենտրոնացած էին Հայաստանի ճարտարագիտական ապագայի և Վանաձորում բիզնեսի զարգացման հնարավորությունների վրա: Մեկնարկային շարքը նշանակալի հետք թողեց փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրմամբ՝ նվիրված տեխնոլոգիական զարգացմանն ու համագործակցությանը:
Այս համաձայնագրերի թվում ՁԻՀ-ը համագործակցություն սկսեց Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ, իսկ Ճարտարագիտական ասոցիացիան ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի հետ:
Վերանայելով հաջողությունը. Հայաստան-Ինժեներական շաբաթի վերադարձը 2021թ.
2021 թվականի հոկտեմբերին «Հայաստանի ինժեներական շաբաթ»-ը վերադարձավ՝ շարունակելով Հայաստանի ինժեներական ներուժը զարգացնելու իր առաքելությունը: Միջոցառման առաջին օրը նվիրված էր ճարտարագիտությունից դեպի բարձր տեխնոլոգիական արտադրություն անցման ներկայացմանը։ Միջոցառումը եզրափակվեց մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության եռակողմ հուշագրի ստորագրմամբ՝ ՁԻՀ-ի, Ինժեներական ասոցիացիայի և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի միջև:
Երկրորդ օրը ներկաները հնարավորություն ունեցան բացահայտելու հայկական ընկերությունների և ինժեներական թիմերի վերջին ինժեներական ձեռքբերումները, որոնք ցուցադրվեցին ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակներում: Միջոցառումների շարքն ավարտվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
“Armenia — Engineering Week 2021” explores industry-science relations in VTC on Day 3
2022. Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունն ու արվեստը
2022 թվականին միջոցառումների շարքն անցկացվեց «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։ Շաբաթը ներառում էր ավելի քան 25 թեմատիկ զրույց և քննարկումներ՝ հավաքելով ոլորտի առաջնորդներին և մասնագետներին, ուսանողներին, հետազոտողներին և նրանց, ովքեր հետաքրքրված են ճարտարագիտությամբ և տեխնոլոգիայով:
«Մենք աշխատում ենք Հայաստանի՝ որպես ինժեներական կենտրոնի, նորարարության և ժամանակակից լուծումներ արտադրող երկրի տեսլականի ուղղությամբ։ Ինժեներական ոլորտի համաշխարհային առաջատարները համալիր լուծումներ են գտնում Հայաստանում։ Ի վերջո, տեխնոլոգիական և ինժեներական զարգացման խթանը հենց մարդն է: Իսկ Հայաստանում ապրում ու աշխատում են բազմաթիվ ստեղծագործ մարդիկ, որոնց շնորհիվ մենք կարող ենք մեր երկիրը առաջատար դարձնել ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում։ «Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ը ցուցադրում է ոլորտի ձեռքբերումները, հարթակ է ծառայում նոր ներուժ ներգրավելու համար և կապեր է ստեղծում մասնագետների միջև»,- նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի խոսքով, Ինժեներական շաբաթը ինժեներական ոլորտի առաջխաղացումից անցում է կատարել դեպի արտադրական և այլ կարևոր համակարգեր: Միջոցառումների շարքի մարտահրավերների և ձգտումների թարմացումն արտացոլվել է ինժեներական ցուցահանդեսի, սեմինարների, ճարտարագիտության և արվեստի մասին դասախոսությունների համար ընտրված թեմաներում:
2023. Վերադարձ 7-րդ անգամ
Նոյեմբերի 24-ին, 25-ին և 26-ին «Հայաստան — Ճարտարագիտական շաբաթը» վերադառնում է 7-րդ անգամ՝ նորից ուշադրությունը կենտրոնացնելով միջոլորտային համագործակցության վրա: Միջոցառումների շարքը ձգտում է ներկայացնել ճարտարագիտության վերջին ձեռքբերումները, նպաստել ինժեներական համայնքի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունը: Խրախուսվում է ոլորտի փորձառու մասնագետների, հետաքրքրասեր ուսանողների և ճարտարագիտության, արվեստի կամ տեխնոլոգիաների ոլորտներում հետազոտություն իրականացնող մասնագետների մասնակցությունը: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել այստեղ:
Ինժեներական շաբաթը կանցկացվի 3 օր շարունակ: Այս տարի միջոցառումները կանցկացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում և Ինժեներական քաղաքում։ Ինժեներական շաբաթվա ավանդույթին համապատասխան՝ ամփոփիչ միջոցառումները կանցկացվեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Միջոցառման օրակարգին և բանախոսներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՁԻՀ-ը «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2023»-ը կազմակերպելիս համագործակցում է պետական և մասնավոր, տեղական և միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ, որոնց թվում են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, PMI Science R&D Center Armenia-ն և National Instruments-ը։
Կհանդիպենք նոյեմբերին: