«Տեղեկացանք, որ «Ինժեներական քաղաք»-ում մեկնարկել է  «Մեխատրոնիկա» ուղղույթամբ նոր դասընթաց և միանգամից որոշեցինք գրանցվել»,- ասում է Գևորգ Ստեփանյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի 6-ամսյա դասընթացին։

Գրանցվելուց, հարցազրույցի և թեստավորման փուլերը հաղթահարելուց հետո Գևորգ Ստեփանյանն ու Գրիգոր Միրզոյանը սկսել են հաճախել դասերի, որի ընթացքում պետք է պատրաստեին 2 մատուցող ռոբոտ-մանիպուլյատոր․ «Ռոբոտներից մեկը պետք է շշից բաժակի մեջ հեղուկ լցներ, իսկ մյուսը պետք է բաժակները փոխանցեր հյուրերին»,- ասում է Գրիգորը։ Ռոբոտ-մանիպուլյատորի ստեղծման աշխատանքները սկսել են նախագծից․ «Նախագծման փուլը շատ կարևոր է, պետք է լինել շատ ուշադիր, անգամ միլիմետրի թերացումը կանգնեցնում է ամբողջ գործընթացը»,- ասում է Գևորգը, իսկ Գրիգորն էլ շարունակելով ընկերոջ խոսքը՝ հավելում, որ սա արդի մասնագիտություններից մեկն է, որն օգտագործվում է մի շարք բնագավառներում` ինչպիսիք են ռոբոտաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, սպառողական էլեկտրոնիկան, էներգետիկ համակարգերը, բժշկական սարքավորումները և այլն:

Գրիգորն այս մասնագիտությամբ հետաքրքրվել է դեռ փոքր տարիքից, հիշում է՝ ինչպես է պատասխանել հաճախ տրվող այն հարցին, «թե մեծանաս ի՞նչ ես դառնալու»․ «Միշտ պատասխանում էի՝ խաղալիք սարքող։ Դեռ փոքր էի, բայց քանդում էի իմ խաղալիք մեքենաները՝ հասկանալու՝ ինչպես են աշխատում, ինչ մեխանիզմ ունեն»,- հիշում է նա։ Դպրոցական տարիներին սկսել է ուսումնասիրել ծրագրավորման տարբեր լեզուներ, ստացել բազային գիտելիք, սակայն հասկացել է՝ այն ամբողջությամբ չի բավարարում իր հետաքրքրությունները․

«Ծրագրավորման դեպքում հիմնականում աշխատում ես կոդերի հետ, իսկ այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս նախագծել, ծրագրավորել, ստանալ պատրաստի, շոշափելի պրոդուկտ․ շատ հետաքրքիր գործընթաց է»,- հավելում է Գրիգորը։

6-ամսյա դասընթացն ավարտելուց հետո երիտասարդները պրակտիկայի են անցել ԻՔ-ում գործող «Երևան աերոսփեյս ինժիներինգ» ընկերությունում, պատրաստում են գյուղատնտեսության մեջ կիրառվող ԱԹՍ-ներ։

«Դրոնները պատրաստելիս ևս աշխատանքն սկսում ենք նախագծելուց, հետո կաղապարն ենք սարքում, ընտրում դիզայնը, աշխատում էլեկտրոնիկայի հետ»,- իրենց աշխատանքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում Գևորգը։

Երիտասարդները կարևորում են, որ նման պրակտիկան հնարավորություն է տվել տեսական գիտելիքները վերածելու գործնականի, այդ գործում օգնել են ԻՔ-ում առկա արտադրամասն ու այնտեղ կիրառվող ժամանակակից  սարքավորումները։

Դասընթացին ստացած գիտելիքներով երիտասարդները մասնակցել են նաև Armenian Engineers and Scientists of America (AESA)-ի կողմից կազմակերպած Գիտական օլիմպիադային և ներկայացել իրենց ստեղծած «Ռոբոտ օգնական» նախագծով։ 

Գրիգոր Միրզոյանի խոսքով՝ առաջընթացի և նպատակներին հասնելու համար ամենից կարևորն ինքնակրթվելն է․

«Այսօր մենք լայն հնարավորություններ ունենք ցանկացած հարցի վերաբերյալ ինֆորմացիա ստանալ ընդամենը րոպեների ընթացքում, ուղղակի պետք է սովորել, առաջ գնալ ու հնարավոր բոլոր տեղերից գիտելիք ստանալ»,- խոսքը եզրափակում է նա։

Երիտասարդների խոսքով՝  «Երևան աերոսփեյս ինժիներինգ» ընկերությունում մենթոր Գևորգ Առաքելյանն օգնում է իրենց հասկանալու ինժեներական ոլորտի գաղտնիքները, մանսագիտական հմտություններ է փոխանցում, ինչն իրենց օգնում է կատարելագործվել և առաջ գնալ։

Գևորգն ու Գրիգորն առաջիկա ամսվա ընթացքում աշխատանքի կանցնեն «Ինժեներական քաղաքում»։