«Դասընթացի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դիմեցի, անցա թեստավորման և հարցազրույցի փուլերը և սկսեցի մասնակցել»,- ասում է Գարիկ Հարությունյանն, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» և հիմնադրամի  և Ինժեներական ասոցիացիայի կողմից կազմակերպված Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի  6-ամսյա «Մեխատրոնիկա» դասընթացին։

Նրա հետ դասընթացին մասնակցել է նաև համակուրսեցի Վահան Պողոսյանը։ «Մեխատրոնիկա» 6 ամսյա դասընթացը հիմնականում գործնական աշխատանքներից է բաղկացած եղել, և մասնակիցները հնարավորություն են ունեցել պատրաստելու  ռոբոտ-մանիպուլյատոր, ապա  հետևել աշխատանքներին։

«Տպավորիչ էին նախագծման  աշխատանքները և այն գաղտնիքները, որոնք դասընթացի ընթացքում սովորել ենք։ Մեխատրոնիկի համար կարևոր է ճիշտ չափումներ անել, մասշտաբները պահել։ Առաջին հայացքից կարող է շատ հեշտ թվալ այս ամենը, բայց կան մանրամասներ, որոնք պետք է հաշվի առնել»,- ասում է 18-ամյա Գարիկ Հարությունյանը։

Մեխատրոնիկայում գծագրության դերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելիս՝ Վահանն էլ նշում է, որ եթե գծագիրը թերություններ ունենա, ապա արտադրանքը չի ստացվի․

«Գծագրերում  ամեն ինչ պետք է պարզ ու հստակ լինի, որ դետալն արտադրության հանձնելիս՝ որևէ խնդիր չառաջանա։ Պետք է գծագիրը կողմնորոշված լինի տարածության մեջ, և գծագրողն ամբողջությամբ պատկերացնի՝ ինչ է ակնկալում ստանալ»,- ասում է Վահան Պողոսյանը։

Երիտասարդները նշում են՝ դասընթացի ընթացքում իրենց ուժերը փորձել են տարբեր առաջադրանքներ անելով՝ տարբեր ուղղություններում։ Գոհունակությամբ խոսում են նաև դասընթացավար Ռոման Նովոսյոլովի ի մասին, կարևորելով նրա կողմից դասընթացի յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցումը, և դասընթացները հետաքրքիր անցկացնելու միտումները։

Գարիկն ու Վահանը դասընթացին մասնակցելու ընթացքում տեղեկացել են, որ «Ինժեներական քաղաք»-ում գործող արտադրամասում առկա է թափուր հաստիք՝ տպասալերի ավտոմատացված հավաքման հոսքագծի օպերատոր, և ցանկության դեպքում կարող են դասընթացին զուգահեռ մասնակցել նաև արտադրական պրակտիկայի։ Երիտասարդներն ավարտել են պրակտիկան և աշխատանքի անցել։

Դասընթացն ու աշխատանքային պրակտիկան նրանց համար կարևոր դեր են ունեցել նաև նեղ մասնագիտական կողմնորոշման համար։  Ոլորտի վերաբերյալ զրույցի ընթացքում շեշտում են, որ այն դինամիկ զարգացող է, անդադար նոր բաներ են ի հայտ գալիս, և սովորելու շատ բան ունեն։

«Մենք դեռ սկզբում ենք, պետք է ուսումասիրել արտադրական գործընթացը, լինել տեղեկացված նորարարությունների, առավելությունների, ինչպես նաև թերությունների ու խնդիրների մասին»,- ասում է Վահանը։ Վերջինիս խոսքով՝ միայն աշխատելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև անընդհատ ինքնակրթվել,  ուսումնասիրել ոլորտը։

Վահանը հետաքրքրված է տպասալերի նախագծումով, դիզայնով և ցանկություն ունի շարունակել նեղ մասնագիտացումն այդ ուղղությամբ, բայց շատ կարևորում է արտադրամասում և արտադրական բուն գործընթացքում աշխատելու այս բացառիկ հնարավորությունը։ Նրա խոսքով՝  արտադրական գործընթացի ընթացքում սովորածը հնարավորություն կտա նրանց կողմից հետագայում նախագծվող դետալներում ամեն ինչ մանրամասն հաշվարկել ու գծագրել․ «Երբ արդեն մեր տպասալը կուղարկենք արտադրության, խնդիրներ չեն առաջանա, որովհետև արդեն իսկ խնդիրները լուծված կուղարկենք»,- ասում է Վահանը (ժպտում է)։

Գարիկի խոսքով էլ՝ ճիշտ է, մասնագիտությունն ընտրել է, բայց դեռ վստահ չէ՝ որ ուղղությամբ առաջ կշարժվի։ Մի բանում միայն երիտասարդները վստահ են՝ երբեք չպետք է կանգ առնել, պետք է անընդհատ առաջ գնալ․ «Եթե ինչ-որ բան համառությամբ շարունակում ես անել, հասնում ես արդյունքի»,- զրույցն ամփոփում  է Գարիկը։