«Որոշեցի սովորել ծրագրավորում,  քանի որ հետաքրքրված էի  տեխնոլոգիաներով և  խնդիրներ լուծելու հնարավորություններով»,- ասում է Արման Ասլանյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված 6-ամսյա Վեբ ծրագրավորման ճամբարին։

Ծրագրավորման ճամբարի մասին խոսելիս՝ Արմանն ասում է, որ վեբ ծրագրավորումն անմիջապես գրավել է ուշադրությունը բազմակողմանիության շնորհիվ։

«Ճամբարը սկսելու իմ նպատակը ծրագրավորման վերաբերյալ հիմնավոր գիտելիք ձեռք բերելն ու վեբ կայքերի մշակման գործնական հմտությունները զարգացնելն էր: Իմ ցանկությունն է եղել տիրապետել և՛ front-end, և՛ back-end ծրագրավորմանը, այս ճանապարհը որոշեցի սկսել front-end-ից»:

Տավուշցի երիտասարդի խոսքով՝ 6 ամիս տևողությամբ ճամբարը ներկայացնում էր խորացված և հագեցած դասընթացների շարք, դասախոսը բանիմաց և հմուտ մասնագետ էր, ով ճամբարի ընթացքում տրամադրում էր հստակ բացատրություններ և ուղղորդումներ: Ճամբարը հետաքրքիր և մոտիվացնող են դարձրել գործնական նախագծերը, որոնց շնորհիվ մասնակիցները կարողացել են ամրապնդել ձեռք բերած հմտությունները, ինչպես նաև իրականացրած խմբային նախագծերը հնարավորություն են տվել աշխատել թիմերով՝ միասին հաղթահարելով «կոդավորման մարտահրավերները»։

The story of Aram Babayan’s non-surrender

«Ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք նաև վեբ կայքերի մշակման նորագույն գործիքներ, տեխնոլոգիաներ: Զարգացող միտումների և ոլորտի լավագույն փորձի մասին սովորելը մեզ մոտիվացված և ոգևորված պահեց ծրագրավորման անընդհատ զարգացող աշխարհում»,- նշեց Արմանը։

Դասընթացն ավարտելով՝ Արմանը կանգ չի առել, կարևորել է շարունակական ուսուցումը և այլ հմտություններ ևս ձեռք բերել, այնուհետև անցել 2-ամսյա պրակտիկա,  որն էլ հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է աշխատանքի առաջարկ։

From the training course on Engineering Design (3D Modeling) to a job

Երիտասարդը կարևորում է անձնական մոտիվացիան և առաջ շարժվելու մեծ ձգտումը։ Համադրելով թե՛ դասընթացից ստացած գիտելիքը, թե՛ աշխատավայրում ձեռք բերած հմտությունները՝ Արմանն արդեն վստահորեն ասում է, որ կարող է ստեղծել լավ կառուցված և գրավիչ վեբ էջեր՝ օգտագործելով HTML և CSS ծրագրավորման լեզուները: Բայց նա կանգ չի առնում և շարունակում է սովորել ու ձեռք բերել նոր հմտություններ։ «Օրինակ՝ React-ը դարձել է իմ հմտությունների հիմնական մասը՝ հնարավորություն տալով ինձ զարգացնել ժամանակակից, արդյունավետ և մասշտաբային վեբ հավելվածներ: Օգտագործելով JavaScript-ը՝ ես կարող եմ ստեղծել դինամիկ և ինտերակտիվ գործառույթներ: Ճամբարն ինձ ծանոթացրեց նաև JavaScript հզոր գրադարանի հետ»,- նշեց նա:

Արման Ասլանյանը կարևորում է նաև նմանատիպ դասընթացների, ճամբարների անցկացումը, իսկ իր հասակակիցներին խորհուրդ է տալիս անդադար առաջ շարժվել՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն․ «Սկսելով սովորել ծրագրավորում, հիշեք, որ դա շարունակական ուսումնական ճամփորդություն է, որտեղ մարտահրավերները ծառայում են որպես անձնական և մասնագիտական աճի հնարավորություն»: 

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։